ՀՀ կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ մայիս 12-ին, գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:
Պատգամավորներին ներկայացվեց կառավարության կողմից ներկայացված «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի լրամշակված տարբերակը, որը ներկայացրեց հանրապետական Արփինե Հովհաննիսյանը. «Այն նախագիծը, որի շուրջ թեժ բանավեճեր էին ընթանում այս դահլիճոևմ նախորդ քառօրյայի ընթացքում, էականորեն փոփոխվել է և՛ քաղաքական ուժերի առաջարկների, և՛ կառավարության նախաձեռնության հիման վրա»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չհաշվարկվեն, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին ներկայացնում են համապատասխան դիմում:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ նախկին իրավիճակը, երբ պարտադիր բաղադրիչը հաշվարկվել ու փոխանցել էր, հաշվարկվել ու չէր փոխանցվել կամ էլ ո՛չ հաշվարկվել էր, ՛ոչ փոխանցվել, երկուսի դեպքում հստակ պարզաբանում է տրվում. գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու:
Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Հիշեցրեց Արփինե Հովհաննիսյանը:
ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը նախագծի լրամշակված տարբերակի մասին ասաց, որ պետք է փորձել ազնիվ ձևով տարանջատել գլխավոր հարցը երկրորդականից: «Գլխավոր հարցը, այնուամենայնիվ, մնում է՝ արդյոք մենք պե՞տք է օրենքով սահմանենք պարտադիր կուտակային բաղադրիչը, թե ոչ: Կամ ո՞նց է լուծվելու այն հարցը, որ 127 000 քաղաքացիների համար արդեն հաշվարկվել ու վճարվել են»:
Նա հիշեցրեց, որ ՕԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը հանել օրենքից:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող դեմ լինել նախագծին, քանի որ այնտեղ կան առաջընթաց քայլեր: «Նախագծում ավելացվել է նախաբան, թե այս փուլում, մինչև ՍԴ որոշման պահանջները վերջնականապես կատարելը, ինչ նպատակ է հետապնդում այս նախագիխծը: Պատասխանատվություն չկա նաև հունվարի մեկից հետո այն գործատուների համար, որոնք չեն փոխանցել որևէ գումար: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս նախագծով կառավարությունն առաջարկում է քաղաքացիներին կամահայտնությամբ որոշել՝ մասնակցում են այս համակարգին, թե ոչ՝ իրենց դիմումի հիման վրա: Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս նախագծով որևէ ենթաօրեսդրական ակտ կառավարության կամ որևէ մարմնի կողմից չի պահանջվելու ընդունել քաղաքացու դիմումի հետ կապված: Անցումային դրույթներում հստակեցվել է մի կարևոր հանգամանք առ այն, որ քաղաքացու կամահայտնության դրույթն ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Այսինքն, այս օրենքը հետադարձ ուժ է ստանում, և այն գործատուները, որ չեն փոխանցել գումարները, կարող են վերադրաձնել իրենց աշխատակիցներին գումարները: Կարևորում եմ նաև այն, որ առաջիկայում քննարկվող ցանկացած նոր համակարգ և նոր օրենսդրություն չի կարող հակասել ՍԴ որոշմանը հակասող իրավանորմերի գործունեությանը»,-թվարկեց Արծվիկ Մինասյանը:
Միաժամանակ նա օրենքի հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանին խնդրեց պարզաբանել, թե սա արդյոք չի՞ նշանակում, որ կառավարությունը մտադիր է շարունակել պարտադիր բաղադրիչի կիրառումը:
Նա նաև անդրադարձավ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմադրամի կեցվածքին՝ նշելով, որ եղել է ժամանակ, երբ մեր կառավարությունը ստիպված է եղել առաջնորդվել այս կառույցների ցուցումներում, սակայն այժմ որևէ պարտադրանք և ցուցում, որը կպարտադիի ՀՀ իշխանություններին պահպանել պարտադիր բաղադիրը, պետք է ստանա համարժեք հակահարված:
Ի տարբերություն դաշնակցական պատգամավորի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը միանգամայն դեմ արտահայտվեց օրենքի լրամշակված տարբերակին՝ համարելով այն խաբեություն. «Չորս քաղաքական ուժ, ինչպես նաև «Դեմ եմ»-ը, միավորվել են մի նպատակի շուրջ, որ այս կենսաթոշակային բարեփոխումներից հեռացվի պարտադիր բաղադիրչը: ՍԴ-ն ընդունեց հակասական որոշում, սակայն հակասահմանադրական ճանաչեց այն դրույթները, որոնց մասին մենք խոսում ենք՝ մասնավորապես պարտադիր բաղադիչը»:
Սակայն, ըստ ՀԱԿ անդամի, ՍԴ որոշումից հետո կառավարությունն ընտրեց քաղաքական լարվածությունը թուլացնելու, ժամանակ շահելու և քաղաքացիական ակտիվությունը մինիմալ զիջումներով թուլացնելու քաղաքականություն:
