Ուորլիքի հայտարարությունը հայանպա՞ստ քայլ է, թե՞ սադրանք

8305e58b591b851bfc81a69b10024b3b-472x265

Սոցիալական ցանցերում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

Ֆեյսբուքի օգտատեր Վազգեն Ղազարյանը հետևյալ վերլուծությունն է արել.

«Մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը և ոչ միայն: Կարելի է ասել` ներկայացնելով, այսպես ասած, ԱՄՆ-ի դիրքորոշումը, նա ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ նա մեծ հաշվով ոչ մի նոր բան չի ասել: Նա պարզապես ներկայացրել է հակամարտության կողմերի միջև պայմանականորեն հաստատված փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել էին դեռ 2009թ-ին:

Այնպես որ, առաջին հայացքից, ինչպես որ քիչ առաջ նշվեց, նա ոչ մի նոր բան չի ասել, քան այն, որ վերահաստատել է մի բան, որին տեղյակ էին բոլոր կողմերը (խոսքը նաև հասարակությունների մասին է) դեռ տարիներ առաջ, սակայն դրա ներկայացնելու ձևը բավական ուշագրավ է և արժանի մեկնաբանության:

Ինչպես հիշում եք, այս վեց կետերը մշտապես շահարկման առիթ էին դառնում տարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների և հատկապես ադրբեջանցի պաշտոնյաների կողմից: Մենք հիշում ենք, թե ինչպես էր ադրբեջանական կողմը բազմիցս մանիպուլյացիայի ենթարկում առկա կետերը և սահմանում էր իրեն հարմար առաջնահերթությունը` անտեսելով այն կետերը, որոնք պաշտոնական Բաքվի շահերից չէին (չեն) բխում: Ուորլիքը, սակայն այդ առումով իր ելույթում արել է շատ հստակ հայտարարություն, որը, այսուհետ ըստ էության, ի չիք է դարձնում Բաքվի նման քաղաքականության հետագա փորձերը:

Այսպիսով՝ ամերիկացի պաշտոնյան ասել է մասնավորապես հետևյալը. «Կա վեց կետ, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս կետերի (կամ էլ տարրերի) հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասները, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Կարճ ասած՝ այսուհետ, եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի էլ սեփական քաղաքականության համար իրեն նպաստավոր, ձեռնտու կերպով մեկնաբանել եղած սկզբունքները, ապա դրանք ոչ մի արժեք չպետք է ունենան նաև ադրբեջանական հասարակության համար, քանի որ ի դեմս Ուորլիքիմ մենք այժմ գիտենք միջազգային հանրության հստակ վերաբերմունքը նման ապակառուցողական քաղաքականության հանդեպ:

Ինձ համար երկրորդ ամենաուշագրավ պահը Ջեյմս Ուորլիքի ելույթում վերաբերում էր Արցախին և այդ երկրի ղեկավարության հետ իր հանդիպումներին: Նա իր ընդհանուր ելույթում, խոսելով Արցախի քաղաքական էլիտայի հետ հանդիպման մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»:

Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փաստացի հակամարտության կողմ է ճանաչում նաև Արցախին, իսկ գուցե հենց միայն Արցախին: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում ասել էր, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Արցախի և Ադրբեջանի: Այս ելույթով կարելի է ասել, որ եթե անգամ ամերիկացի պաշտոնյան չի վերահաստատում իր ավելի վաղ արած պնդումը, ապա առնազն Արցախը ճանաչում է որպես հակամարտության կողմ, որն ինքն իրենով աննախադեպ է վերջին տարիներին ընթացող բանակցությունների շրջանակներում:

Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչ դրդապատճառներ են ստիպել ԱՄՆ-ին նման կեցվածք ընդունել Արցախյան հակամարտության համատեքստում: Տեսեք, այն, որ ԱՄՆ-ի կողմից վերջին շրջանում նկատվում է ակտիվացում այս հարցում և այն էլ որոշ առումներով հայամետ կեցվածքով, ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ չէ, թե որոնք են դրա հիմքում ընկած դրդապատճառները: Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից հայամետ թվա Ուորլիքի ելույթը, այն նաև մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Չի բացառվում նաև, որ սա սադրանք լինի, բայց ամեն դեպքում շատ առաջ չանցնենք նման ենթադրություններով և սպասենք դեպքերի հետագա զարգացմանը»:

 

Անկախ

Tags: , ,