Տնտեսապես մրցունակ երկի՞ր, թե՞ միայն պաշտոնական թվեր

tigran2012-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալը գերազանցել է 1 տրիլիոն դրամը:  Անկախությունից  ի վեր  առաջին անգամ  մեր երկրում նման ծավալի արտադրանք է թողարկվել: Վերջին տարիներին արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում բավական աճել է, և պետության առջև խնդիր է դրվել առաջիկա տարիներին այն հասցնել 20-21 տոկոսի:

Նախորդ տարին բարենպաստ է եղել նաև ներդրումների տեսանկյունից: Հավանության են արժանացել 8 ընկերությունների ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 17.5 մլրդ դրամ: Այս ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ստեղծել  մոտ 340 նոր աշխատատեղ:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի հետ  մեր զրույցն ուղղված  է հենց ներդրումային ոլորտին և առհասարակ այս ուղղությամբ իրականացված վերջին գործընթացներին:

- «Գործարարությամբ  զբաղվելը 2013  թ.»  զեկույցի համաձայն` Հայաստանն իր դիրքերը բարելավել է 18 կետով՝  50-րդից բարձրանալով   32-րդ հորիզոնականը: Մասնավորապես, ինչպիսի՞ բարեփոխումների և գործընթացների արդյունքում է մեր երկիրն այս դրական տեղաշարժն արձանագրել:

- Նախ նշեմ, որ այս աննախադեպ ցուցանիշով Հայաստանը շատ ԱՊՀ երկրներից առաջ անցավ՝ հայտնվելով Հոլանդիայի և Բելգիայի կողքին: Այս հանգամանքը պայմանավորված էր իրականացված մի շարք բարեփոխումներով, գործարարության, բիզնեսի կազմակերպան հեշտացման, հատկապես ձեռնարկությունների գրանցման գործընթացների դյուրինացման գործոններով: Այդ ամենն այժմ փոխարինվել է էլեկտրոնային տարբերակի: Ինչպես բոլորս գիտենք,  հնարավորություն է  ստեղծվել մի քանի րոպեների ընթացքում ամփոփ ձեռնարկատիրություն գրանցել, ներառյալ հարկային կոդերը և ֆիրմայի անվանումը: Նախկինում այդ գործընթացները բավական երկարատև էին. քաղաքացիները  արտոնագրային վարչություն էին դիմում իրենց ֆիրմայի անունը գրանցելու համար և սպասում դրական կամ բացասական պատասխանի: Այնուհետև բանկ գնալու անհրաժեշտություն էր ծագում՝ հիմնադիր կապիտալը սեփական հաշվին մուտքագրելու համար, և կարիք էր առաջանում դիմելու նաև հարկային տեսչությանը, հարկային կոդի ձեռքբերման համար: Այդ  բոլոր գործընթացները, որոնք նախկինում տևում էին մի քանի օր, այսօր տևում են ընդամենը 15 րոպե, ընդհուպ կնիքի պատվիրումը, որը նախկինում ևս ժամանակ էր պահանջում:

Երկրորդ կարևորագույն բարեփոխումը հարկային հաշվետվությունները ևս էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հնարավորությունն է, առհասարակ փաստաթղթաշրջանառությունը  համացանցի միջոցով իրականացնելը: Այն իր մեջ ներառում է հաշիվ-ապրանքագրերն ու հարկային տեսչության եռամսյա հաշվետվությունները: Նախկինում մարդիկ պարտադրված էին երկար սպասել գոյացած հերթերի պատճառով, այնուհետև գրասենյակից գրասենյակ տեղափոխվել: Այդ պրոցեսները ևս բավականաչափ հեշտացվել են: Իսկ երրորդ կարևորագույն բարեփոխումը վերաբերում է բոլոր ստուգումները ռիսկերի վրա հիմնված լինելու սկզբունքին: Այսինքն՝ այն ձեռնարկությունները, որոնք ռիսկային են, ավելի բարձր տեսադաշտում են հարկային տեսչության կողմից, քան վստահելի ընկերությունները, որոնց մոտ անակնկալ ստուգայցեր այլևս չեն նախատեսվում:

- Այսօր որքանո՞վ է մեր երկրի ներդրումային միջավայրը գրավիչ և որքա՞ն է  արտասահմանյան կապիտալով ընկերությունների թիվը:

- Արտասահմանյան կապիտալով շատ ընկերություններ կան Հայաստանում, այդ թվում նաև խոշորները, մասնավորապես` հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության ոլորտներում: Ներդրումային դաշտը ևս բարելավվել է: Ինչպես գիտեք, ներդրողների համար  գործում են հատուկ մաքսային ռեժիմներ, որոնք վերաբերում են ժամանակավոր ներմուծման և ավելացված արժեքի հարկի հետաձգման գործընթացներին: Այս արտոնությունը տարածվում է այն գործարարների վրա, որոնք 300 մլն դրամի ապրանք են Հայաստան ներմուծում: Այս պարագայում բոլոր  ներմուծվող սարքավորումների դիմաց գանձվելիք ԱԱՀ-ն  հետաձգվում է 3 տարով: Այդ ժամանակահատվածը գործարարին հնարավորություն  է  տալիս աշխատել, թողարկել արտադրանք, նոր միայն այդ գումարը վճարել: Ի դեպ,  տվյալ ռեժիմը գործում է բոլոր գործարարների շրջանում՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա: Օտարերկացի գործարարների համար շուկան ամբողջովին բաց է, իսկ հնարավորությունները` մեծ թե՛ ձեռնարկություններ ստեղծելու, թե՛ հողատարածք ձեռք բերելու տեսանկյունից:

