Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում էր. Անրի Ռենո

g_image

“Օլանդը կոչ արեց ընկալել այն քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընկալելով այն` փնտրել մի միջոց, թեկուզ մի բանաձև, որը թույլ կտա Հայաստանն ասոցացնել ԵՄ-ի հետ”,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի արդյունքների ամփոփմանը նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը Ֆրանսուա Օլանդի այցը որակեց որպես ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում:  Անրի Ռենոն խիստ կարևորեց նաև Օլանդի ուղերձը, որով խոստացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ լինել Հայաստանում. “սա բավականին կարևոր հայտարարություն է օրենքի ուժով Հայոց  ցեղասպանությունը ճանաչած միակ երկրի ղեկավարի կողմից: Սա ցույց է տալիս խնդրո առարկայի վերաբերալ Ֆրանսիայի որդեգրած ռազմավարությունը”,-նշեց դեսպանը:

Դեսպանը կարևորեց նաև այցի տնտեսական բաղադրիչը, որի առնչությամբ հստակ ուղերձ կար առ Հայաստան. Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում առաջին խոշոր ներդրողն է, և հարկ է այնպես անել, որ Հայաստան-Ֆրանսիա քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրանան նաև տնտեսական հարաբերությունները: Այդ մտայնությանն էր ուղղված նաև Օլանդի այցը Հայաստանում նոր բացվող “Կարֆուր” առևտրի տուն և “Օրանժի” հայկական ներկայացուցչություն:

“Անկախ”-ի այն հարցին, թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն ու դրան հաջորդած 3 համանախագահների  հայտարարությունը ի ՞նչ էր նշանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը նշեց, որ 20-ամյա հրադադարը դեռ խնդրի լուծում չէ և կողմերը պետք է ձեռք առնեն բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար, իսկ համանախագահների հայտարարությունը լիովին համընկնում էր այդ քաղաքականությանը:

Անրի Ռենոն նշեց նաև, որ Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի` ինքնիշխան պետության որոշումն է, և բացառվում է, որ Հայաստանից պահանջվի հրաժարվել այդ որոշումից, բայց հայտարարվեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, ուստի, Ֆրանսիան ևս շահագրգռված է,որ Հայաստանը հավասար կարգավիճակով նստի բանակցային սեղանի շուրջ:

Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, դեսպանը նշեց, որ երկրորդ անգամ արդեն կա անհրաժեշտություն օրենքի նոր նախագիծը անպայման կազմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նկատառումները հաշվի առնելով. սա բարդ գործընթաց է և ժամանակատար, սակայն դեսպանը նշեց, որ Ֆրանսիային հանձնարարված  է սատարել Շվեյցարիային Մարդու իրավունքների եվրոպական դատարան Շվեցարիայի կողմից ներկայացված հայցի կապակցությամբ: “Իսկ Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ հետևում է այս հայցապնդման ճակատագրին, քանի որ եթե Շվեյցարիան դատը շահի, ապա Ֆրանսիայի կողմից ձեռնարկված օրինագծի իրավական հենքը ինքնըստինքյան երևան է գալիս՝ դառնալով անբեկանելի, որովհետև, փաստորեն, արդեն նախադեպը կա”,-նշեց Անրի Ռենոն:

Tags: , , , , , ,