Ուորլիքի հայտարարության մեջ առկա շեշտադրումները չափազանց մտահոգիչ են

Երվանդ Բոզոյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ զարգացումների մասին լրագրողների հետ խոսելիս քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, նշեց.    «Ուորլիքի հայտարարության մեջ առաջին հայացքից որևէ նոր բան չկա. այն կրկնում է մադրիդյան սկզբունքերի 6 հիմնական կետերը, սակայն մտահոգիչը նոր շեշտադրումներն են. Ուորլիքի և ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններից անմիջապես հետո նրանք նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկում են  որպես երկու սուբյեկտ՝ մեկը նախկին ԼՂԻՄ տարածքն է, մյուսը՝ «օկուպացված» տարածքները: Ինքնին Մադրիդյան սկբունքների հիմքում ևս դրված էր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հարցը, ինչպես նաև փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադարձի հարցը, սակայն 2008թ.-ին Մինսկի խմբի համանախագահ Բրայզան հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում պետք է անպայման անցկացվի հանրաքվե. ժողովուրդը իր կամքը պետք է հայտնի: Ադրբեջանական կողմը պնդում էր հանրաքվեն անցկացնել 15-20 տարի անց, իսկ հայկական կողմը փորձում էր բանակցել ավելի շուտ՝ 3-5 տարի հետո անցկացնելու շուրջ: Նախ, հայտարարության մեջ «պլեբիսցիտ»-ով էր փոխարինված «հանրաքվե» բառը և նշված, որ քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, հանրաքվեն պետք է անցկացվի ապագայում, իսկ ապագան անորոշ հասկացություն է: Այս խնդրի շուրջ շեշտում չեն անում, փոխարենը՝ զորքերի դուրսբերման խնդիրը հատուկ շեշտադրում է ստացել հայտարարություն մեջ, ինչը  խիստ մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս Ադրբեջանի իշխանությունները»:

Քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, Ուորլիքի առաջարկությունը կարող ենք մեկնաբանել որպես «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման և դրանք միջազգային ուժերով փոխարինելու առաջարկ: Այնուհետ Երվանդ Բոզոյանը նշեց.

«Կուզեմ մի քանի հարց ուղղել  պարոն Ուորլիքին և մյուս ամերիկացիներին : Ձեր հայտարարության 6-րդ կետում նշում եք բոլոր կողմերի միջև համընդհանուր վստահության անհրաժեշտության մասին. Նախ, դուք ունե՞ք փոխվստահություն Ռուսաստանի հետ. կարծում եմ` Ուկրաինայի դեպքերը դրա առկայության մասին չեն վկայում, այսինքն՝ հակամարտության կարգավորման միջնորդ կողմերի միջև անգամ չկա փոխվստահություն: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ սրված հարաբերությունները  չեն ներթափանցի մեր տարածաշրջան: Եթե հիպոթետիկ ներկայացնենք հայկական զորքերի դուրսբերումը, ապա ի՞նչ ձևաչափով պիտի կազմվեին այդ խաղաղարար ուժերը, ի՞նչ ուժեր պետք է լինեն, որ համապատասխանեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի շահերին, ցու՛յց տվեք ինձ նման ձևաչափ. այն գոյություն չունի:

Դուք նաև իրավացիորեն նշում եք, որ պետք է փոխվստահություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև. ակնհայտ է ատելությունը, ագրեսիվությունը հայերի նկատմամբ, որը երևում է ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև ներգրավում ակադեմիական շրջանակներն ու բոլոր ոլորտները: Այս մթնոլորտւմ, երբ այս ամենը չի դատապարտվում, ի՞նչ փոխվստահության մասին կարելի է խոսել: Եվ երրորդ՝ առաջին անգամ արդեն պաշտոնական մակարդակով Արդբեջանի նախագահը և նրա շրջապատը ոչ միայն հայտարարում են Լեռնային Ղարաբաղի «գրավման մասին», այլ նաև հայտարարում, որ Հայաստանը ընդհանրապես գոյություն չի ունեցել և այն ընդամենը «Արևմտյան Ադրբեջանն է». սա ակադեմիական մակարդակից վերաճել է պետական մակարդակի. այս ամենը չի նկատվում, փոխարենը՝ պահանջում եք հայկական զորքերի դուրսբերում, սա ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում: Եթե Ձեր առաջ քաշած դրույթներով հայկական ուժերը դուրս բերվեին՝ հիպոթետիկ փոխարինվելով միջազգային ուժերով, ապա ես, որպես քաղաքագետ, պնդում եմ, որ ռազմական գործողությունները անխուսափելիորեն կվերսկսվեին, իսկ Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չէր առնի. սա կվերածվեր գլոբալ պատերազմի: Այստեղ գործ ունի Թուրքիան, Ռուսաստանը ևս անմասն չի մնա: Սա՞ են ուզում: Եթե իսկապես ցանկանում եք խաղաղություն, ապա խորհուրդ կտամ այս տարածաշրջանը հանգիստ թողնել առժամանակ, լուծել խնդիրները Ուկրաինայում, Վրաստանում և այլուր, ապա նոր պետք է փորձել վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Երվանդ Բոզոյանը նշեց. «Առաջին հերթին պիտի հորդորեն երկու երկրներում ազգամոլության, ագրեսիվության դրսևորումները դադարեցնել, հատկապես Ադրբեջանում. Հայաստանում գոնե պետական մակարդակով ազգայնամոլության իմաստով հակաադրբեջանական ոչ մի դրսևորում չի նկատվել, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հակառակն է: Հայաստանում երբեք ադրբեջանցի լրագրողների մուտքի վիզայի արգելք չի եղել, Հայաստանը երբեք չի արգելել գնալ Ադրբեջան: Հասկանում եմ, որ ամերիկացիները լավ չեն հասկանում տարածաշրջանը, սակայն միաժամանակ պետք է չիմացությամբ ձեռնպահ մնալ ծայրահեղ քայլերից. դրանք կարող են մեծ սպառնալիք դառնալ»:

Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե տարածաշրջանում Ռուսաստանի գրանցած հաջողությունները Հայաստանին՝ որպես գործընկերոջ թույլ չե՞ն տալիս ավելի ամուր դիրքերից հանդես գալ, քաղաքագետը պատասխանեց, որ Հայասատանում այսօր տիրում տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական մեծ ճգնաժամ, իսկ երկիրը  կարող է վստահ հանդես գալ միայն այն դեպքում, երբ ներքին դաշտը կայուն է նշված բոլոր տեսանկյուններով:

 

Անկախ

Tags: , , ,