Պետական մակարդակով ծեծեցին հանքափորի աղետյալներին. Անդրանիկ Իսպիրյան

“Ընտրություններից հետո Թուրքիայի քաղաքական դաշտում լիցքաթափում չէր եղել և ընդամենը փոքր կայծ էր պետք բողոքի նոր ալիքի բռնկման համար: Այս կայծը Թուրքիայի Սոմայի շրջանի ածխահանքի պայթյունն էր`300զոհով: Եվ Թուրքիայի վարչապետ  Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցը աղետի վայր բողոքի նոր ալիք բարձրացրեց թե՛ դեպքի վայրում, թե՛ ողջ Թուրքիայում,- այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ներքաղաքական օրակարգերի, բողոքի ալիքի մասին խոսելիս նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրանիկ Իսպիրյան

Ըստ թուրքագետի` վարչապետը, այցելելով Սոմայի շրջան, դարձավ բողոքի թիրախ: Լրատվամիջոցներում տեղ գտած հոլովակներն, ըստ նրա, չտեսնված էին. Էրդողանը մոտենում է ձայնարկող քաղաքացուն և սպառնում բռնությամբ, ապա ապտակում նրան: Սա ողջ աշխարհում մեծ արձագանք գտավ, Թուրքիան հանվեց անպատվության խարան: Իսկ Էրդողանի աջ ձեռքը` խորհրդականը մոտենում է գետնին ընկած ցուցարարին ու հարվածում: Թուրքագետը  երկու բառով մեկնաբանեց սա. “սա նշանակում էր, որ Թուրքիայի իշխանությունները պետական մակարդակով ծեծեցին աղետյալներին”:

Ըստ թուրքագետների` սկսած նախորդ  ընտրություններից, Էրդողանի նյարդերը տեղի էին տալիս և այս դեպքը ցույց տվեց իր անվստահությունը, քինախնդրությունը սեփական ժողովրդի նկատմամբ: Մեկ տարվա մեջ Էրդողանը կորցրեց իր հեղինակությունը ողջ աշխարհում, նրան սկսեցին կոչել բռնապետ, նրան անգամ կոչում էին Ֆյուրեր: Թուրքիայում այժմ պահում են նախագահական ընտրությունների հետ կապված ինտրիգը: Ըստ ներքին կուսակացական օրենքների` երեք անգամից ավել ոչ ոք չի կարող դառնալ վարչապետ: Կա միտում, որ Էրդողանը կառաջադրվի նախագահ: Էրդողանի` նախագահի  պաշտոնում առաջադրելու հավանականությունը կապված է իր այն հայտարարության հետ, որ եթե դառնա նախագահ, ապա իր նախագահությունը չի լինելու արարողակարգային բնույթի: Ըստ քաղաքագետի` եթե դեպքերի բերումով Աբդուլա Գյուլը չառաջադրվի նախագահական ընտրություններում, չընդդիմանա Էրդողանին, ապա Գյուլը կրկին կընտրվի նախագահ: Ի տարբերություն Էրդողանի` Գյուլն իր լեգիտիմությունն ապահովել է թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում:

Ցեղասպանության 99-ամյակի առիթով հայերին ուղղված Էրդողանի ուղերձը  մեկնաբանելիս, Անդրանիկ Իսպիրյանը նշեց, որ այստեղ 2 դիտարկում պետք է անել. Էրդողանի ուղերձը չպաշտպանվեց իր մերձավոր շրջապատի կողմից, թեև ուղերձում Թուրքիայի ազգային անվտանգությանը, շահերին վտանգող ոչ մի միտք չկար: Եվ երկրորդ` ցավոք, աշխարհը, նաև որոշ հայեր Էրդողանի լղոզված հայտարարությանը արձագանքեցին այնպես, ինչպես Թուրքիան էր ուզում: Իսկ Պոլսո հայոց պատրիարք Արամ Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Էրդողանի հայտարարության համար:

Tags: , , ,