Ի տարբերություն Հայաստանի, որը չի ճանաչում ԼՂ-ն, ՌԴ-ն ճանաչել է Ղրիմը որպես իր տարածքի մաս. Մոդեստ Կոլերով. tert.am

g_imageՌուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովը,  Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նուրսուլթան Նազարբաևի կողմից Իլհամ Ալիևի նամակը կարդալուն, նշեց, որ դա նրա ադեկվատ պատասխան քայլն էր Երևանի վերջնագրի, որը ներկայացվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի շուրթերով: Ի պատասխան հարցադրման, թե ռուսական կողմը՝ եվրոպացիների օրինակով,  հաշվի չի առնում այն աշխարհագրական ու աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը ու կոշտ պայմաններ ու նախապայմաններ է դնում, ասաց. «Որտե՞ղ են այդ կոշտ պայմանները: Լրիվ, հակառակը, եթե Հայաստանը չբարձրացներ այդ հարցը՝ վերջնագրի տեսքով, հարցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի տնտեսական գործունեության հետ, դե ֆակտո լուծված էր լինելու: Դա բոլորը գիտեն: Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները այդ մասին գիտեն՝ «առաջին ձեռքից»:

-Առաջին հարցը վերաբերում է Ադրբեջանի նախագահի նամակին, որը հրապարակավ ընթերցվեց նախագահների հանդիպմանը և որը, ըստ հայկական որոշ վերլուծաբանների՝ կարող էր քննարկվել փակ ձևաչափում: Նշենք, որ մի կողմից սա անհարմար դրության մեջ դրեց Հայաստանի նախագահին: Ձեր կարծիքով՝ տվյալ քայլն ի՞նչ նպատակ էր հետապնդում:

-Իմ կարծիքով՝ այս թեմայով Նազարբաևի հրապարակավ ելույթը փորձ էր՝ պատասխանելու Հայաստանի հրապարակավ այն վերջնագրին, որ Հայաստանը կամ կմտնի Մաքսային միություն՝ Ղարաբաղի տարածքով, կամ, առհասարակ, չի մտնի: Ես կարծում եմ…նկատի ունեմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մոտ մեկ շաբաթ առաջ արված հայտարարությունը: Ես կարծում եմ, որ Նազարբաևը ադեկվատ գնահատում է, որ այդ վերջնագիրը ուղղված էր ԵՏՄ բոլոր պետությունների առաջնորդներին ևս:

-Ռուսաստանը նույնպես մտել է Եվրասիական տնտեսական միություն, և արդյո՞ք դա արվել է այն ՄԱԿ-ի կողմից միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչին հղում է անում Ւլհամ Ալիևը: Նկատի ունեմ Ղրիմի հարցը:

-Ռուսաստանը չի մտել Եվրասիական միություն, Ռուսաստանը մտել է Մաքսային միություն, որը իր զարգացումը ստացել է Եվրասիական միության տեսքով, իսկ դրա համահիմնադրման պահին Ղրիմը Ռուսաստանի տարածքի մաս չէր:

-Այդ դեպքում, Ղարաբաղը նույնպես այս պահին չի մտնում, բայց դա հաշվի չի առնվում։

-Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը և իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը միաժամանակյա՝ նույն օրը ներկայացրեցին վերջնագիր այն մասին, որ Հայաստանը Մաքսային միություն կմտնի կամ Ղարաբաղով, կամ, առհասարակ, չի մտնի: Այն դեպքում, որ նույն Հայաստանը ո՛չ մի իրավական ակտով, ոչ մի որոշմամբ ՝ քաղաքական կամ ժողովրդական, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Իսկ Ռուսաստանը, հիմա, ճանաչում է Ղրիմը իր տարածքի մաս:

-Ձեր կարծիքով՝ այսինքն՝ կան ահռելի տարբերություննե՞ր:

- Կրկնում եմ՝ տարբերությունն այն է, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես իր մաս, բայց ցանկանում է մտնել Մաքսային միություն՝ Ղարաբաղի հետ:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Լեռնային Ղարաբաղի գոյությունը այնպիսի պայմաններում, երբ Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև կարող է մաքսային անցակետ դրվել, եթե, իհարկե, նկատի առնվեն Ադրբեջանի «մտահոգությունները» ու նաև՝ պարոն Նազարբաևի:

-Եթե Դուք եղել եք Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա, ապա տեսած կլիեք, որ այնտեղ առկա է սահմանային կետ: Տեսե՞լ եք:

-Ես բազմիցս եղել եմ, բայց չեմ տեսել, ոչ… Եթե լիներ, կարծում եմ՝ անձնագիր կստուգեին:

-Բայց կա, չէ՞, սահմանային կետ:

