Մայիսի 9-ին կլրանա Շուշիի ազատագրման 22-ամյակը: Հայաստանի համար այդ հերոսական իրադարձության և դրա նշանակության մասին Անկախի հետ զրուցեցին ազատամարտիկներ Հակոբ Դաշյանը և Գագիկ Սարուխանյանը:
«Իրականում Շուշիի հաղթանակը հոգեբանական հաղթանակ էր, որ պետք է զգա յուրաքանչյուր հայ: Այն ժամանակ զգում էինք, հիմա էլ պետք է զգանք»,- ասում է Հակոբ Դաշյանը:
«Մայիսի 9-ը մեր հաղթանակների սկիզբն է, որ դեռ չի ավարտվել: Մեր արյան կանչով ենք այնտեղ եղել, արյունն է կանչել այնտեղ մեզ բոլորին, ամեն ազատամարտիկի, և հիմա նույն իրավիճակն է ստեղծվել հանրապետությունում. մենք պետք է կարողանանք հոգեբանորեն տրամադրվել, բարոյահոգեբանական իրավիճակը պետք է բարձրացնել, որ կարողանանք մեր անկախությունը պահել և հաղթանակները շարունակել»:
Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ սխալ է հաղթանակի օր կոչել մայիսի 9-ը: «Արցախյան պատերազմում Հաղթանակի օր կոչել այս օրը ես չեմ կարող, որովհետև նախ՝ դեռ պատերազմը ավարտված չէ, այլ Բիշքեկում կնքվել է զինադադարի պայմանագիր, սակայն այդ զինադադարը անգամ չի պահպանվում: Պարբերաբար լուրեր ենք ստանում սպանված զինվորների մասին: Պատերազմը չի ավարտվել. ի՞նչն ենք նշում: Մենք այսօր կարող ենք նշել Շուշիի ազատագրման օրը, որ շատ կարևոր էր, սակայն վերջնական հաղթանակ չէ»,-ասաց նա:
Ազատամարտիկն անդրադարձավ զինադադարի պայմանագրին, որ ակնհայտ կոպիտ սխալներով է կնքվել. «Կա խոսք՝ «Եթե չես ուզում լինի պատերազմ, պետք պատրաստ լինես պատերազմի»: Մենք այդ ժամանակ վերելքի վրա էինք և վերջնականապես կոտրել էինք հակառակորդի մեջքը, կարող էինք հետ վերադարձնել ավելի մեծ տարածքներ: Ոչ մի բան չի արվել: Թուրը մեր ձեռքում էր: Այն ժամանակ, երբ «թուրքերը» Բաքվից 30 կմ հեռավորությամբ խրամատներ էին փորում և հայտարարում, թե Բաքուն չեն տա: Եվ այդ պայմաններում կնքել պայմանգիր, որը ոչ մի առավելություն չի տալիս, մեծ վերապահումով կարող եմ անվանել միամտություն, եթե ոչ դավաճանություն»:
Թույլ տված ամենամեծ սխալը ազատամարտիկը համարում է այն, որ ոչ մի նախապայման չի դրվել այդ զինադադարի պայմանագրի մեջ, վերջնականապես ամրագրեր Արցախի անկախությունը կամ Հայաստանին միանալու իրավունքը: Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ ամեն ինչի հիմքը ռուսական ոչ հայանպաստ քաղաքականությունն էր. «Հայաստանը անկախություն ստանալուց ի վեր իրական, յուրային կառավարություն չի ունեցել: Ընդամենը փոխելով դրոշի գույնը և զինանշանը կամ դե յուրե անկախ համարվելով, Մոսկվայի ՆԳՆ գործակալները այստեղ եկել են իշխանության: Ազգանունները հայկական են, իրենք հայ են, բայց իրականում նրանք ծառայում են օտար պետության: Ռուսաստանին ձեռնտու չէր , որ Հայաստանը հաղթեր այս պատերազմում: Նրան ձեռնտու էր հենց այս կարգավիճակը. Արցախի խնդրի միջոցով կախվածության մեջ պահել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»:
Ազատամարտիկն անդրադարձավ նաև Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալեվլ է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (խարդախություն՝ խոշոր չափերով): Ազատամարտիկի հարազատներըև մարտական ընկերները բազմիցս պահանջել են ազատ արձակել նրան:
«Մայիսի 9-ի տոնից առաջ իր ընտանիքը «Երազ» մակնիշի մեքենան փորձում էր վաճառել, որպեսզի մի փոքր գումար գոնե ձեռք բերի: Դուք պատկերացնում եք՝ առավոտյան նրա երեխաները արթնացել են և տեսել, որ ավտոմեքենայի վրա գերեզմանոցի ծաղկեպսակ է դրված: Այս իշխանությունները պետք է դրանով զբաղվեն: Շարունակ խոսում են, որ Վոլոդյան այնքան էլ փառունակ զինվոր չէր: Այդ մարդը այնքանով էր զինվոր, ինչքանով որ կար: Դա դեռ հարց է , եթե մտածենք, նա լավագույն զինվորներից էր: Ինչպես կարող եք Մայիս 9-ի նախօրյակին Վոլոդյա Ավետիսյանի մեքենային ծաղիկ դնել: Այդ ո՞ր սրիկայի լակոտի ձեռքն է գնացել նման բան անել»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Ազատամարտիկը գտնում է, որ դրանով որոշ անձինք նպատակ են ունեցել վախեցնել Ավետիսյանին. «Ըստ երևույթին՝ ցանկացել են վախեցնել Վոլոդյային, բայց նա բերդում է այժմ, փաստորեն այդ սպառնալիքը ուղղված է նրա երեխաներին և ընտանիքին»:
Tags: ազատամարտիկ