Հայ-ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման մասին այժմ խոսելը՝ տխուր կատակ. Սերգեյ Մինասյան

lOcfyE7jIdAuLxyWdGW6QZSMD2

«Պիտի հասկանանք, որ այն իրավիճակը, որն արդեն երկու տասնամյակ պահպանվում է Արցախյան հակամարտության գոտում, ի թիվս այլ գործոնների՝ բացատրվում է երկու կարևոր հանգամանքով: Նախ,  չնայած վերջին  մի քանի տարվա ընթացքում  Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքի արագացմանը, հայկական կողմը տարբեր մեխանիզմներով շփման գծում կարողանում է պահպանել ռազմատեխնիկական հավասարակշռությունը, որն ապահովում է  հրադադարի ռեժիմը, բայց կա նաև երկրորդ հարթությունը՝ միջազգային մեխանիզմների և առաջին հերթին՝ տարածաշրջանային խնդիրներում երեք համանախագահ երկրների  ներգրավվածությամբ  պայմանավորված , որը  ևս փխրուն հրադադարի պահպանման բաղադրիչ է”,- տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին լրագրողների հետ խոսելիս նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Իրավիճակը, կարծում եմ, դեռ երկար կպահպանվի՝ մի իրավիճակ, որը շատ դիվանագետներ, փորձագետներ կոչում են, թվում է, անհասկանալի «ստատուս քվո» անվամբ, սակայն սա մի իրավիճակ է, որից ոչ մի կողմ չի կարող խուսափել, քանի որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց  տեսանելի ապագայում նկատելի չէ, որ թե՛ հայկական,  թե՛ ադրբեջանական կողմը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում կհասնեն որևէ փոխզիջումային կոմպրոմիսի»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝   Ուորլինգի հայտարարության դրույթներից մեկը ենթադրում էր հայ և ադրբեջանական հասարակական դաշտի մերձեցման համար ուղիների որոնում և առկա մոտեցումների հիման վրա կոմպրոմիսների դաշտի ստեղծում, որը թվում է տխուր կատակ, քանի որ այն գործընկերները, որ վերջին 10 տարում աշխատել են Ադրբեջանում  այս ուղղությամբ, գտնվում են կամ բանտերում կամ ճնշումների են ենթարկվում: Ըստ քաղաքագետի՝ ստեղծվում է իրավիճակ, որը թեև  շատ թանկ է արժենում, նաև վտանգավոր է, սակայն ստատուս քվոյից  հնարավոր չէ խուսափել, եթե  կողմերից մեկը պատրաստ չէ փոխզիջման:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների` համանախագահ երկրի ներկայացուցչի ելույթին, ապա  ըստ քաղաքագետի՝ բոլորին պարզ է, թե ինչ պատճառներով էր այդ գաղափարը հայտնվել. դա մի կողմից կապված էր հրադադարի 20ամյակի, մյուս կողմից՝ Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտության լարվածության հետ. ԱՄՆ-ի՝ տարածաշրջանում նոր գործընթացներ սկսելու ցանկությունը չի կարող կատարվել առանց մյուս երկու համանախագահների` առաջին հերթին Ռուսաստանի  համաձայնության:

«Դրան ականատես եղանք երեկ, երբ երեք համանախագահները կրկին հայտարարությամբ հանդես եկան` կրկնելով այն մոտեցումները, որ ձևավորվել էին վերջին տասնամյակում և հայտնի են «մադրիդյան սկզբունքներ» անվամբ: Չնայած բանակցային գործընթացը բացի ամեն-ինչից հրադադարի պահպանման անհրաժեշտ պայման է, կասկած չունեմ, որ այս պահին ոչ մադրիդյան սկզբունքերը, ոչ էլ ձևավորված մյուս մոտեցումները իրագործելի չեն: Առկա  քաղաքական մթնոլորտում գործող մեխանիզմների կենսունակությունը կասկածելի է»,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Tags: , , , ,