Իրանը, Չինաստանը և երրորդ հազարամյակի «Մետաքսե ճանապարհի» կարևորությունը

իրան, չինաստանՄայիսի սկզբին  Պեկինում  կայացած Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը կարևոր քայլ էր երկու երկրներում կայունության պահպանման համար:

 Վերջին տասնամյակներում Չինաստանը քաղաքական, տնտեսական, ռազմավարական ոլորտներում Իրանի հիմնական գործընկերն է: Այդ է պատճառը, որ երկկողմանի համագործակցության ընդլայնումը երկու երկրների համար  առաջնահերթ խնդիր է:

Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհղանը, հանդիպելով Չինաստանի իր գործընկեր Չան Վանցյուանի հետ, քննարկել է ռազմական համագործակցության հարցեր:

«Երրորդ հազարամյակում հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացները, որոնք կապված են անվտանգության պահպանման հետ, մեզ անհրաժեշտ է մետաքսե նոր ճանապարհ, որը կհամապատասխանի ներկայիս պահանջներին»,-այդ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարարը:

Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ Իրանի նախարարի այցը հիանալի հնարավորություն է ընձեռում ամրապնդելու ռազմական համագործակցությունը:

«Ես վստահ եմ, որ այս այցից հետո ականատես կլինենք այս ոլորտում համագործակցության ընդլայմանը: Հաշվի առնելով Իրանի և Չինաստանի տարածաշրջանում և աշխարհում անվտանգության պահպանման գործում ունեցած համանման տեսակետները, կարելի է ասել, որ  Թեհրանը Պեկինի լավագույն  ռազմավարական գործընկերն է»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարը:

Վերջին տարիներին Իրանը և Չինաստանը սերտորեն համագործակցել են քաղաքական և տնտեսական ոլորտներում: Հաշվի առնելով երկու երկրների ցանկությունը` հիմքեր կան ենթադրելու, որ բարեկամական հարաբերությունները  և համագործակցությունը տարբեր ոլորտներում  երկար կշարունակվեն:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, դեռ Պեկինում  կայացած Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ` ապրիլի 29-ին հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտնել էր, որ Չինաստանի հետ հարաբերությունների ընդլայնումն Իրանի արտաքին քաղաքականության գերխնդիրներից է:

Ուշագրավ է, որ հատկապես վերջին տարիներին մեծ թափով ակտիվանում են Իրանի և Չինաստանի միջև եղած տնտեական կապերը: Պաշտոնական տվյալներով, 2013-2014-ի ընթացքում երկու երկրների միջև իրականացվել 40 մլրդ դոլարի առևտուր: Մասնագետները կարծում են, որ առաջիկա տասը տարվա ընթացքում այս ցուցանիշը կհասնի 200 մլրդ դոլարի:

Իսկ Իրանը և Չինաատանը ռազմական համագործակցությունը սկսել էին դեռևս իրանաիրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988): Այդ տարիներին Չինաստանը Իրանին զենք մատակարարող հիմանական երկիրն էր:

Ռազմական ոլորտի մասնագետները կարծում են, որ պատերազմի ավարտից հետո Չինաստանը դարձավ Իրանի ամենավստահելի գործընկերներից մեկը:

Ռազմական համագործակցության շրջանակում 2013-ի ամռանն Իրանի և Չինաստանի միջև կնքվեց անվտանգության պահպանման  համաձայնագիր, որի հիմնական նպատակն էր` համատեղ որժերով պայքարել համատարած ծայրահեղականությունների և ահաբեկչությունների դեմ:

Լինելով կարևոր քաղաքական և տնտեսական գործընկերներ` Իրանը և Չինաստանը նպատակադրված են համագործակցությունն ամրապնդել այլ ոլորտներում ևս:

Դրանցից մեկն է` երկների պաշտպանությունը և անվտանգությունը: Հաշվի առնելով անցյալի փորձը` նպաստավոր պայմաններ կան Թեհրանի և Պեկինի համար այս ծրագիրը ևս հաջողությամբ իրակակացնելու:

Տեսնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը` Իրանը և Չինաստանն ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն ընդհանուր սպառնալիք են համարում:

Ակտիվացող ծայրահեղականությունների, ահաբեկչությունների դրսևորումներն էլ ավելի են նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Այս ամենը հաշվի առնելով` Իրանը և Չինաստանը ցանկանում են ստեղծել միասնական ամուր կապեր` ավտանգության պահպանման և պաշտպանության ոլորտներում:

Եվ երկու երկրների ներկյացուցիչները գտնում են, որ այս ամենին կարող է նպաստել  երրորդ հազարամյակի «Մետաքսե ճանապարհի» ստեղծումը:

Արմինե Բեգլարյան

Անկախ

 

 

 

 

Tags: , ,