Ընտրություններին հաջորդած իրադրությունը կանխատեսելի էր

Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ. արդյունքում «Շոկոլադի թագավոր», միլիարդատեր գործարար Պյոտր Պորոշենկոն ընտրվեց Ուկրաիայի նախագահ՝ ստանալով ընտրողների ձայների 57.31 %-ը։

pmge4fjq2

Գաղտնիք չէ, որ Արևմուտքը շահագրգռված էր ընտրությունների շուտափույթ անցկացման ու արդյունքների ճանաչման մեջ. այս մասին էին վկայում նաև հայ քաղաքագետները. մասնավորապես՝ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Ուկրաինայում ընտրությունների այս կամ այն կերպ անցկացումը արդեն հաջողություն էր համարում  առկա ճգնաժամի պայմաններում:   Պարզ էր նաև, որ Ուկրաինայի բոլոր հատվածներում ընտրությունների անցկացման համար չկային անգամ նվազագույն անհրաժեշտ պայմաններ, չէին անցկացվում ընտրարշավներ, շատ շրջաններ վերահսկվում էին զինյալների կողմից, և նման պարագայում բնականոն ընտրությունների մասին խոսելն ավելորդ է:

Արևմուտքը սպառնում էր Ռուսաստանին ավելացնել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը չճանաչեր  ընտրությունների արդյունքները, իսկ  Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շեշտում  էր Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքների` բոլորի կողմից ընդունման կարևորությունը՝ նշելով, որ իր կարծիքով Ռուսաստանը չի ցանկանում միջազգայնորեն մեկուսացվել:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն,  հայտարարեց, որ «Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հետ երկխոսության»՝ նշելով, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին՝ չնայած նրան, որ ընտրությունները ոչ բնականոն հունով են անցկացվել ու բոլոր թեկնածուների համար պայմանները հավասար չէին, եղել են թեկնածուներին վախեցնելու, բռնությունների դեպքեր։

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնեց, որ հաղթող Պորոշենկոն, հուսով է, չի նպաստի Կիևում արևելյան շրջանների նկատմամբ արմատական տրամադրությունների տարածմանը՝ ավելացնելով. «Գլխավորը, հավանաբար, ներկա իշխանությունները հարգանքով վերաբերեն իրենց քաղաքացիներին, նպաստեն կոմպրոմիսային համաձայնությունների ձեռքբերմանը, որը հաշվի կառնի բոլոր քաղաքական ուժերի, էթնիկ, կրոնական խմբերի շահերը»։   Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, ընտրություններից հետո արդյունքների վերաբերյալ հայտարարություն չի արել, սակայն մայիսի 23-ին նշել է, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «ուկրաինական ժողովրդի յուրաքանչյուր ընտրությանը» և կաշխատի նոր իշխանական կառույցների հետ։ Պուտինը նշեց նաև, որ խելամիտ կլիներ հանրաքվե անցկացնել, փոխել Ուկրաինայի Սահմանադրությունը և հետո միայն ձևավորել իշխանությունները, այդ թվում՝ ընտրել նոր խորհրդարան ու նախագահ։

Պարզ է մեկ բան` միանշանակ չենք կարող ընկալել Պուտինի հայտարարությունները և դրանք նորովի մեկնաբանվելու հնարավորություն ունեն։

Փոխարենը, ինչպես կանխատեսվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է շնորհավորել  Ուկրաինայի ժողովրդին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առթիվ և հայտարարել է հաղթողների հետ աշխատելու պատրաստակամության մասին։

Որքանո՞վ սա կլուծի Ուկրաինայում առկա ճգնաժամը, ցույց կտա ժամանակը։  Ամեն դեպքում, ըստ քաղաքագետների՝  ընտրությունների անցկակցմամբ Ուկրաինայում իրավիճակը  չենք կարող լիովին համարել կարգավորված, սրան կհետևեն նոր իրադարձություններ, որոնք ցույց կտան անցկացված նախագահական ընտրությունների դերը Ուկրաինայում իրավիճակի հնարավոր հանգուցալուծման հարցում։

Արմինե Ավետիսյան

Tags: , , , , ,