Միկոյանների կողմից գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե ՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին

collage_photocat

Այսօր հասարակական-քաղաքական քննարկում էր ծավալվել Անաստաս Միկոյանի  հուշարձանի տեղադրման Երևանի ավագանու որոշման, դրա արձագանքների ու հետևանքների թեմայով:

Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը քննարկման ժամանակ նշեց, որ դեմ է ժողովրդից Անաստաս Միկոյանին հեռացնելու բոլոր փորձերին և ներկայացրեց փաստեր, որ ցույց էին տալիս Միկոյանի` Ստալինի քաղաքականությանը դեմ լինելու հանգամանքը, սակայն արձանի տեղադրման հարցում չի կարողանում կողմնորոշվել`ճիշտ կլինի այն տեղադրել Երևանու ՞ մ, թե ՞ նրա ծննդավայրում:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ եթե մարդուն ասում են սրիկա,  բնականաբար, չի նշանակում, որ նա սրիկա է ամեն ինչում: Ըստ նրա` Անաստաս Միկոյանն  իր կամքով, թե դրան հակառակ` մասնակցել է հայ և մյուս ազգերի նկատմամբ իրականացված ոճրագործություններին: Նա առաջնորդվել է սեփական շահերով միայն. մեկ կանգնել է Ստալինի, մեկ էլ`  Խրուշչովի կողքին: “Յուրաքանչյուրն էլ ինչ-որ լավ բան անում է, բայց անտեսել Միկոյանի նմանների վատ արարքները, համարում եմ սխալ:  Սովետական Միությունը մեր պատմությունն է, բայց դա չի նշանակում, որ պիտի սրբացնենք այն, սրիկաներին մեծարենք ու նրանց արձանը կանգնեցնենք, ինչ է թե ազգանունն ավարտվում է յան-ով>>,-նշեց Վարդան Հարությունյանը:

Ա1+ հեռուստատեսության տնօրեն Մովսես Մեսրոպյանը  համամիտ է Վարդան Հարությունյանի հետ. “Այդ որոշումը ընդունողների ու Միկոյանների միջև տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ուզում են ավելի լավ կաթոլիկ երևալ,քան Հռոմի Պապը: Սա ասում եմ նրա համար, որ Հայաստանում առկա` Հայաստանը ամենայն հայոց գերեզմանոցի վերածելու հոգեբանությունը պիտի վերանա: Այս արձանի տեղադրման հարցն, ըստ իս, քննարկվում է այլ հարցերից հանրային ուշադրությունը շեղելու համար”,-նշեց Մովսես Մեսրոպյանը:

“Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանն էլ ինչ-որ առումով  կողմ էր արձանը տեղադրելու գաղափարին. այն լավ միջոց կլինի մանակավարժների համար` ցույց տալու իրենց սաներին, թե ինչպիսին չպետք է լինի մարդը: Սանասարյանը ավելացրեց. “Վանդալիզմին դեմ եմ, բայց խոստանում եմ` այդ արձանը բարվոք վիճակում չի մնալու”: Իսկ վաղը Դավիթ Սանասարյանը Երևանի ավագանու հերթական նիստում “Ժառանգություն” կուսակցության ու այլ ուժերի անունից այս արձանի տեղադրման դեմ հայտարարությամբ է հանդես գալու:

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր տագնապի մեջ ենք: “Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին այս քայլը ոտնձգություն է Ցեղասպանությունից մազապուրծ եղած այն հազարավոր հայորդիների հանդեպ, ովքեր չկարողացան մազապուրծ լինել Ստալինյան մեծ ահաբեկչությունից: Պապս էլ նրանցից մեկն էր. մազապուրծ լինելով և հրաշքով փրկվելով թուրքերի չարագործություններից` հետագայում մեղադրվեց Խանջյանականության մեջ, իսկ նրա նման հազարավորները հուշարձանի արժանի են:  Հիմնական հարվածը արևմտահայությանը հասավ` ցեղասպանված արևմտահայությանը. նրանք կասկածի տակ էին, նրանք էին հայ ժողովրդի փլատակները վերականգնողները և անցանկալի տարր էին: Սա մեծ ոճիր էր: Գնդակահարվածների ժառանգները չգիտեն` որտե՞ղ խունկ վառել իրենց պապերի հիշատակին”,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը: Հայ ժողովրդի այդ “փունջը”, ըստ նրա, արժանի էր հավաքական հուշարձանի: Փոխարենը` “ի ՞ նչ է կատարվում.այսօր այդ Ստալինյան ոճրագործությունների մասնակից Միկոյանի արձանն են ուզում տեղադրել: Արձանի տեղադրման հարցն արծարծելն ու առավել ևս` քննարկելը, խիստ վտանգավոր է ու ամոթալի”,-ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Իսկ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ դեմ է արձանի տեղադրմանը նաև որպես մանկավարժ, քանի որ սերնդին հզոր կերպարներ է պետք դաստիարակել: Նա տեղեկացրեց, որ մշակույթի հանձնաժողովի նիստի ժամանակ ինքն էլ է կողմ քվեարկել արձանի տեղադրմանը`առանց հասկանալու խնդրի ողջ էությունը, սակայն Հայկ Դեմոյանի հայտարարությունից հետո ինքն ու մյուսները անմիջապես կողմնորոշվել են ու դեմ քվեարկել: Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ 140 ստորագրությամբ նամակ են ստացել մտավորականներից ու խնդրում են հանրությանն աջակցել իրենց  բոլոր հնարավոր ձևերով` կանխելու Միկոյանի արձանի տեղադրումը:

 

Tags: , , , , , , ,