Իրանի նավթարյունաբերության ոլորտը ներդրումների կարիք ունի

Iran oil investorsՄինչև 2015-ի սկիզբն Իրանի նավթի ազգային ընկերությունը 19 մլրդ դոլարի ներդրումներ կկատարի երկրի նավթարդյունաբերական ծրագրերում:

Ուշագրավ է, որ, 2012-ի հունվարից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով, Իրանն օրական սկսել է արդյունահանել 3,4 մլն բարել անմշակ նավթ, նախկինի` 4 մլն բարելի փոխարեն:

Փորձագետները նշում են, որ, եթե պատժամիջոցներ այլևս չկիրառվեն, ապա  մինչև 2018-ն  Իրանում արդյունահանվող անմշակ նավթի ծավալն օրական կհասնի  5,7 մլն բարելի:

Չնայած աշխարհի խոշոր նավթընկերությունները ցանկություն ունեն ներդրումներ կատարել Իրանի նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում, բայց Իրանի նկատմամբ սահմանված շրջափակումները և պատժամիջոցները պատճառ են դարձել, որ հատկապես  2005-2009-ի ընթացքում եվրոպական նավթընկերությունները աստիճանաբար լքեն Իրանը:

Ավելի վաղ ամերիկյան ընկերությունները` «Շևրոնը», «Հալիբերթոն», «Կոնոկո-Ֆիլիպսը»,  մասնակցել են իրանական նավթարդյունաբերության ոլորտի մի քանի  նախագծերի իրականացմանը:

Իրանի և ամերիկյան նավթընկերությունների միջև նավթային կարևորագույն պայմանագիրը վերաբերում է «Հարավային Ֆարս» գազային հանքավայրի 9-րդ և 10-րդ հոսքագծերի զարգացման նախագծին: Իրանն այդ պայմանագիրը ստորագրել էր ամերիկյան «Հալիբերթոն» ընկերության հետ:

Իսլամական հանրապետության 9-րդ կառավարության օրոք, ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով,  ձախողվեց այդ պայմանագիրը և «Հալիբերթոն» ընկերությունը հեռացավ Իրանի նավթարդյունաբերությունից:

Վերջին ամիսներին հակաիրանական շրջափակումների վերացման հետ կապվող հույսերը միջազգային նավթընկերություններին թելադրել են  աշխատանքներ վերսկսելու Իրանի նավթի ու գազի նախագծերին մասնակցելու  ուղղությամբ:

Ի դեպ, Իրանի նավթի նախարարությունն ևս, ազգային շահերի ապահովման և արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար, ցանկանում է փոփոխություններ կատարել նավթային պայմանագրերում: Ինչ խոսք, դա կնպաստի, որպեսզի Իրանի և արտասահմանյան նավթընկերությունների համագործակցության առավել արդյունավետ ու եկամտաբեր դառնա:

Երկու շաբաթ առաջ Իրանի նավթի նախարար  Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանը նավթային պայմանագրերի ստորագրման շուրջը բանակցություններ է վարում եվրոպական ընկերությունների հետ, սակայն վերջիններս դեռևս այդքան էլ պատրաստ չեն դրան:

Այս ոլորտում կայուն չէ Իրանի համագործակցությունը Չինաստանի հետ: Դա է վկայում այն փաստը, որ մայիսի սկզբին Թեհրանը խզեց Պեկինի հետ 2,5 մլդ դոլարի նավթային պայմանագիրը՝ կապված ստանձնած պարտավորությունների իրագործման հետ:

Ավելի վաղ Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիային (CNPC) զգուշացրել էր պայմանագրի խզման հնարավորության մասին և 90 օր տրամադրել՝ պարտքերը մարելու համար: Սակայն Չինաստանն իրավիճակը կարգավորելու համար ոչ մի քայլ չէր ձեռնարկել:

Ինչպես նշվեց, Իրանի նավթի նախարարը հրամանագրեր է ստորագրել նավթային պայմանագրերում բարեփոխումներ կատարելու համար, և ներկայումս հատուկ թիմ է աշխատում այդ ուղղությամբ:

Իրանի նավթային նոր պայմանագրերի կարևորագույն յուրահատկություններն են լինելու` շղթայական արդյունահանումների կատարելագործումը, զարգացումը, շահագործումը, ավելի մեծ քանակով  ներքին ու արտասահմանյան ներդրողների ներգրավումը, անգամ` վերջիններիս միջև հնարավոր մրցակցության ստեղծումը:

Իրանը կարող է օգտվել օտար ներդրողների օգնությունից՝ իրագործելու «Հարավային Ֆարս» հսկայական գազային հանքավայրի մշակման մնացյալ երկու փուլերը:

Ուշագրավ է, որ իրանական «Հարավային Ֆարս» հանքավայրի գազային պաշարները կազմում են մոտ 14 տրիլիոն խորանարդ մետր գազ, կամ էլ գազի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը:

 

Արմինե Բեգլարյան

Անկախ

Tags: ,