Վերջին դասն` առանց վալսի

10175070_746072308748694_6572667188883819966_nՏավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի միջնակարգ դպրոցին այսօր հրաժեշտ տվեց ընդամենը հինգ աշակերտ` երեք տղա երկու աղջիկ` Ռաֆայելը, Հակոբը, Նարեկն ու Սոնան: Նրանց հետ հայրենի գյուղում ավարտական միջոցառմանը մասնակցեց նաև Երևան տեղափոխված Ամրամը, սակայն վալսի համար պարային զույգերը այդպես էլ չձևավորվեցին` չորս տղա, երկու աղջիկ:
10336818_746072368748688_286499344117873782_nՉորաթանի միջնակարգ դպրոցի տնօրեն Վազգեն Զարգարյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Վերջին զանգի սցենարում գերիշխում էր տոնական տրամադրությունը, ուսուցիչներին նվիրված երգեր ու բանաստեղծություններ` համեմված փոխադարձ շնորհակալական բարեմաղթանքներով: Չորաթանի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից միայն մեկն է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն, աղջիկներից մեկն էլ որոշել բուժքույր դառնալ, մյուսները` տղաները, կզորակոչվեն բանակ: Ավարտական միջոցառումը կնշանավորվի փոքրիկ խնջույքով, որը նախատեսված է վաղը: Դա կլինի Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի նվերը` շրջանավարտների Վերջին զանգի առիթով: Վազգեն Զարգարյանի խոսքով, դպրոցի գլխավոր խնդիրը ժամանակակից չափորոշիչներով կրթության և դաստիարակության ապահովումն է: Դպրոցը 2011-ին մասնակի նորոգվել է, ու թեև գյուղը գազիֆիկացված է, բայց դպրոցն ունի ջեռուցման խնդիր: Ըստ դպրոցի տնօրենի` կան դասասենյակներ, որոնք ունեն նորոգման խնդիր, սակայն դրա մասին կարելի է մտածել միայն դպրոցը ջեռուցելուց հետո: Չորաթանում ջանում են բարձր պահել դպրոցի պատիվը, քանի որ ժամանակին Չորաթանը Շամշադինի առաջավոր, ամենամեծ թվով մտավորականներ տված գյուղն էր, դրամատուրգ, ՙՙՄի բուռ ծիծաղ՚՚-ի հեղինակ Արտաշես Քալանթարյանի գյուղը:
Անկախ