Մայիսին չամուսնանալու ավանդույթը եկել է նախահայկյան ժամանակներից

Գրիգոր ԲրուտյանՀայաստանում շարունակում է տարածված իրողություն մնալ մայիսին չամուսնանալու ավանդույթը: Մարդիկ խուսափում են մայիսին ամուսնանալուց: Առաքելական եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալը, և դա համարում է սնահավատություն:  Այս թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

«Նման ավանդույթները հիմնականում կապում են կրոնական պատկերaցումների հետ: Այս դեպքում դա այդպես չէ: Մենք պարզել ենք դրա ակունքները, երբ ծանոթացել ենք նախահայկյան օրացույցի հետ: Բանն այն է, որ տարեմուտը այն ժամանակ համարվում էր ամառվանից մեկ շաբաթ առաջ, և դրանից առաջ սկսվում էր 70-օրյա արգելքների շրջանը: Ապրիլի 5-ից հունիս 10-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում արգելվում էր մսամթերքի, կաթնամթերքի գործածությունը, արգելվում էին նաև ամուսնական հարաբերությունները, պսակադրությունները: Սրա մնացորդները մնացել են ոչ միայն մեր կյանքում, այլև հարևան երկրների կենսակերպում»,-ասաց Գրիգոր Բրուտյանը, հավելելով, որ իրեն հայտնի չէ` որևէ անհաջողություն եղել է այն ընտանիքների հետ, որոնք պսակադրվել են մայիս ամսին:

301 թվականին քրիստոնեությունը ընդունելուց հետո հին կրոնի հետ կապված շատ ավանդույթներ վերացան, սակայն շատ բեկորներ դրանցից, այնուամենայնիվ, մնացին: «Ես կողմնակից եմ ավանդույթները պահպանելուն: Այն պահպանելը հիմք ունի. դրանք ստեղծվել են իմաստուն մարդկանց կողմից և դիմացել են ժամանակի քննությանը:

 

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս ավանդույթը այլ ազգերից փոխառված լինի, աստղագետը պատասխանեց. “Հայագիտությունը ձևավորվել է Հայաստանից դուրս և հայագետների մեծ մասը կրթություն է ստացել դրսում: Այնտեղ իշխում էր այն միտքը , թե Հայաստանում ինքնուրույն ոչինչ չի եղել: Սակայն, եթե տեսնում ենք , որ նույն երևույթը գոյություն ունի տարբեր տեղերում, պետք է նայել պատճառաբանությանը. տվյալ դեպքում մենք հստակ տեսանք մայիսին չամուսնանալու ավանդույթի ակունքները”:

Tags: ,