«Մենք առաջարկում ենք ձկնարտադրության ոլորտում պետական բարձրաստիճան կառույցների նախաձեռնած միջոցառումների, հանձնարարականների իրականացումն ավելի վերահսկելի դարձնելու համար այդ գործընթացներում ընդգրկել մեր կազմակերպության ներկայացուցինչներին»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ձկնաբուծության ոլորտի նոր զարգացումների մասին՝ հայտնեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
“Իսկ ինչու՞ հենց մեր կազմակերպությունը. քանի որ ուսումնասիրությունների արդյունքերը վկայում են, որ մեր կազմակերպությունը իրավական, տնտեսական շահերի ներկայացման տեսանկյունից մրցակցությունից դուրս է: Չթերագնահատելով մյուս կազմակերպությունների գործունեությունը՝ նշեմ, որ մեր կազմակերպությունն իր գործողությունների համար կրել է, կրում է և կրելու է պատասխանատվություն: Մեր բոլոր հայտարարություններն ու գործողությունները մշակված են, ոլորտի բոլոր շահագրգիռ կառույցների շահերի հետ համաձայնեցված, և երբևէ անիրատեսական, պատահական հայտարարություններ չենք անում”,-նշեց Արթուր Աթոյանը:
Արթուր Աթոյանը նշեց, որ իրենց կազմակերպության ահազանգերի հիման վրա պետական բարձրաստիճան կառույցների կողմից այս ոլորտում աջակցության, օգնության ձեռք մեկնելու միտում է նկատում, սակայն իր մտահոգությունն այն է, որ այդ միջոցառումները մինչև կյանքի կոչվելը ձևափոխվում են, ավելին՝ նենգափոխվում, դառնում տնտեսվարողների համար ոչ շահավետ: Ըստ հկ-ի նախագահի՝ որպեսզի պետական կառույցների հանձնարարականները և նախաձեռնած միջոցառումները պահպանեն իրենց օգտակարությանը, նպատակահարմար է, որ այդ նախառեձնությունների կազմակերպման, իրականացման գործընթացներում ներգրավվեն «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» կազմակերպության ներկայացուցիչները:
Ըստ նրա՝ նախագահի անձնակազմից, կառավարության կողմից՝ ի դեմս վարչապետի, լինում են հանձնարարականներ կազմակերպության կողմից ներկայացված փաստերի, հիմքերի, առարկությունների հիման վրա, սակայն երբ գործը հասնում է կոնկրետ տեղերին, կատարող անձանց կողմից հանձնարարականները ենթարկվում են փոփոխությունների, շատ դեպքերում՝ նենգափոխում:
«Այս խնդիրների լուծումը ավելի վերահսկելի դարձնելու, դրանք ըստ էության իրականացնելու համար, ուստի, առաջարկում ենք, որ գործընթացներում ներգրավեն կազմակերպության ներկայացուցիչներին: Սա բխում է ոչ միայն ձկնարտադրողների, այլ նաև մեր ազգային, պետական շահերից.սա արդարացնում է իրեն ամենուր»,-նշեց Արթուր Աթոյանը՝ որակելով սա նոր՝ «բազմաշահավետ գործընթաց» արտահայտությամբ:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ այս հարցը բարձրացվել է դեռ 2011թ.-ին, երբ նախագահի կողմից հանձնարարական տրվեց, որ ոլորտի խնդիրների քննարկումները կատարվեն անպայման այս կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սա տևել է մինչև 2013թ.-ի առաջին եռամսյակը ՝մինչև այն պահը, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն անօրինական միջամտություն է կատարել կազմակերպության աշխատանքներում»,-նշեց Արթուր Աթոյանը և չնշելով այդ պաշտոնյայի անունը՝ միայն հայտնեց, որ դրա հետևանքով համագործակցությունը ընդհատվել է, ի ճիգ դարձել և առայսօր համագործակցության վերականգնման հարցը մնում է բաց:
Tags: "Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն", Արթուր Աթոյան, Բնապահպանության նախարարություն, ձկնարտադրություն