Որքան հարուստ է մարդու սեռական կյանքը, այնքան նա շատ գումար է վաստակում:
Գերմանացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ սեռական կանոնավոր կյանքն ու հաջողությունը սերտորեն փոխկապված են: Մասնագետներն այդ երևույթը բացատրում են նրանով, որ եթե օրգաններից մեկն ակտիվ է աշխատում, վերին կիսագունդը նույնպես ակտիվ է: Հետազոտությունը կատարվել է 26-50 տարեկան անձանց շրջանում, և պարզվել է, որ նրանք, ովքեր շաբաթը չորս անգամ սեռական հարաբերություն են ունենում` մոտ 5-15 տոկոսով ավելի շատ են վաստակում, քան նրանք, ովքեր սեռապես ակտիվ չեն: Իսկ սեռական կյանքի բացակայության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այդ անձինք մոտ 3-20 տոկոսով ավելի քիչ են վաստակում, քան սեռապես ակտիվները:
Պարզվում է՝ այդ մասին խոսվել է նաև մեկ դար առաջ, բայց կարծիքները հակասական են եղել: Առաջ պնդում էին, որ կարիերա ունեցող, հարուստ կանայք չեն կարող միաժամանակ հարուստ սեռական կյանք ունենալ, քանի որ նրանց կենսաէներգիան սահմանափակ է: Այսօր ևս կան մարդիկ, որոնք նույն կերպ են մտածում: Բայց ամերիկացի սեքսոլոգները պնդում են, որ դա ճիշտ չէ, գլխապտույտ հաջողությունը սերտ կապված է հարուստ սեռական կյանքի հետ:
Սոցիոլոգ Ա. Մասլոուի «Պահանջմունքների բրգի» համաձայն, մինչ հաջողության և ինքնակատարելագործման հասնելը, մարդը պետք է բավարարի առաջնային պահանջմունքները (սնունդ, ջուր, քուն, շնչառություն, արտաթորանք, սեռական հարաբերություն): Եթե դրանց հերթականությունը խախտվում է` մարդը դժվարությամբ է հասնում բարձունքի ու հաջողության: Այդ կարծիքին է նաև սեքսոլոգ Յուլյա Վառան, որի կարծիքով` սեռական ակտիվ կյանք ունեցողները հաջողության հասնելու, շատ գումար վաստակելու, փայլելու, մարդկանց դուր գալու և կապեր հաստատելու ավելի լայն հնարավորություններ ունեն: «Այնպես որ, գումար վաստակեք և ձեր սեռական կյանքը կվերադասավորվի», – եզրափակել է մասնագետը:
Գիտնականներն այդ փաստը բացատրում են նրանով, որ սեռական էներգիան ուղղվում է ստեղծագործական կողմ: Եվ եթե մարդիկ կարողանան լիբիդոն՝ սեռական էներգիան, ուղղել այլ կողմ՝ սուբլիմացնելով այն, կարող են ապրել և ստեղծագործել: Բայց և այնպես, կայուն սեռական կյանք ունեցողներն ավելի առողջ են, ինքնավստահ, ավելի քիչ են տառապում շաքարախտով, նևրոզներով, դեպրեսիայով և այլ հիվանդություններով:
Նապոլեոն Հիլլի «Մտածիր և հարստացիր» գրքում նշված է, որ սեռական ցանկությունը մարդու կյանքում ամենահզոր ուժն է: «Մղված այդ ցանկությունից` մարդու երևակայությունը հասնում է գագաթնակետի, նա դառնում է ավելի քաջ, համառ և ինքնավստահ: Սերն ու կիրքը մարդուն կարող են տանել անհավանական բարձունքի»: Մյուս կողմից` կան մշակույթներ, երկրներ, որտեղ սեքսի մասին խոսելն ամոթ է:
Լոնդոնի Քինգ քոլեջի մասնագետների հավաստիացմամբ, սեռական կյանքը կապված է նաև խելացիության հետ: Խելացի կանայք, որոնք նախանձելի կարիերա ունեն, կարող են պարծենալ սեռական հարուստ կյանքով, սակայն տարբեր զուգընկերների հետ: Հետազոտության հեղինակ Թիմ Սպեկտրը նշում է, որ խելացի կանայք նույնիսկ կրկնակի օրգազմ են ապրում և հաճախ են կարողանում զարմացնել իրենց զուգընկերներին: «Պատճառն այն է, որ էրոտիկ հարուստ պատկերացումներ ունեն», – նշել է մասնագետը:
Որքան էլ կյանքը լարված լինի, չպետք է մոռանալ սեռական կյանքի մասին, քանի որ դա մեր առողջության մի մասն է: Այնպես որ, մտածելու փոխարեն պետք է գործել և կանոնավոր սեռական հարաբերություն ունենալ:
Ելենա Չոբանյան
