Դրո. այսօր Դրաստամատ Կանայանի ծննդյան օրն է

դրոԴրաստամատ Կանայանը ծնվել է Իգդիրում 1884 թ. մայիսի 31-ին:

Տակավին պատանի` Դրոն տարվում է զինվորական կյանքի ռոմանտիզմով: Երկար ժամանակ թափառում է զորամասերի, զինվորների մոտ, երազում զինվորական ապագայի մասին: Նրա սիրելի կենդանին ձին էր, սիրելի գործիքը` հրացանը: Վաղ տարիքից նա  տարվեց ազգային-հեղափոխական գաղափարներով, անդամակցեց Հայ հեղափոխական դաշնակցությանը: Կռիվը, պատերազմը Դրոյի տարերքն էր, և ժամանակը ցույց տվեց, որ պատանին ճիշտ ընտրություն է կատարել: Դրոյի հայրը ստիպված էր հաշվի նստել տղայի ընտրության հետ ու նրան զինվորական վարժարան ուղարկել:

1903 թ., երբ ցարական հրամանով փակվեցին Կովկասի հայկական դպրոցները, Դրոն պայքարի մեջ մտավ: Անդամակցումը ՀՅԴ-ին նոր խթան եղավ նրա գործունեության մեջ: Դրոն տեսաբան չէր, գործի մարդ էր, և նա դա ապացուցեց նույն 1903 թ., երբ կատարեց իր կյանքի առաջին ահաբեկումը` սպանելով Սուրմալույի Թեջարապատ գյուղի գյուղապետ, մատնիչ Մարտիրոսին: Երբ մահացու վիրավորված Մարտիրոսը ցուցմունք տվեց, որ իրեն սպանողը Դրոն է, իշխանությունները կալանեցին նրան, սակայն ռուս սպաների ցուցմունքով ու միջամտությամբ Դրոն ազատ արձակվեց:

Հայ-թաթարական ընդհարումներն իսկական դպրոց եղան Դրոյի համար: 21 տարեկան Դրոն, Նիկոլ Դումանի հրամանատարությամբ, նախ Բաքվում, ապա Երևանում և Նախիջևանում պատասխանատու հանձնարարություններ էր կատարում` ընդհուպ ղեկավարելով ամբողջ շրջանի հայության ինքնապաշտպանությունը:

Բաքվում ամենածանր իրավիճակն էր հայկական ճակատի համար: Իշխանությունների թելադրանքով ու անթաքույց աջակցությամբ թաթար ամբոխը կոտորում էր հայ ազգաբնակչությանը, ոչնչացնում նրա գույքը: Անգամ այրվեցին հայերին պատկանող նավթահորերը:

Դրոն համընդանուր ճանաչում ստացավ 1905 թ. մայիսի 11-ին, երբ Նիկոլ Դումանի հրահանգով ահաբեկեց Բաքվի հայատյաց նահանգապետ Նակաշիձեին: Դաշնակցության Բաքվի կոմիտեն քննարկում էր, թե ում պիտի հանձնարարի Նակաշիձեի սպանությունը, երբ սենյակ է մտնում քսանամյա պատանին ու թախանձագին խնդրում, որ այդ պատասխանատու գործը հանձնարարեն իրեն: Ի վերջո, պատանու թախանձանքները հասնում են նպատակին, և Դրոն պատվով է կատարում հայ ժողովրդի դահճի սպանությունը, որից հետո կուսակցական ընկերների և ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերում:

Հայ-թաթարական ընդհարումներից հետո Դրաստամատ Կանայանը ՀՅԴ հանձնարարությամբ զբաղվում է Արևմտյան Հայաստան զենք տեղափոխելու գործով: Նա հաստատվում է Բայազետում և զենքի տեղափոխման հետ մեկտեղ զբաղվում Թուրքիայի քուրդ ցեղապետների հետ աշխատանքով` քրդերի մեջ հեղափոխական գաղափարներ  տարածելով:

Դրոն իր ողջ ռազմական տաղանդով փայլեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ նշանակվեց Երկրորդ կամավորական գնդի հրամանատար և գործում էր Վանի ուղղությամբ: Նրա հրամանատարությամբ կամավորների երկրորդ ջոկատը ռազմաճակատ մեկնեց 1914 թ. հոկտեմբերի 24-ին: Նրա ջոկատում հաշվառված էր 380 մարտիկ, որոնցից 50-ը` հեծյալներ:

