Մենք դարձել ենք արևմտյան արժեքների գերին. սոցիոլոգ

ընտանիքՄայիսի 15-ը ամբողջ աշխարհում տոնվում է որպես ընտանիքի օր: Ժամանակակից հայ ընտանիքներում եղած խնդիրներից լրագրողների հետ խոսեցին  հոգեբան Հռիփսիմե Պետրոսյանը և ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ, փիլիսոփայության գիտությունների թեկնածու Արտակ Խաչատրյանը:

«Բավականին ողջունելի քայլ է, որ Հայաստանը փորձում է ընդունել  այս օրը որպես տոն, որովհետև ընտանիքը մեր հասարակության մի մասն է, և դրա փոփոխությունները անդրադառնում են ընտանիքի վրա: Սակայն միայն այս քայլը բավարար չէ», – ասաց Հռիփսիմե Պետրոսյանը, նշելով, որ մտահոգված է ավանդական և ժամանակակից ընտանիքներում ստեղծած իրավիճակով. «Ավանդական, հին ընտանիքը,  իր դրական կողմերը չկարողանալով պահել, ներմուծում է եվրոպականը, ինչը քաոսային իրավիճակ է ստեղծել:  Պակասում է այն կարգավորող օղակի դերը, որը նախկինում կատարում էին ծնողները: Այս գործընթացը պետության կողմից պետք է վերահսկվի»:

Հոգեբանը նշեց, որ կան շատ հանգամանքներ, որ ազդել են ընտանիքների վրա, որոնցից ամենաբացասական ազդեցությունը թողել է արտագաղթը. «Սա անդրադառնում է  ընտանիքի գործառույթների վրա, դրա ներքին հարաբերությունների վրա: Շատ դեպքերում երեխայի ուսերին է դրվում ընտանիքը պահելու հոգսը և նման այլ խնդիրներ»,-ասաց նա:

 

Հայկական ընտանիքի համար արտագաղթի ավերիչ հետևանքներից խոսեց նաև  Արտակ Խաչատրյանը. «Արտագաղթի պատճառով շատ ընտանիքներ կիսվեցին: Վերարտադրության տարիքի արական սեռի ներկայացուցիչները հեռացան երկրից: Նրանց սեզոնային արտագաղթը ընթացքում դարձավ  հիմնական: Պատկերացրեք, թե ծնողներից մեկի բացակայությունը ինչպես կարող է ազդել երեխայի դաստիարակության վրա: Հետսովետական ծանր իրավիճակը ազդեց ընտանիքի սոցիալական և կենսսաբանակ վիճակի վրա: Ընտանիքը չի կարողանում ինքն իրեն վերարտադրել: Սոցիալական վատ պայմանների պատճառով շատ երեխաներ հայտնվել են խնամքի կենտրոններում»,- ասաց նա:

Արտակ Խաչատրյանը ընդգծեց նաև Արևմտյան արժեքների բացասական ազդեցությունը հայկական ընտանիքի վրա. «Դրանց ներթափանցումը Հայաստան  անխուսափելի է, որքան էլ բարձր պատեր ստեղծենք: Դրա հետևանքով այսօր շատացել են ամուսնալուծությունները, խառը ամուսնությունները: Ցավալի է, որ մենք դառնում ենք այդ արժեքների գերին: Այս ամենի պատճառը այն է, որ 90-ականներին, երբ նոր էին ներթափանցում եվրոպական արժեքները վերահոսկողություն չեղավ և պետական արժեքային համակարգ չստեղծվեց: Մենք ընդունում ենք այն արժեքները, որը հենց Արևմուտքը մեծ դժկամությամբ է ընդունել»:

Անկախ