Կյանքից հեռացավ հայկական հանդբոլի կնքահայրը

a0388885-րդ աշունը չթևակոխած կյանքին հրաժեշտ տվեց հայկական հանդբոլի երախտավոր Սպարտակ Ծառուկյանը: Հիրավի, մեծ է նրա ներդրումն այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու գործում: Ծառուկյանը տարիներ շարունակ գլխավորել է Հայաստանի հանդբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները: Այնպես որ, մեր երկրի բոլոր ճանաչված խաղացողները, այդ թվում նաև հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ներկայիս նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Սարգիս Գրիգորյանը, նրա սաներներն են: Պատահական չէ, որ Սպարտակ Իշխանիչին արժանիորեն համարում են մեր բոլոր մարզիկների, մարզիչների կնքահայրը:

Ծառուկյանը ծնվել է 1929-ի նոյեմբերի 7-ին  Սարդարապատում  (Արմավիրի մարզ): 1955-ին ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և աշխատանքի անցել նույն բուհի մարզական խաղերի ամբիոնում` որպես դասախոս, 1995-ից կրել է դոցենտի կոչում: Մարզական բնագավառում նա փառահեղ ուղի է անցել: Նախ, Ծառուկյանն ինքն է եղել առաջատար մարզիկ: Ի դեպ, սկզբում հրապուրվել է բասկետբոլով և 1954-ին դարձել է ԽՍՀՄ առաջնության մրցանակակիր: Ապա, անդավաճան նվիրվելով հանդբոլին, նա  խաղահրապարակում իր թիմակիցների հետ միջազգային մրցաշարերում բարձր է պահել Հայաստանի  պատիվը, հետո էլ  արդեն մեր երկրի հավաքական թիմերի գլխավոր մարզիչն է եղել:
1966-ից Ծառուկյանը Հայաստանի վաստակավոր մարզիչ է: Նրա մի քանի տասնյակ սաներ ներկայումս մարզչական աշխատանք են կատարում մեր երկրի տարբեր հաստատություններում: Ընդ որում, այդ մասնագետներից շուրջ մեկուկես տասնյակը կրում են Հայաստանի վաստակավոր մարզչի կոչում: Ծառուկյանը մի շարք գիտամեթոդական աշխատությունների հեղինակ է:
Նա մինչև կյանքի վերջը մասնակցում էր Հայաստանի հանդբոլային անցուդարձին, ներկա էր գտնվում մրցումներին, ֆեդերացիայի նախագահության նիստերին, օգտակար խորհուրդներ տալիս:
Անվանի մասնագետի հիշատակը հավերժ վառ կմնա ճանաչողների սրտերում:
«Անկախի» խմբագրակազմը  ցավակցում է Սպարտակ Ծառուկյանի ընտանինքին, հարազատներին, կիսում նրանց վիշտը:

Tags: ,