Ամեն օր մայիսքսանության հոգիվիճակի մեջ պետք է լինենք. Ժիրայր Սեֆիլյան

նախախորհրդարան«Մայիսի 28-ի խորհուրդը միշտ էլ առանձնահատուկ է եղել, սակայն ես համոզված եմ, որ սեպտեմբերի երեքից հետո, երբ գործող ռեժիմը արագ վազքով սկսեց սլանալ դեպի Մաքսային միություն, այսինքն՝ դեպի նորացված Խորհրդային Միություն, մենք ամեն օր մայիսքսանության հոգիվիճակի մեջ  պետք է լինենք, որպեսզի թույլ չտանք պատմության կրկնությունը»,- այսօր Հանրապետության հրապարակում Առաջին հանրապետության անկախացմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Նախախորհրդարանի հիմնադիր, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։

Նա նշեց, որ կոպիտ սխալ է կարծելը, որ գոյությունը պահպանելու համար Հայաստանը անպայման պետք է «ռուսական կայսրության փեշերից կախված լինի». «Հայաստանը միշտ հաղթել է, երբ հույսը չի դրել օտարների վրա.  դա են վկայում Սարդարապատի հերոսամարտը 1918-ին և Արցախյան ազատամարտը 1990-ականներին»։

unnamedՍեֆիլյանը անդրադարձավ նաև վերջին ամիսներին հայ զինվորների մահվան դեպքերին. «Վերջին ամիսներին շատ ենք սկսել լսել կորուստների մասին։ Զինադադարից հետո 20 տարի է անցել։ Եթե այս ամբողջ ապիկարությունը տեղի ունենար հետզինադադարյան անմիջական տարիներին, մենք կարող էինք հուսալ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի այդ ամենը, այնպիսի քաղաքականություն կորդեգրվի, որ կբացառի խաղաղ պայմաններում հայ զինվորի մահը, սակայն հակառակն է  տեղի ունենում.  որքան տարիներ են անցնում, այնքան զոհերի քանակը մեծանում է»,-նշեց նա։

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը:
նշեց, որ պատմության ընթացքը շարունակում է Հայաստանին սպառնալ նույնպիսի վտանգներով, ինչպես 1918-ին. «Պարադոքս է այն, որ այսօր օբյեկտիվ գնահատմամբ ՀՀ-ը և հայությունը գտնվում են ավելի բարեբեր վիճակում, քան 1918-ի մայիսին: Ուրեմն ոչ անելանելի վիճակ է, սակայն նույնպես ազգովին և պետականորեն վերանալու վտանգ կա: Այս պարադոքսի գաղտնիքը դեռևս ամբողջական ազգային գոյություն, ոգեղենություն դեռևս չգտնելու մեջ է մնում»:
Միաժամանակ ասուլիսին ներկայացվեց նաև Նախախորհրդարանի հայտարարությունը մայիսի 28-ի կապակցությամբ, որում նախաձեռնության անդամները մասնավորապես նշում են, որ առաջին հանրապետության ստեղծումը մեր պատմության շրջադարձն է. «Ցավոք՝ ներքին ու արտաքին ծանրագույն հանգամանքների ազդեցությամբ մեր ինքնիշխան կյանքի ընթացքը կասեցվեց, և մենք նորից ենթարկվեցինք այս անգամ արդեն խորհրդառուսական կայսրության յոթանասունամյա գաղութացման Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը ևս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար»:

Նախախորհրդարանի անդամները հավելում են. «Հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի»:

Նախախորհրդարանը մշակել է ազգային ռազմավարություն, ժողովրդի կամքը ներկայացնող մարմին՝ Հիմնադիր խորհրդարան և կոչ է  անում Հայաստանի քաղաքացիներին առաջադրել իրենց թեկնածությունը պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման աշխատանքներին։

Անկախ