- Լավ, իսկ օտարերկրյա ներդրողը հատկապես ի՞նչ գործոններից և առավելություններից ելնելով պիտի մեր երկիրը գրավիչ համարի, իսկ տնտեսությունը՝ մրցունակ: Ինչը՞ պիտի ոգևորի և դեպի Հայաստան ուղղորդի արտասամանյան գործարարին:

- Պետք է ոգևորվի տնտեսության կայունությամբ և այն հանգամանքով, որ Հայաստանը գտնվում է պետությունների խաչմերուկում: Բացի այդ, մեր երկիրն ունի ազատ առևտրի ռեժիմներ: Այժմ բանակցային փուլում ենք Եվրամիության և ԱՊՀ երկրների հետ: Այն ապրանքը, որն արտադրված է Հայաստանում, առանց մաքսային հավելյալ վճարների մտնում է ռուսաստանյան շուկա, ինչը հնարավոր չէ Եվրոպայից դեպի ռուսաստանյան շուկայի պարագայում: Հայկական ապրանքատեսակներն իրենց ապրանքանիշով այսօր անարգել մուտք են գործում ՌԴ շուկա:

Կառավարության որոշմամբ ստեղծվել են նաև ազատ տնտեսական գոտիներ Մերգելյան ինստիտուտի՝ Երևանի մեքենաշինության և գիտահետազոտական կենտրոնի և «Մարս» գործարանի տարածքներում,  որոնք առաջիկայում կսկսեն գործել: Մերգելյան ինստիտուտի տարածքում կտեղակայվեն IT  բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ, իսկ «Մարս» գործարանում ավելի շատ զարկ կտրվի արտադրության ոլորտին: Այստեղ գործող ընկերությունների համար բոլոր հարկերն ու տուրքերը հավասարեցված են զրոյի և՛ ներմուծման, և՛ արտահանման ժամանակ: Կկատարվեն միայն աշխատակիցների սոցիալական վճարները:  Այս քաղաքականությունը, ի դեպ, շատ քիչ երկրներում է  իրականացվում,  բայց այդ կերպ հնարավորություն է ստեղծվում բոլոր արտահանմանն ուղղված ձեռնարկություններին ներմուծել սարքավորումներ, թողարկել արտադրանք և արտահանել առանց հավելյալ ծախսերի:

- Լավ, իսկ ընկերությունների կողմից ազատ տնտեսական գոտիներում գործունեություն սկսելու հայտեր արդեն ներկայացվե՞լ են:

- Այո, արդեն մեկ-երկու հայտեր ունենք, որոնք արտասահմանյան ՏՏ ոլորտի ընկերություններ են: Նշեմ, որ արդեն գործող ընկերությունների մուտքը ԱՏԳ-ներ սահմանափակված է, որովհետև մենք չենք ցանկանում նրանց դուրս թողնել հարկային դաշտից: Շեշտը դրվելու է սկսնակ կազմակերպություններին արտոնություններ տալու սկզբունքի վրա. մենք բացում ենք բոլոր դռները նոր ներդրողների և նոր տեխնոլոգիաների համար, ոչ թե նրա համար, որ եղած խոշորները ԱՏԳ-ների ներքո իրենց եկամուտները թաքցնեն:

-  Այժմ խոսենք արդյունաբերության քաղաքականության ռազմավարության մասին: Իրականացվող ծրագրերի շրջանակներում ինչքա՞ն կաճեն արտահանման ծավալները:

- Նախատեսվում է մինչև 2020 թ. արտահանման աճը մոտ երեք անգամ ավելացնել: Շատ բարձր նիշ ենք մեր առջև դրել:   Անցած տարի արդեն արդյունաբերության ոլորտում 9 տոկոսի աճ ենք արձանագրել, այն պարագայում, երբ  ՌԴ-ն այս ոլորտում ունեցել է ընդամենը 3,2 տոկոսի աճ: Այս տարվա համար որպես թիրախ նախատեսվում է  արտադրության 9,9 տոկոսի աճ: Իսկ միայն դեղագործության ոլորտում անցած տարի  արձանագրվել է արտադրանքի 18, իսկ արտահանման ոլորտում՝  32 տոկոսի աճ:  Այսինքն, կառավարության այս բարեփոխումները, ներառյալ` արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ընդունումը, արդեն իսկ իրենց արտացոլումն ունեն տնտեսության մեջ:

-  Վերջապես, ներդրումների խթանման ի՞նչ ծրագրեր ունեք, կամ այդ ուղղությամբ ի՞նչ է առաջիկայում նախատեսվում:

- Կարող եմ մի ուրախալի լուր հայտնել. արդեն իսկ ստեղծվել է արդյունաբերության հիմնադրամ, որն առաջին անգամ Հայաստանի նորանկախ պատմության մեջ ստացել է բյուջետային ֆինանսավորում 300 մլն դրամի չափով: Հավաքվել են ֆինանսական միջոցներ նաև այլ աղբյուրներից, և այս պահին հիմնադրամը մոտ 500 մլն դրամ ունի: Այդ ամբողջ գումարը նպատակաուղղվելու է արտահանման խթանմանն ուղղված միջոցառումներին, որոնց շրջանակներում կազմակերպվելու են ցուցահանդեսներ և համաժողովներ չորս թիրախային շուկաներում: Բացի այդ, իրականացվելու է նաև արտահանմանն ուղղված արտադրությունների վարկերի սուբսիդավորում մինչև 3 տոկոսի շրջանակներում:

Լ.Ն

Tags: