Նոր վարչապետը ջանք չի խնայում, բայց «Դեմ եմ»-ը խայծը կուլ չի տալիս

Դեմ եմՉնայած կառավարության` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալված լարվածությունը թուլացնելու ջանքերին՝ դրան ընդդիմացող զանգվածը, մասնավորապես` «Դեմ եմ» շարժումը, չի պատրաստվում դիրքերը զիջել: Ավելին, շարժման ակտիվիստներն այլևս չեն ցանկանում գնալ իշխանությունների հետ համագործակցության, քանի դեռ չեն կատարվել իրենց հիմնական պահանջները:

Ազգային ժողով ներկայացված նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը կասեցնել օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձանց ազատել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից, չի փարատում գլխավոր մտահոգությունը: Ի վերջո, այս օրենքի ընդունումից հետո աշխատողները պարտադիր վճարումներ կատարելո՞ւ են, թե՞ ոչ, կարո՞ղ է աշխատողը գործատուին արգելել իր փոխարեն պարտադիր բաղադրիչը վճարել: Հայտնի չէ նաև, թե նրանք, ովքեր արդեն այդ գումարները փոխանցել են, հետագայում այդ գումարները հետ ստանալո±ւ են, թե± ոչ, եթե սեպտեմբերի 30-ից հետո պարտադիր բաղադրիչը կասեցվի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանում հայտարարել է, որ այս նախագիծն ընդհանուր քննարկման դաշտ ստեղծելու առաջին քայլն է: Աժ հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հավելել է, որ կառավարությունը նախատեսում է հնարավորինս շուտ ամբողջական օրենսդրական փաթեթը բերել Ազգային ժողով, որպեսզի հարցը վերջնականապես փակվի: «Հայ դատի և Արցախի հարցերից հետո, վերջին, ամենաշատ քննարկվող հարցը Հայաստանի Հանրապետությունում սա է: Էս հարցին մենք պետք է գոնե լուծում տանք, որովհետև սա մեզանից  է կախված, ուրիշներից կախված չի»,- ասել է Հակոբյանը:

Այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է մշակել ամբողջական օրենսդրական փաթեթ՝ ընդունելի բոլոր կողմերի համար: Նախագծի լրամշակմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այլև հասարակական սեկտորին, մասնավորապես` «Դեմ եմ»-ի ակտիվիստներին: Վերջիններս, սակայն, չեն պատրաստվում մասնակցել այդ գործընթացին:

Mane Tandilyan«Մենք հստակ պատասխանել ենք, որ նման հրավերները ֆիկտիվ են այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել մարդկանց խաթարված իրավունքները,  նրանցից ապօրինաբար գանձվել են գումարներ և ընտրվել ֆոնդեր՝ խախտելով սահմանադրական իրավունքները: Իսկ նոր օրենքի մշակմանը կարելի է մասնակցել, եթե հավատ ունես, որ կառավարությունն իսկապես փորձում է ժողովրդի շահերից բխող օրենք մշակել, ինչը փաստ չէ, եթե հաշվի առնենք, թե ինչպես են նրանք վերաբերվում մարդկանց սահմանադրական իրավունքները վերականգնելուն ուղղված մեր պահանջներին, որոնք պետք է ներառվեին 76-րդ հոդվածը կասեցնելու նախագծի մեջ»,-«Անկախի» հետ զրույցում ասաց շարժման ակտիվիստ Մանե Թանդիլյանը:

Եվ մինչ կառավարությունը փորձում է ընդհանուր լուծումներ գտնել օրենսդրական փաթեթի շուրջ, «Դեմ եմ»-ը չի թուլացնում զգոնությունը և մայիսի 8-ին պատրաստվում է դուրս գալ «Պահանջի երթի»՝ կոչ անելով բոլոր նրանց, ովքեր դեմ են «պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականացվող գրպանահատությանը»` միանալ իրենց:

«Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:

Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»,- նշված է «Դեմ եմ»-ի տարածած հայտարարության մեջ:

Մայիսի 5-ին շարժման ակտիվիստներն անցկացրեցին իրազեկման ակցիա՝ «Մենք դեմ ենք փուչիկ խոստումներին», «Պահանջի’ր, որ ձեռքերը հանեն քո գրպանից» և այլ բովանդակությամբ թռուցիկներ բաժանելով քաղաքացիներին:

Դավիթ ՄանուկյանՇարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. Քանի դեռ այսօր խախտվում ու ոտնահարվում են մեր իրավունքները, մենք չենք կարող նոր օրենքի մշակման գործընթացի մասին մտածել»:

Ակտիվիստը հիշեցնում է իրենց հիմնական պահանջները.

1.         Օր առաջ բոլոր գործատուներին (անկախ նրանից՝ գործատուն փոխհատուցել է իր աշխատողների պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարը, թե ոչ) պատշաճ կերպով ծանուցել կառավարության  հստակ ու առանց ենթատեքստերի պաշտոնական դիրքորոշման մասին առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ կարելի է գանձել միայն այն աշխատակիցներից, որոնք գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին:

2.         Համապատասխան  իրավական  ակտով  կասեցնել  ՙԿուտակային  կենսաթոշակների  մասին՚  ՀՀ  օրենքի  76-րդ  հոդվածի  դրույթների  գործողությունը։

3.         Համապատասխան իրավական ակտով փոփոխություններ կատարել եկամտային հարկի մասով ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրա•րային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը։

4.         Ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, որոնք գրավոր ցանկություն են հայտնել մասնակցելու ներկայիս համակարգին, իսկ նրանց համար, ովքեր գրավոր կերպով այդ կամքը չեն հայտնել, դադարեցնել ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարչի ընտրությունն ու չեղարկել նրանց համար մինչ օրս ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի` ֆոնդերի ու ֆոնդերի կառավարիչների ավտոմատ եղանակով ընտրության ապօրինի գործողությունները։

5.         Համապատասխան իրավական ակտով ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը։

«Եվ սա պահանջում ենք իրականացնել ոչ թե բառախաղով, այլ իրականում ու անհապաղ, ոչ թե մասամբ, այլ ամբողջովին, քանի որ սրանք ոչ միայն հանրային պահանջ են, այլև Սահմանադրական դատարանի որոշման պահանջ»,- հավելում է ակտիվիստը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նույնպես հրավիրել են մասնակցելու օրենսդրական փաթեթի լրամշակման աշխատանքներին, և իրենք անպայման իրենց առաջարկներն են ներկայացնելու: Գլխավոր սկզբունքը  լինելու է այն, որ պարտադիր բաղադրիչը հանվի:

Իր հերթին այս ամենից փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել խորհրդարանական քառյակը, որի օրակարգը սպառվել էր վարչապետի հրաժարականի պահանջի տապալումից հետո: Պարտադիր կենսաթոշակային համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունները «հրաշալի քառյակի» վերջին հնարավորությունն են համագործակցության ընդհանուր օրակարգ ձևավորելու համար, քանի որ, ինչպես երևում է, այլ հրաժարականների պահանջի շուրջ նրանք պատրաստ չեն համագործակցելու:

Իսկ մայիսի 12-ին խորհրդարանում նախատեսվում է անցկացնել արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվի նաև կենսաթոշակայինի մասին նոր օրենքի նախագիծը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Tags: , ,