Ադրբեջանի նախագահի նախկին թեկնածուն կոչ է արել երկրում ռուսական զորքեր տեղակայել` անկախությունը պահպանելու պայմանով

2Ադրբեջանի “Միացյալ ազգային ճակատ” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Հուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ անավարտ պատերազմի պայմաններում գտնվող Ադրբեջանը պետք է դաշնակիցներ փնտրի, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

“Ռուսաստանի ռազմական ներխուժումը Վրաստան 2008թ. օգոստոսին մեծ հարված է հասցրել Ղարաբաղի հակամարտության` ռազմական ճանապարհով կարգավորելու հնարավորությանը։ Դրանից հետո կտրուկ ավելացել է Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ագրեսիայի հնարավորությունը։ Մեզ ոչինչ չի մնում անելու, քան հետևել գործընթացներին կողքից”,- ասել է նա։

Հասանգուլիևը նշել է, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը, իր տարածքում տեղակայել է նրա ռազմաբազաները։ “Իսկ ո՞վ է կանգնած Ադրբեջանի թիկունքում։ Միայն Թուրքիան։ Այն Թուրքիան, որի նախկին նախագահ Էլչիբեյը պատերազմի տարիներին չի կարողացել երկու ուղղաթիռ ձեռք բերել` Քելբաջարից (Քարվաճառ) փախստականներին էվակուացնելու համար: Այն Թուրքիան, որը Ղարաբաղյան պատերազմի տարիներին Եվրամիության ճնշման տակ սնունդ է մատակարարել Հայաստանին։ Մեր դաշնակիցն անկախ պետություն չէ՝ բառի ուղիղ իմաստով, և նրա գործողությունները կախված են ԵՄ-ի և ԱՄՆ-ի քաղաքականությունից։ Այդ պատճառով էլ մենք առանձնապես չպետք է հույս դնենք այս դաշնակցի վրա”,- հայտարարել է Հասանգուլիևը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, եթե նույնիսկ շատ ցանկանա։ “Եվ հարցը հենց Ղարաբաղյան հակամարտության մեջ է։ Թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, Ղրիմի հարցում աջակցում է նրա գործողություններին, միջազգային հանրությունը, միևնույնն է, նրա կողմից է Ղարաբաղյան հակամարտության խնդրում։ Ադրբեջանը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ում գոյություն ունի այսքան ուժեղ հայկական սփյուռք”,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Պատգամավորը կոչ է արել կարգավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և նույնիսկ իր տարածքում տեղակայել նրա ռազմաբազաները։ “Ստեղծված իրավիճակում մեզ մնում է միայն մեկ բան՝ ընդհանուր լեզու գտնել Ռուսաստանի հետ։ Պետք է ապահովել նրա շահերը տարածաշրջանում, համաձայնեցնել նրա հետ մեր նավթագազային քաղաքականությունը, և եթե անհրաժեշտ լինի, ապա վաճառել գազը հենց նրան։ Եթե անհրաժեշտ լինի, պետք է նույնիսկ մեր տարածքում տեղակայել նրա ռազմաբազաները։ Մի խոսքով՝ պետք է գնալ ցանկացած զիջումների՝ անկախությունը պահպանելու պայմանով”,- ասել է Հուդրաթ Հասանգուլիևը։

Անկախ

Tags: