Լեզուն այնքան զգացմունքային չէ, որքան ժեստերը

10268302_634542316638213_1507110370_nՄայիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ հաշմանդամության խնդրիրներին նվիրված «Աղջիկը լուսնի վրա» պարային  ներկայացման մասին պատմող ֆիլմի պրեմիերան:

Փետրվարի 26-ին ցուցադրված «Աղջիկը լուսնի վրա» ներկայացումը յուրահատուկ էր նրանով, որ դրա մեջ միասին կողք կողքի հանդես էին գալիս հաշմանդամություն ունեցող և չունեցող պարողներ:
Ներկայացումը կայացել էր ԱՄՆ դեսպանատան և «Կյանքը առանց սահմանների» ծրագրի նախաձեռնությամբ, այն ինքնատիպ էր նրանով, որ ցուցադրվում էր այն երկխոսությունը, որն առաջանում է ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց եւ առօրյա կյանքով ապրողների միջեւ:

Հաշմանդամությունը դատավճիռ չէ, ընդունիր քեզ այնպես, ինչպես  որ կաս: Ապրել է պետք, այլ ոչ թե գոյատևել: Դու կարող ես ողջ աշխարհին ասել, որ դու էլ ես անհատ, դու էլ ունես հարգանքի և սիրո կարիք: Մի՛ կարծիր, թե դա անհնար է, և պատճառներ մի՛ փնտրիր:

«Աղջիկը լուսնի վրա» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արեն Մալաքյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեւել են 5 ամիս, նրանք ապրել եւ փորձել են ցույց տալ, թե ինչ է կատարվում հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ, ովքեր պարում են: Նրանք հերոսներ էին, խոսքերն ավելորդ են. «Հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, նրանք ի վերջո պարեցին բեմում, եւ դա իդեալական էր: Պրոֆեսիոնալ պարողները ջանք չէին խնայում եւ ամեն կերպ փորձում էին հաշմանդամներին ներգրավել ու դառնալ հավասար, դա իրենց մոտ ստացվեց եւ ֆիլմում հստակ երեւում է»:

Ռեժիսորի խոսքով ֆիզիկական արատ չունեցող մարդիկ չեն կարող պատկերացնել, թե ինչքան ուժեղ ու անբացատրելի է հաշմանդամների ցավը, մենք պետք է պարզապես ծիծաղենք մեր փոքրիկ դժվարությունների վրա. «Ֆիլմում նկարահանված երիտասարդները երազկոտ, խելացի, բարի եւ ուժեղ էին, նայելով նրանց միայն հպարտություն էի զգում: Մեր լեզուն այնքան ուժեղ ու զգացմունքային չէ, որքան իրենց ժեստերը, ֆիլմում նրանք անկեղծ էին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Tags: ,