Նրա խոսքով՝ ներկայացված օրենքի նախագծով պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մնում, միայն հանվում են պատժամիջոցները, քաղաքացիներին առաջարկվում է պասիվ իրավունք իրենցից բռնագանձված գումարների վերադարձի համար՝ դիմումի մասով, քանի որ կառավարությունը լավ գիտի, որ դրանից կօգտվեն միայն ամենաակտիվ քաղաքացիները, բացի այդ, կառավարությունն առաջարկում է հետ ստանալ այն փողերը, որոնք դեռ չեն հասել հիմնադրամներ, իսկ այն գումարները, որ արդեն հասել են, դրանց վերաբերյալ որևէ առաջարկ չկա:
«Իշխանություններն ամեն գնով ցանկանում են պահել այս համակարգը,-հայտարարեց Զուրաբյանը,-ակհայտ է, որ գնալու են հարկային բեռի ավելացման ճանապարհով, կապրենք կտեսնենք»:
Զուրաբյանը նաև կարծում է, որ այս քայլով կառավարությունը փորձում է ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, որպեսզի ժողովրդին ներկայացնի, թե իբր սա քաղաքական բոլոր կողմերի համաձայնությունն է, այլ կերպ ասած՝ փորձում է քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ գործարք և ստանալ մի գործիք, որն իրենց թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դեմ եմ»-ի և քաղաքական ուժերի ակտիվությունը:
«ՀԱԿ-ը չի կիսի պատասխանատվություն այս գործարքի համար: ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին, որոնք ոչինչ են, քան պարզ խաբեություն»,-հայտարարեց նա:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չդիմացավ ու արձագանքեց. «Լավ չեք անում, որ չեք հավատում…»:
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցն այն է, թե ի վերջո, կառավարությունն այսօր ի՞նչ վիճակում է բարեփոխումը կատարելու առումով՝ առաջընթա՞ց է քայլ է կատարում, թե՞ հետընթաց:
Պատգամավորին նաև հետաքրքրում է, թե 127 000 աշխատողների համար փոխանցված գումարների ճակատագիրն ի՞նչ է լինելու: Անորոշ վիճակ է նաև ՍԴ որոշումների հետ կապված. «Մարդուն, որ ստիպում ենք գա, դիմում գրի իր գումարը հետ ստանալու համար, սա սահմանադրակա՞ն է արդյոք»,-հարցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, որ այս օրինագծով օրինականացվում են ՍԴ կողմից հակասահմանադրական համարված մի շարք դրույթներ:
ԲՀԿ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով չպետք է տեխնիկական և ընթացիկ խնդիրներ լուծվեն, այլ պետք է լինի քաղաքական կուրսի փոփոխություն: Իսկ ԲՀԿ քվեարկությունը պայմանավորված կլինի այս հարցադրումների նկատմամբ հայտնած կառավարության մոտեցումներից:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ դեմ է այն պատգամավորների ելույթներին, որոնք ասում են, թե պարտադիր բաղադրիչը չկա կամ կա: «Օրենքում մինչև սեպտեմբերի 30-ը կա պարտադիր բաղադրիչը: Եթե քաղաքացին, որին տվել ենք իրավունք, որ ինքը որոշի, ապա եղավ, որ պարտադիրը մնում է»:
Նա նաև հայտարարեց, որ իրենց քաղաքական գնահատականը հետևյալն է՝ ռեֆորմը շարունակվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքով՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը, որը վերաբերում է պարտադիրի հոդվածների որոշ դրույթներին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ լրամշակված նախագծի հիմնական նպատակն է ՍԴ որոշման պահանջների լիարժեք կատարման համար ստեղծել անհրաժեշտ միջավայր, մինչև կենսաթոշակային համակարգի ամբողջական իրականացումը՝ ապահովելով աշխատողների և գործատուների պաշտպանությունն ու կենսաթոշակային համակարգի իրավական անվտանգությունը:
Նրա խոսքով՝ ՍԴ որոշումից հետո համակարգում կան տարբեր կարգավիճակներով մասնակիցներ՝ անձիք, որոնց համար գումարները պահվել ու փոխանցվել են, անձիք, որոնց համար գումարները պահվել, բայց չեն փոխանցվել և անձիք, որոնց համար գումարներ չեն պահվել և չեն փոխանցվել: «Անհրաժեշտ է տեղեկատվական շտեմարանում քաղաքացիների կամարտահայտությամբ հստակեցնել բոլորի կարգավիճակները, և մինչ ամբողջական փաթեթի ներկայացումը, տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների հիման վրա ամբողջությամբ լուծում տալ հարցին»:
Ինչ վերաբերում է ռեֆորմի կարգավիճակին, ապա նա հիշեցրեց, որ այսօրվա գործող համակարգը պարտադիր կենսաթոշակային համակարգ է, և որ այն խնդիրները, որոնք դրված են բարեփոխումը կատարելու անհրաժեշտության առումով, լուծված չեն:
Tags: Ազգային ժողով, Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային պարտադիր վճարումներ