-Չեմ տեսել:

-Կա նման սահմանային կետ, որտեղ նստած են սահմանապահներ, և նրանց կողքին էլ կնստեն մաքսավորները և ոչ մի բան չի փոխվի:

-
Հաշվի առնելով վերը նշվածը, արդյոք հարցականի տակ չի դրվո՞ւմ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը, եթե նկատի ունենանք, որ համաձայն ոչ պաշտոնական մեկնաբանությունների, ԵՄ-ի հետ չնախաստորագրվեց Ասոցացման համաձայնագիրը հենց Ղարաբաղի անվտանգության պատճառով:

-Ոչ, ԵՄ-ի հետ նախաստորագրման հետ կապված իրավիճակը մի փոքր այլ էր: Մասնավորապես, ողջ անցած տարվա ամռանը իշխանության համար աշխատող վերլուծաբանները ու քաղաքական մեկնաբանները ակնարկում էին, նախազգուշացնում, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին  կտա հնարավորություն՝ միանալու այդ ասոցացմանը Ղարաբաղի հետ միասին: Այդ ժամանակ համացանցում տպագրվեց Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տիպային տեքստը, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին կարդալ և աչք ունեին, տեսան, որ տիպային այդ տեքստի ներածական մասում ՝ նախաբանում հստակ ասված էր՝ «տարածքային ամբողջականություն», իսկ եզրափակիչ մասերում նույնպես ուղիղ ասված էր՝«տարածքային ամբողջականություն՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Պարզվեց, որ ոչ ոք ոչ մի ղարաբաղյան երաշխիքներ չէր պատրաստվում տալ: Եվ, կրկնում եմ, չէր կարող տալ ու ամեն անգամ կկրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչում Ղարաբաղը ո՛չ որպես իր տարածքի մաս, ո՛չ որպես անկախ պետություն, որի հետ գտնվում է հատուկ հարաբերությունների մեջ: Այդ թվում նաև այն ժամանակ, երբ մոտ մեկ տարի առաջ Հայաստանում ընդունվեց օրենք, ըստ որի՝ Հայաստանն իրավունք ունի ստորագրել միջազգային համաձայնագրեր չճանաչված պետությունների հետ, սա ոչ մի շարունակություն չունեցավ: Ինչու՞, միմյանց նման հարց տանք, Հայաստանը ցանկանում է մտնել ՄՄ՝ Ղարաբաղի հետ, բայց այն չի համարում իր տարածքի մաս, առհասարակ, ոչ մի բան չի համարում:

Հիմա, եթե խոսենք այսօրվա իրավիճակի մասին. Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու համաձայանգրի տեքստը վաղուց է համաձայնեցված եղել, «Ճանապարհային քարտեզը» Հայաստանը, ինչպես երեկ չէ առաջին օրը ասում էր Վիկտոր Խրիստենկոն, Հայաստանը օրինակելի կատարել է: Եվ հանկարծ, մայիսից 29-ից երկու շաբաթ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ֆրանսիացի գործարարների հետ և ասում, որ «շատ լավ է, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն» և այլն: Անցնում է մեկ շաբաթ և մայիսի 29-ից մեկ շաբաթ առաջ անսպասելի ելույթ են ունեում Էդուարդ Շարմազանովն ու Հովիկ Աբրահամյանը, որոնք ասում են՝ «այստեղ ոմանք քննարկում են, բայց մենք ցանկանում ենք հստակ ասել, որ Հայաստանը կամ կմտնի Մաքսային միություն Ղարաբաղի հետ, կամ, առհասարակ, չի մտնի»: Մի անկեղծ հարց. այդ դեպքում ինչո՞ւ, հարգարժան պարոնա՛յք, ինչո՞ւ չէիք այդ մասին հայտնում այս բոլոր 9 ամիսներին: Ի՞նչ պատահեց: Ձեր մոտ այդ ի՞նչ անսպասելի բան կատարվեց. Սերժ Սարգսյանի՝ ֆրանսիացիների հետ հանդիպումից մեկ շաբաթ է անցնում ու Ձեր մոտ ինչ-որ բան է կատարվում:

-Իսկ ի՞նչ է կասկածում ռուսական կողմը՝ ի՞նչ կատարվեց:

- Եթե ասեի՝ ինչ եմ կասկածում, քաղաքականապես գրագետ չէր լինի: Ես տարակուսում եմ: Ես համարում եմ, որ այդ վերջնագիրը, որը Հայաստանը, վարչապետի բերանով ներկայացրել է Լուկաշենկոյին և Նազարբաևին, ուներ իր նպատակը: Հրաժարվել ստորագրումից:

 

Ամբողջական տեքստը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Անկախ

Tags: , , , ,