«Հ.Պողոսյանը խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը» և ազգային մշակույթը…»

1184870_618748261498820_685661602_n

«Ակունք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի խորոց սրտի՝ խոսք ընդ հին ու նոր ՀՀ Մշակույթի նախարարին,

Պատճենը՝ ՀՀ Նախագահին.

Մշակույթը հայ փոքրաթիվ ժողովրդի ինքնահաստատման զորավոր զենքերից մեկն է և այն ոչ միայն պետք է գտնվի պետական հոգածության, այլև՝ պետական հսկողության տակ, ինչպես օդի ու ջրի մաքրության պահպանման խնդիրները:

Այսօր ՖԲ-ի իմ ընկեր Լևոն Դռնոյանի պատին կարդացի-<Հայ երգի համար արգելք չկա> գրառումը:
Իմ ընկերը լավատես է, անուղղելի լավատես: Կուզենայի այդպես լիներ, բայց բերեմ չոր փաստեր՝ հայ երգի կրողներից մեկի՝ «Ակունք» ազգագրական համույթի անտերության մասին:

«Ակունք» ազգագրական համույթը հիմնել է բանասիրական գիտությունների թեկնածու, երաժշտագետ Մարո Մուրադյանը՝ հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի դուստրը,1975-1976 թ-ին:

1981թ-ին ազգային ոգու զարթոնքի հարցում անուրանալի դերակատարում ունեցած Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանը <Ակունքը> դարձնում է պետական խումբ, նշանակում պլանավորված ձայնագրություններ ու հեռուստաելույթներ, որի շնորհիվ կարճ ժամանակահատվածում համույթը դառնում է բազմաթիվ խմբերի ստեղծման խթանն ու դրոշակակիրը: Այն ժամանակների համար նրա համարձակ և ազգային մշակութային քաղաքականության շնորհիվ, մոռացության ու կորստի վտանգից փրկվում են ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր:
Սակայն 2001թ-ին, Հանրային ռադիոյի և հեռուստատեսության վերակազմավորման ժամանակ, վերագրանցելու պայմանով լուծարվում են ռադիոյի բոլոր երաժշտական կոլեկտիվները, այդ թվում նաև «Ակունքը»,  սակայն ի տարբերություն մյուսների՝ «Ակունքն» այլևս չի վերականգնվում: Առ այսօր:

Պետական կարգավիճակի վերականգնման վերաբերյալ ՀՀ վարչապետին, ՀՀ մշակույթի նախարարին, Հանրային ռոդիոյի տնօրենին գրված խնդրագրերը, անգամ ՀՀ նախագահի առաջին տիկին Ռ.Սարգսյանին գրված միջնորդագրերը արդյունք չեն տվել: Կարգավիճակի վերականգնումը խմբի համար ինքնանպատակ չէ. ազգագրական բազմաթիվ նմուշներ չեն գրառվում, ֆոնդավորվում՝ այդ նպատակի համար անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով /մշտական փորձասրահ, համույթի անդամների գոնե նվազագույն վարձատրություն, ձայնագրման ու տեսագրման ծախսեր/:

Մոռացության և կորստի վտանգի տակ են համույթի կողմից ամբարած ազգագրական բազմաթիվ ծեսեր, երգեր, պարեր ու պարերգեր, իսկ գրառված եզակի ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի նախագահ Ա.Ամիրյանի բարեսրտության և աջակցության շնորհիվ, այնինչ զավեշտական է ու անտրամաբանական, որ ազգային մշակույթի նվաճումներով հպարտացող երկիրը չունենա պետական գոնե մեկ ժողովրդական-ազգագրական անսամբլ։

Բարեբախտություն է, որ մշակութային արժեքների այս ոլորտի պահպանման առաքելությունն ուսերին վերցրած հայ երգի նվիրյալները չեն կոտրվում դժվարություններից և գոյատևում են ամբարածն ամեն գնով պահպանելու, սերունդներին փոխանցելու մեծ նվիրվածության շնորհիվ: Բայց մինչև երբ:

Շատ նախագահներ, կառավարություններ ու մշակույթի նախարարներ են եկել-գնացել:
Արդյունքում՝ մշտական փորձատեղ ունենալն անգամ այսօր համույթի համար դարձել է գերխնդիր:

Վերջաբան.
Մի մեջբերում արևմտաեվրոպական ականավոր վիպասան, Նոբելյան մրցանակակիր Հայնրիխ Բյոլի <Բիլյարդ ինն անց կեսին> գրքից.
Հայնրիխ Ֆեմելը փառաբանված ճարտարապետ է, նա շատ շինություններ ու կամուջներ է կառուցել: 30 տարի անց այն օրից, որ նա կառուցել է Սուրբ Անտոնիոսի աբբայությունը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից երեք օր առաջ, նրա որդի Ռոբերտ Ֆեմելին, որ սակրավորական զորքերի սպա էր, պայթեցնում է հոր կառուցած կամուրջներն ու աբբայությունը:
Ծննդյան ութսունամյակի օրը, ի մի բերելով իր կյանքի հանրագումարը, նա իրեն սնանկացած է զգում և երիտասարդ սերնդին կոչ է անում թքել իր շիրմաքարի վրա:
Վերջերգ.
2011թ-ին <Մեցցո> համերգասրահում կայացավ Ստեփան Պողոսյանի մեծարման երեկո, որում, հոբելյարի ցանկությամբ հրավիրվել էր նաև Ակունք համույթը: Ամենայն հավանականությամբ՝ նա ցանկացել էր համոզվել. ապրում է արդյոք այն մշակույթը, որի համար, ինչպես Կոմիտասն է ասել՝ ինքը մեռավ: Համույթն, այդ օրն, անշուշտ, իր երախտիքի խոսքն ասաց, և, ցավոք, իր ելույթն այդ մեծ մարդու համար դարձավ վերջերգ:
Ահա այդ օրը, ինչպես Հայնրիխ Ֆեմելը և նրա որդի Ռոբերտ Ֆեմելը, կողք-կողքի նստած էին հայրը և նրա աղջիկը՝ հայ մշակույթի նախարար Հ.Պողոսյանը, որ խորը թաղեց իր իսկ հոր ստեղծած «Ակունքը»  և ազգային մշակույթը՝ 2006թ-ից առ այսօր»:

 

Անկախ

Tags: , ,