Հետաքրքիր դիպված կա Դրոյի` այդ շրջանի կյանքի մասին: Երբ նա վիրավոր պառկած էր Թիֆլիսի զինվորական հոսպիտալում, նրան է այցելում անձամբ Նիկոլայ Երկրորդ կայսրը` պետական պարգև հանձնելու: Հիվանդասենյակում ցարը հարցնում է Դրոյին, թե որտեղ է սովորել այդպես քաջաբար կռվել: «Հեղափոխության մեջ»,-պատասխանում է Դրոն: Թուլասիրտ կայսրը շտապում է դուրս գալ Դրոյի հիվանդասենյակից:

1918 թ. մայիսի 23-27-ը նա ստանձնեց Ապարանի ճակատի հրամանատարությունը: Ապարանի ճակատամարտը հիրավի Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր: Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն փոքրաթիվ ուժերով (6000 կռվող) կասեցնել թուրքական 13000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից: Առհասարակ, 1918 թ. մայիսին հարձակվող 35000-ոց թուրքական կանոնավոր բանակին դիմագրավում էր 12000-ոց Հայկական կորպուսը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո Դրոն ձեռնամուխ եղավ հայկական բանակի կազմավորմանը: Սակայն նրա վաստակը անուրանալի է հատկապես երկրի ներքաղաքական կյանքի կայունացման գործում: Դրոն ստեղծեց հատուկ հարվածային խումբ, որի նպատակը մաուզերիզմի դեմ պայքարն էր: Դրոն կարճ ժամանակամիջոցում կարողացավ խիստ միջոցներով արմատախիլ անել մաուզերիզմը Հայաստանում և երկրում կարգ ու կանոն հաստատել:

1918 թ. դեկտեմբերին սկսված հայ-վրացական պատերազմի ժամանակ ՀՀ կառավարությունը հենց Դրոյին վստահեց հայկական բանակի հրամանատարությունն ու հանձնարարեց Լոռին մաքրել վրացիներից: Շուրջ մեկ ամիս տևած պատերազմի ընթացքում Դրոն ջախջախեց վրացի գեներալ Ծուլուկիձեի ուժերը, մաքրեց Լոռին վրացիներից և պատրաստվեց շարժվել Թիֆլիսի վրա: Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ:

1919 թ. ՀՀ կառավարությունը Դրոյին շնորհեց գեներալի զինվորական կոչում:

1920 թ. աշնանը` Սիմոն Վրացյանի վարչապետության օրոք, Դրաստամատ Կանայանը ստանձնեց ռազմական նախարարի պաշտոնը:

1920 թ. դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, համաձայն ՀՀ կառավարության և Հայհեղկոմի միջև կնքված պայմանագրի, ՀՀ կառավարությունից Դրոն և Տերտերյանը մինչև Հայհեղկոմի Երևան ժամանելը մնացին անցումային կառավարության մեջ: Այդ ժամանակամիջոցում Դրոն և Կարմիր բանակի զորահրամանատար Սիլինն էին երկրի փաստացի ղեկավարները: Երբ Երևան ժամանեց Հայհեղկոմը, սկսվեցին բռնությունները բնակչության դեմ: Դրոն միակն էր, որ ըմբոստացավ և ընդդիմացավ հայ բոլշևիկների գործելակերպին: Ի վերջո, նրան գործուղեցին Մոսկվա, ուր 5 տարի բանտարկված պահելուց հետո արտաքսեցին Ռումինիա:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին մեծ էր Դրոյի դերը հայ ռազմագերիների փրկության աշխատանքներում: Առհասարակ նա էապես նպաստեց, որ ֆաշիստական Գերմանիան փոխեր իր վերաբերմունքը հայերի հանդեպ, և հայերը Եվրոպայում չունենային հրեաների ճակատագիրը:

Դրոն հարաբերություններ ուներ գերմանական բարձրաստիճան զինվորականության, հատկապես` Ռոզենբերգի հետ և նրա միջոցով ցանկանում էր իրականացնել իր ծրագրերը, այն է` հայ ռազմագերիներից կազմել Հայկական լեգեոն, ինչն էլ կյանքի կոչվեց: Հայկական լեգեոնի վրա դրված էր Հայաստանը փրկելու առաքելությունը: Եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտում, Թուրքիան պատրաստ էր պատերազմ հայտարարել Խորհրդային Միությանն ու ներխուժել Հայաստան: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կմնար այդ ժամանակ Հայաստանից և հայությունից: Եվ Հայկական լեգեոնի առաքելությունը պետք է լիներ այն, որ Ստալինգրադի մոտ գերմանական զորքերի հաղթանակից անմիջապես հետո, երբ այլևս բաց կլինեին Կովկասի դարպասները, այս հայկական զորքը պետք է արագ երթով հյուսիսից մտներ Հայաստան:Շարունակությունը կարդացեք այստեղ:

Անկախ