Շառլ Ազնավուրը դարձավ 90 տարեկան

Այսօր աշխարհահռչակ շանսոնիե, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, հասարակական գործիչ  Շառլ Ազնավուրի /Շահնուր Վաղինակ Ազնավուրյան/ ծննդյան օրն է։

Շառլ Ազնավուր

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Սեն Ժերմեն դես Պրեսում, Փարիզ, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում: Առաջին երգը` «Ես հարբած եմ» /1944/, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է /մի մասը` երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում` բազմաթիվ միջազգային հիթերի` «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն: Դրանց կատարողներից են` Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք:

Այսօրվա դրությամբ վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Նա հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ «Ջան», «Ինքնակենսագրություն», և «Քեզ համար, Հայաստան»:
Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը՝ «Ազնավուրը Ազնավուրի մասին»:

1988թ.-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է բարեգործական հիմնադրամ։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին «Քեզ համար, Հայաստան» երգի համար: Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային` 2 միլլիոն օրինակով:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան: Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։

 

***

Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:

ՊԻՏԻ ԿԱՐԵՆԱԼ

Պիտի կարենալ ժպտալ վերստին
Երբ քեզ լքում է թանկագինը քո
Ու մնում է լոկ ունայնություն սին
Այս կյանքում տխուր դաժանաբարո
Պիտի կարենալ,ինչ գնով լինի
Պատիվը պահել տղամարդ մնալ
Եվ ինչքան ծանր ու դժվար լինի
Առանց շրջվելու թողնել հեռանալ
Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել
Եվ երջանկության առաջ կորուսյալ
Պիտի կարենալ արցունքը զսպել
Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ:
Պիտի կարենալ սեղանը լքել,
Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի
Ու խղճալի տեսք երբեք չընդունել
Վեր կենալ գնալ առանց աղմուկի:
Պիտի կարենալ կսկիծը դաժան
Թաքցնել օրվա դիմակի ներքո
Եվ սանձահարել ճիչերը ցասման
Վերջին բառերը հեռացող սիրո:
Սառնասիրտ լինել պիտի կարենալ
Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը,
Պիտի կարենալ անվրդով մնալ
Բայց ես քեզ շատ եմ սիրում
Բայց ես չեմ կարողանում
Պիտի կարենալ,բայց ես
Չեմ կարողանում…

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գարունները կբացվեն նորից,
Քո լավ օրերը ետ կգան նորից,
Ձմռանից հետո, դժոխքից հետո,
Կվերընձյուղվի կենաց ծառը քո -
Քեզ համար, Հայաստան:
Գալիք օրերդ նորից կերգեն,
Զավակներդ ամուր տուն կկառուցեն,
Սարսապից հետո ու վախից հետո,
Աստված կբուժի լլկված հողը քո -
Քեզ համար, Հայաստան:
Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,
Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,
Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,
Արար աշխարհը իր սիրտը բացել,
Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:
Եթե քո բախտն ես անգամ անիծում,
Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,
Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,
Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,
Ճակատագիրդ ձեռքդ առնելու,
Ճակատագիրդ ամուր պահելու:

ՄՆԱ

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այսետղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

Tags: , , , ,