Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության հեռանկարներն աշխարհաքաղաքական հակադիր (ՄՄ-ԵՄ) դիրքորոշումների պայմաններում

ալիկ Էրոյանց  «Վրաստանի գործող իշխանությունները շարունակում են ԵՄ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու նախորդ իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսը և այս ուղղությամբ շարունակում են ակտիվ քայլեր ձեռնարկել: Թեև Վրաստանի ներսում կան բազմաթիվ  խնդիրներ, ներքաղաքական կյանքը շարունակում է անկայուն մնալ, այսուհանդերձ, Վրաստանի`Եվրոպական ինտեգրացման հարցում նախկին և ներկա իշխանությունները համակարծիք են: Իսկ Հայաստանը` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, անցյալ տարի սեպտեմբերին հայտարարեց, որ պատրաստվում է անդամակցել Մաքսային Միությանը: Այս գործընթացներն  ավարտին չեն հասցվել, այսինքն` Հայասատանը դեռ չի դարձել ՄՄ անդամ և Վրաստանը դեռևս նախաստորագրել է Ասոցացման համաձայնագիրը և դրա վերջնական ստորագրումը նախանշված է հունիսին»,-այս մասին լրագրողներին հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:

Ըստ վրացագետի`Արևմուտքը շահագրգռված է, որ Վրաստանը որքան հնարավոր  է շուտ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը. սա կապված է նաև ուկրաինական իրարձությունների շուրջ զարգացումների հետ, քանի որ Ուկրաինան հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, իսկ Վրաստանն ու Մոլդովան բռնել են այդ համաձայնագիրը հնարավորիս շուտ ստորագրելու ուղին:

Խոսելով Հայաստանի՝ Մաքսային միությանն  ինտեգրվելու, իսկ Վրաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում Հայստան-Վրաստան հարաբերությունների հնարավոր դասավորվածության վերաբերյալ՝  վրացագետը նշեց. «Իհարկե, նոր իրավիճակ կլինի. լիովին հակադիր համաձայնագրեր ստորագրած` ՄՄ անդամ և Եվրոպական ասոցացման պայմանագիր կնքած Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում  որոշակի հակասություններ կլինեն` հակադիր պայմանագրերի դրույթներով պայմանավորված, օրինակ ապրանքաշրջանառության, առևտրի ոլորտներում, սակայն ընդհանուր առմամբ փաստել, որ   ՀՀ-ի կամ Վրաստանի տնտեսությանը  սա կարող է լուրջ վնաս հասցնել, չենք կարող: Երկկողմ համագործակցությունը, կարծում եմ, կմեղմի հնարավոր խնդիրները»:

Վրացագետը կանխատեսեց, որ հնարավոր է որոշ ապրանքներ թանկանան, որոշները՝ հակառակը:  «Սա կախված է նրանից, թե ինչ դրույթներ կկիրառվեն, ինչ համաձայնությունների կգան երկու երկրները»,-նշեց վրացագետը:

Մեկնաբանելով այսօր Թբիլիսիում «Թբիլիսյան գագաթաժողով-2014»-ի շրջանակներում տնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի հարցերի քննարկմանն ուղղված Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը` Էրոյանցը փաստեց. «Գաղտնիք չէ, որ Սահակաշվիլիի նախագահության օրոք այս 3 երկրների միջև համագործակցությունն ընդլայնվեց՝ տնտեսական, էներգետիկ խնդիրների լուծման համատեքստում, քանի որ Վրաստանը դեռևս չի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ և այս փուլում, չնայած որոշ տարաձայնություններին, այսպես թե այնպես, Վրաստանը ստիպված է շարունակել որդեգրած բարձր մակարդակի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ»:

Tags: , , , ,