«Այս նախագծի ի՞նչն է հրատապ, որ բերել եք խորհրդարան: Ինչ որ մեկն առանց մեդալի՞ է մնացել, որ էդպես շտապում է»,-զարմացած հարցրեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, երբ խորհրդարանն արտահերթ նիստում սկսեց քննարկել Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների մասին» և «ՀՀ պատվավոր կոչումների մասին» օրենքները:
Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչ երկրների փորձի հիման վրա է կատարվում այս փոփոխությունը. «Կարո՞ղ եք գեթ մեկ երկիր ներկայացնել, բացի նախկին Խորհրդային միության երկրներից, որտեղ կա արվեստի վաստակավոր գործիչ, վաստակավոր կոլեկտիվ կամ նման աբսուրդ հասկացություններ: Պատկերացնո՞ւմ եք, ասենք, որ լինի Մեծ Բրիտանիայի վաստակավոր Բիթլզ»,-հարցրեց նա՝ նշելով, որ բոլոր նախկին սոցիալիստական երկրները նույնպես հրաժարվել են այս սովետական անախրոնիզմից:
Հիմնական զեկուցողն, անդրադառնալով միջազգային փորձին, նշեց, որ նախագծի հիմնավորման մեջ նման վերլուծություն չկա, այլ նշված է, որ օրենքն ընդունված է գոյություն ունեցող Պետական պարգևների մասին օրենքների միավորման հետևանքով, և ըստ էության մեկ օրենքով կարգավորվում է առանձին-առանձին օրենքներով կարգավորվող ոլորտները:
Ալեքսանդր Արզումանյանը շարունակեց իր միտքը. «Մենք այլևս անկախ պետություն ենք և փորձում ենք կամաց-կամաց ձերբազատվել այն ատավիզմներից, որ ժառանգել ենք խորհրդային կայսրությունից: Պետք է ոչ թե լրամշակել խորհրդային ժառանգությունը, այլ հրաժարվել դրանից: Բոլոր մեր նախկին բախտակիցները անկախությունը հռչակելուց հետո անմիջապես հրաժարվել են այս աբսուրդից: Կարծեմ, Վիետնամում են պահպանել դեռ: Իսկ եթե մեկը գնա արտերկիր և ասի՝ ես վաստակավոր կոլեկտիվ եմ ներկայացնում, ուղղակի կծիծաղեն»:
Նրա կարծիքով՝ սա խորհրդային կայսրությունում արտիստներին կաշառելու ընդունված ձև է:
Շքանշանների և մեդալների գծով, սակայն, Արզումանյանը որևէ խնդիր չունի: «Ես լավ արտիստին դեմ չեմ: Լավ արտիստին կարելի է շքանշանններ տալ: Մեդալ տվեք, թող գնա: Մեր շքանշանների պատիվը բարձրացնենք, ոչ թե մարդկանց այս հիմար ձևակերպումներով իբր խրախուսենք»:
Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ սա հակասում է նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի սկզբունքներին. «Եթե նա կենդանի լիներ, կտարակուսեր, որ ՀՀԿ-ն պաշտպանում է մի բան, որը Խորհրդային միությունից է գալիս»:
Նա հորդորեց ՀՀԿ մեծամասնությանը վերհիշել իրենց կուսակցութան հիմնադրի անցած ճանապարհը և կամաց-կամաց հրաժարվել սրանից:
ԲՀԿ խմբակցության քարտուղարն էլ կարծիք հայտնեց, որ այս նախագծից սովետիզմի հոտ է փչում:
«Ընդհանրապես, եթե հոտ է գալիս, լուսամուտները բացում են»,-արձագանքեց Արզումանյանը,-առաջարկում են լուսամուտները բացել»:
Նախագիծը շտապեց պաշտպանել հանրապետական Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքով՝ որևէ վատ բան չկա նրանում, որ մարդիկ տասնյակ տարիներ մաքառել են Խորհրդային Հայաստանում և ստացել են բարոյական խրախուսանք պետության կողմից. «Մենք նրանց նվաճած բարոյական բարձունքները փորձում ենք ներկայացնել ատավիզմ, սա արդարացի չէ: Այո, մենք հպարտ ենք մեր վաստակավոր շինարարներով, ճարտարագետներով: Սա նաև սերունդների կապն է իր մեջ արտացոլում: Պետք է շատ զգույշ լինել, որ ակամայից չվիրավորենեք մարդկանց»,-ասաց նա:
Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հորդորեց հասարակությանը թյուրիմացության մեջ չգցել՝ նշելով, որ հարցը հրատապ չէ, սակայն մտել է արտահերթ նիստի օրակարգ. «2013 թվականի նոյեմբերից սա խորհրդարանում է,-ասաց Նաղդալյանը,-այո, հրատապ հարց չէ, պարզապես կուկատում է գոյացել, որը հիմա փորձում ենք վերացնել»:
Tags: Ազգային ժողով, Ալեքսանդր Արզումանյան, պետական պարգևներ