Մանկապարտեզներում քաղքենի սովորույթները դեռևս չեն վերանում

ֆոնդՄայրաքաղաքում գործող պետական նախակրթական հաստատությունները` մանկապարտեզները, երբեմն հիշեցնում են վաղեմի բարքերը: Ուրիշին գրպանելը կամ գումար կորզելը ոչնչով չի տարբերվում կաշառքից, որը չմոռանանք` քրեորեն պատժելի է: Ասվածը վերաբերում է դպրոցներում և մանկապարտեզներում դրամահավաքության սովորույթին:

Տարիներ առաջ, երբ մանկապարտեզները դարձան անվճար, և պետությունն իր վրա վերցրեց մանկապարտեզները ֆինանսավորելու բեռը, խստացվեց դրամահավաքության արգելքը: Քաղաքապետարանը վերահսկողություն սահմանեց բոլոր մանկապարտեզներում թե՛ սննդի որակի, թե՛ ավելորդ չարաշահումների ուղղությամբ` գործարկելով թեժ գծի ծառայությունը:

Չերկարացնելու համար նշեմ, որ բոլոր մանկապարտեզներում գործում են պարի, ռուսերենի, նկարչության, ֆիզկուլտուրայի խմբակներ, որոնք վճարովի են և կամավոր: Սակայն կամավոր ասվածը հարաբերական է, քանի որ դաստիարակները, ըստ հատուկ հրահանգի, բոլոր ծնողներին հորդորում են ընդգրկել երեխաներին բոլոր մասնավոր պարապմունքներում:
Սպորտը մանկահասակ երեխաների շրջանում գուցե առողջարար է և նախընտրելի, սակայն ռուսերենը, կարծում եմ, վաղ տարիքի երեխաների համար անըմբռնելի է, հատկապես այն պարագայում, երբ այդ տարիքի երեխաները նոր-նոր են սկսում իրենց մայրենին արտաբերել: Սա կարծես դրամ կուտակելու մի ձև է, որն անհայտ է` ինչ կերպ է տնօրինվում:

Մինչ այս պահը մանկապարտեզներում գործում էր նաև ամենամսյա դրամահավաքության ևս մեկ տեսակ: Ծնողներից 500-ական դրամի հավաքը բացատրվում էր պետության կողմից մանկապարտեզներին հատկացվող կենցաղային որոշ անհրաժեշտ պարագաների սակավությամբ (խոսքը վերաբերում է լվացման և մաքրման պարագաների, անձեռոցիկների, սպասքի ձեռքբերմանը և այլն): Սակայն վերջերս թեժ գծով հնչած բազմաթիվ բողոքներից ելնելով` քաղաքապետարանը խստիվ արգելեց շարունակել դրամահավաքությունը նաև ամենամսյա ֆոնդերի ուղղությամբ: Փոխարենը, ծնողները պարտավորվում են սեփական միջոցների հաշվին ապահովել մանկապարտեզներին վերոնշյալ պարագաներով:

Նշենք, որ վաղուց գործում է նաև «Օգնիր մանկապարտեզին և դպրոցին» հիմնադրամը, որի հավաքած գումարների միջոցով հնարավոր է դառնում մանկապարտեզներում լուծել որոշ առաջնահերթ խնդիրներ նաև մասնավոր հիմունքներով: Օրինակ` ծնողներից մի քանիսի կամավոր ցանկությամբ մանկապարտեզներում գորգեր են փոխվել, սանհանգույցներ են վերանորոգվել, վարագույրներ և պատուհաններ են թարմացվել: Սակայն, հիմնադրամը գործում է զուտ կամավոր սկզբունքով, համենայն դեպս` դա հաստատում են քաղաքապետարանի համապատասխան բաժնի պատասխանատուները:

Իրականում ինչպիսի՞ն է իրավիճակը:

Ամենուր մանկապարտեզի տնօրինության կողմից հայտարարվում է, որ ամսական նվազագույնը 1000-ական դրամ մուծելը ոչ թե պարտադիր, այլ խղճի հարց է: Գումարի վճարումը, ի դեպ, ավելի թափանցիկ կազմակերպելու համար առաջարկվում է կատարել առևտրային բանկերում բացված հատուկ հաշվեհամարներին, որի ընթացքում որպես միջնորդավճար գանձվում է 200 դրամ: Արդյունքում` 1200 դրամն ամեն ամիս մնում է ծնողների հոգսաշատ ուսերին: Իսկ եթե մայրը բազմազավակ է կամ երկու երեխա է մանկապարտեզ տանում` գումարը կրկնապատկվում է:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության ղեկավարը` Գայանե Սողոմոնյանը, քանիցս նշել է, որ այդ գումարը մանկապարտեզի ֆոնդին հանձնելը կատարվում է միայն կամավոր սկզբունքով: Չարաշահումների գործոնը տիկին Սողոմոնյանը բացառում է, քանի որ քաղաքապետարանն այս հարցին մշտապես հետամուտ է. «Ինքս առիթ եմ ունեցել ծնողների հետ հաճախակի հանդիպելու և հորդորելու նրանց, որ պարտադրաբար գումարներ կորզելու պարագայում դիմեն համապատասխան վարչությանը կամ ահազանգեն թեժ գծին: Թեժ գծի համարը հասանելի է և տեսանելի բոլոր ծնողների համար: Նրանք մեզ այսօր օգնում և համագործակցում են մեզ հետ բավական ակտիվորեն: Անհեթեթ զանգեր, բնականաբար, լինում են, սակայն յուրաքանչյուր զանգին հետամուտ ենք լինում կարճ ժամկետում: Նրանց կարծիքն ու ցանկությունը մեզ համար շատ կարևոր է: Նրանք փորձում են մեզ հետ միասին արմատախիլ անել մանկապարտեզներում դեռևս գոյություն ունեցող բացասական երևույթները: Շատ խնդիրներ են եղել, որոնցից շատերը լուծվել ու կանոնակարգվել են»:

Սակայն որոշ մանկապարտեզներում, նույնիսկ` կենտրոն համայնքի, շարունակում են, անվճարունակ կամ վճարումից հրաժարվող ծնողներին ամոթանք տալով, բարեգործական ֆոնդ ձևավորել: Հարց է, թե իրականում ում բոստանն են գնում կենցաղաշատ ու սոցիալական ծանր պայմաններում մի կերպ իրենց գոյությունը քարշ տվող բազմազավակ ընտանիքիների փողերը:

Լ.Ն

Անկախ

Tags: ,