Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում

10335734_740618322627426_1479819075_nՏավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում: Կանգառը, որտեղից շամշադինցիները Ադրբեջանի Թովուզ կայարանի շուկա էին ճանապարհվում կամ կտրում-անցնում Ղազախն ու դուրս գալիս Իջևան, հիմա ադրբեջանական դիպուկահարների գլխավոր թիրախն է, քարուքանդ են արել, գնդակոծել:  Գյուղի պատանիներն էլ չգործող կայարանի պատերին ու գյուղի աղջիկների առաջ <<սրտներն են բացել>>` թողնելով սիրային բանաձևեր:

<<Ալիբեյլի, Հաջալու, Օքյուզլու, Թովուզ կայարան, Աղստավ, Ղազախ ու արդեն Իջևան: Էն ժամանակ Իջևանի ճամփան դեպի Երևան չկար, մենք էդպես էինք դուրս գալիս, գնում Երևան>>,-հիշում է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սամվել Փարսյանը:

10331786_740618325960759_295752575_nԿիսակայարանում ու նաև շրջակայքում այժմ մարդիկ աշխատում են քիչ լինել, զգուշանում են, այն մոտ է հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին պատմությունները հիշելիս  Ամալյա Չոբանյանը ադրբեջանական հարսանիքին իր և ամուսնու` Սուրեն Չոբանյանի մասնակցությունն է մտաբերում: <<Դոստեր ունեիք, հաճախ էինք հյուր գնում, իրենք գալիս, անգամ հարսանիք էին հրավիրել: Ընդեղից սրբիչներ էինք հիմնականում առնում, գնում էինք մեշոկներով ապրանք առնում, բերում տունը լցնում: Հիմա վայրենացել են, մոռացել են հարևանությունը, էլ չեն հարցնում` ով ա ինչ ա` կրակում են, որտեղ կկպչի, կկպչի>>,-ասում է Ամալյա Չոբանյանը:

10335723_740618332627425_331318432_nԱդրբեջանի Թովուզ կայարանի երբեմնի գնումներից Ամալյա տատը մի գորգ է պահել, չի հիշում` որքան արժեր, բայց հիշում է, որ էժան է գնել: Գյուղը գնդակոծելու ադրբեջանական գլխավոր հենակետը Հայերի յալում է տեղակայված, որը ժամանակին սահմանամերձ այս գյուղի խոտհարքն էր, հիմա հակառակորդն է այնտեղ դիրքավորված: Այդ բարձունքից է, որ գյուղի այս թաղամասը միշտ կրակի տակ է:

10370714_740618329294092_1704558045_nՆերքին կարմիրցիները կանգառը գյուղի տակից գյուղի սկիզբ են տեղափոխել: Վառ գույնի տանիքով կայարանից գյուղից դուրս եկող ճանապարհը շրջանցում է հակառակորդի տեսադաշտը: Այժմ ճանապարհը բարեկարգվում է: Գրեյդերով գրունտային ճանապարհի թումբ ու փոսերը հարթեցվում են: Կարո՞ղ է ասֆալտապատեն. այս հարցին գյուղացիներն արձագանքում են` Աստված ձայնդ լսի….

 

Անկախ

Tags: , ,