Պետությունը պետք է ամենամեծ բեռը կրի Հայաստանը գովազդելու առումով

DSC08892«Ամեն տարի Հայաստան է այցելում մոտ 900 հազար զբոսաշրջիկ և մոտավորապես նույնքան անց է կացնում իր հանգիստը դրսում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տուրիզմի ոլորտի ներկայացուցիչ,  «Armenia travel» տուրիստական կազմակերպության նախագահ Մարինա Կպրյանը, ընդգծելով, որ ամեն տարի ներգնա տուրիզմը 10 տոկոս աճ է գրանցում, և մեծանում է այն երկրների շրջանակը, որտեղից տուրիստներ են այցելում Հայաստանը:

Սա, ինչպես պետության, այնպես էլ մասնավոր ընկերությունների կատարած աշխատանքի արդյունքն է. «Ինչպես պետական կազմակերպությունները, այնպես էլ մասնավոր  ընկերությունները մասնակցում են տուրիստական ցուցահանդեսների, որոնց  ժամանակ ներկայացնում են Հայաստանի տուրիստական պրոդուկտը: Եթե նախկինում միայն մեկ մասնավոր ընկերություն էր մասնակցում նման միջոցառումների, ապա այժմ ավելի քան 10 ընկերություն է ներկայացնում Հայաստանը»:

«Տուրիզմը Հայաստանում կրում է սեզոնային բնույթ: Տուրիստական պրոդուկտը հիմնականում մշակութային է և ճանաչողական: Մեր նպատակն է զարգացնել այլ ուղղություններ` էքստրեմալ, գյուղական և այլն: Աճ տեղի է ունենում, որովհետև տուրիզմը ոչ միայն ազգային խնդիր է, այլև տուրիստական ընկերությունները հասկանում են, որ դա շահավետ աշխատանք է: Այնուամենայնիվ պետությունը պետք է ամենամեծ բեռը կրի Հայաստանը գովազդելու առումով», – ասաց ոլորտի ներկայացուցիչ Գարի Շահինյանը: Ըստ նրա` Հայաստանը գրավում է օտարերկրացիներին նախ քաղաքական կայուն վիճակով: «Մեր երկիրը ունի երկար տարիների պատմություն, հարուստ մշակույթ, ինչը գրավում է եվրոպացի ինտելեկտուալ զբոսաշրջիկներին: Ժողովրդի հյուրասիրությունը ևս միշտ հաճելի է տուրիստներին: Մեծ դեր ունի նաև խոհանոցը: Զբոսաշրջիկները սիրում են հայկական սեղանների լիությունը. Եվրոպայում դա ընդունված չէ: Մենք միշտ նրանց առաջարկում ենք ազգային ուտեստներ` տոլմա, քյուֆթա, խորոված, բանջարեղեն»,-ասաց նա:

Ակտիվ տուրիստական շրջանը Հայաստանում սկսվում է մարտ-ապրիլ ամիսներից և ավարտվում է նոյեմբերի սկզբում: Ամառային սեզոնի ժամանակ ավելի շատ այցելուներ են լինում, իսկ ձմեռային տուրիզմի առումով Հայաստանը դեռ պետք է շատ աշխատանքեր տանի: «Ձմեռային սեզոնի ժամանակ Հայաստանը այնքան էլ գրավիչ չէ օտարերկրացիների համար: Այդ շրջանում Հայաստանը միայն կորպորացիոն և էստրեմալ տուրիզմ կարող  է առաջարկել», – նշեց Մարինա Կպրյանը:

 

Հայաստան են այցելում հիմնականում Արևմտյան Եվրոպայից, այդ թվում ` Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Պորտուգալիա: Քիչ չեն տուրիստները Ճապոնիայից: ԱՄՆ-ից ակտիվություն չի նկատվում: Վերջին տարիներին Հայաստանով սկսել են հետաքրքրվել Հարավային Ամերիկայի բնակիչները: Կայուն է Սփյուռքից այցելությունների թիվը:

Արտերկրից եկած զբոսաշրջիկի համար Հայաստանում հանգիստը արժե մոտ 500-1000 եվրո:

Արդիական խնդիր է շարունակում մնալ հյուրանոցների սակավաթիվ լինելր: Ակտիվ սեզոնի ընթացքում հյուրանոցներում ազատ տեղեր չեն լինում, ինչի պատճառով տուրգործակալությունները հավելյալ տուրիստներ չեն կարողանում ընդունել:

«Հասարակական զուգարանների խնդիրը այժմ այնքան էլ արդիական չէ, քանի որ, բացի այն, որ շատ տեղերում արդեն զուգարաններ տեղադրվել են, տուրիստական ընկերությունները այնպես են փորձում կազմակերպել իրենց երթերը, որ նման խնդիր չառաջանա»,- ասաց Կպրյանը:

 

Կպրյանի կարծիքով, զարմանալի չէ, որ հայերը հիմնականում այլ երկրներում են հանգստանում:. «Բնական է, որ Հայաստանի քաղաքացիները այլ երկրներում են գերադասում հանգստանալ: Դա միայն ֆինանսների հարցը չէ: Մարդիկ ցանկանում են նոր երևույթներ բացահայտել: Հայերը, օրինակ, սիրում են ծովային երկրներ, իսկ ծովային երկիր Իտալիայի քաղաքացիները ևս այլ երկրներում են հանգստանում»:

 Անկախ

Tags: , ,