Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ թեժ քննարկում Հանրային խորհրդում

IMG_4287Սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը, ինչո՞վ է պատճառաբանված կիսանախագահական համակարգից խորհրդարանական  համակարգի անցնելու առաջարկությունը, ի՞նչ առավելություններ և ի՞նչ թերություններ են սպասվում կառավարման համակարգը փոխելու դեպքում. այս և այլ հարցադրումներ էր առաջ քաշել ՀՀ Հանրային խորհուրդն այսօր իր լիագումար նիստի ժամանակ, որին մասնակցում էին նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Գագիկ Հարությունյանը բավականին մանրամասն ներկայացրեց միջազգային այն զարգացումներն ու փոփոխությունենրը, որոնք առաջ են բերել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ նրա` եթե Հայաստանը համընթաց չքայլի այդ զարգացումների հետ, ապա հետևանքները կարող են խիստ բացասական լինել մեր երկրի զարգացման համար: «Այսօր արդեն Հայաստանն այդ առումով փակուղային իրավիճակում է, և երկրի դինամիկ զարգացման հնարավորությունը խաթարվում է»,-նշեց ՍԴ նախագահը:

Նա նաև նկատեց, որ երկրի նախագահի հետ պայմանավորվածություն կա, որպեսզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը լինի առանց որևէ նախապայմանի:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը կասկած չունի, որ այս ոլորտում բարեփոխումերի անհրաժեշտություն կա. «Ես ինքս` որպես ԱԺՄ նախագահ, միշտ կողմ եմ եղել խորհրդարանական համակարգին, բայց ես խոսում եմ Հայաստանի ներկա վիճակի մասին: Չնայած որ նախագահական ընտրությունների անցկացումը Հայաստանում երբեմն բերում է անկայուն իրավիճակի, սակայն դա այն ընտրությունն է, որի հետ ժողովուրդն ամենաշատ հույսերն է կապում` իր կյանքի դրական փոփոխության տեսանկյունից: Իսկ նոր Սահմանադրությամբ, եթե մարդկանց որևէ մի խումբ, որի անունն է կուսակցություն, կարողանա հաղթել Ազգային ժողովում, ապա նրան կպատկանի և՛ Նախագահը, և՛ Կառավարությունը, և՛ Ազգային ժողովը: Արդյոք դա վտանգավո՞ր չէ Հայաստանի ներկա պայմաններում»:

Վարդան Պողոսյանը խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում չբացառեց մեկ կուսակցության կենտրոնացումը, ինչը կարող է վնասել իշխանությունների բաժանմանն ու հավասարակշռված համակարգին. «Բայց արդյոք մենք ավելի վատ իրավիճակ չունե՞նք այժմ, երբ ունենք կիսանախագահական համակարգ` երկու ուղղակի ընտրություններով, ունենք կուսակցություն` բացարձակ մեծամասնությամբ խորհրդարանում և նախագահ, որը բացարձակ մեծամասնության ֆորմալ լիդերն է: Այս պարագայում արդյոք գերկենտրոնացումը շատ ավելի մեծ չէ՞, քան խորհրդարանական  համակարգի պարագայում»,-հարցրեց նա:

Պողոսյանի կարծիքով, խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում նախագահը քաղաքական դերակատարում չի ունենում, այլ դառնում է վերկուսակցական նախագահ, որի հիմնական գործառույթը  Սահմանադրության պահպանմանը հետևելն է:

Բանախոսը գտնում է, որ կիսանախագահական համակարգի ամենամեծ արատն այն է, որ թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, երբ 3 քաղաքական իշխանությունները գտնվում են մեկ քաղաքական ուժի ձեռքում:

Մանուկյանն էլ կարծում է, որ այսօր Հայաստանում կան քիչ թե շատ պայծառ դեմքեր, սակայն չկա քաղաքական էլիտա: «Մենք ունենք գորշ խմբեր, և դրա համար մարդիկ շատ անգամ հույսը կապում են պայծառ դեմքերի և ոչ թե գորշ խմբերի հետ: Տեսականորեն համաձայն լինելով ձեր դիտարկումների հետ` ես խոսում եմ մոտակա տասը տարիների մասին: Ապագայի տեսակետից, այո, ձեզ հետ լիովին համաձայն եմ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են»,-ասաց նա:

IMG_4282Գագիկ Հարությունյանի խոսքով` այսօր մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանը «էն գլխից որդեգրել է մոդելային սահմանադրության տարբերակը` Ֆրանսիայի Սահմանադրության օրինակից, սակայն վերցրել է միայն կաղապարը` բովանդակությունը թողնելով այնտեղ:

Մանուկյանը բարձրացրեց նաև ՏԻՄ-երի խնդիրը` նշելով, որ  Հայաստանի համար ֆունդամենտալ նշանակություն ունի տեղական ինքնակառավարումն ու տարածքային կառավարումը: ՀԽ անդամներն, օրինակ, առաջարկում են, որպեսզի մարզպետները լինեն ոչ թե նշանակովի, այլ ընտրվեն ժողովրդի կողմից, փոխարենը նշանակովի լինեն համայնքապետերը:

Ինչ վերաբերում է համայնքների միավորմանը, ապա ըստ ՀԽ անդամների, այստեղ նույնպես խիստ մտահոգություններ կան, քանի որ դրա հետևանքով բազմաթիվ բնակավայրեր պարզապես կարող են վերանալ, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակ նմանատիպ փորձի դեպքում:

Գագիկ Հարությունյանը նույնպես կարծում է, որ նոր փոփոխություններով պետք է բարձրացնել ՏԻՄ-երի մակարդակը, այլ ոչ թե գնալ մեխանիկական միացումների: «Եթե խոշորացում, ապա միայն հասարակական պահանջի դեպքում: Դա ժողովրդավարական ինստիտուտ է, և մենք ցանկանում ենք այդ սկզբունքը պահպանելով հանդերձ`փորձել լուծել որոշակի խնդիրներ` կապված նոր զարգացումների հետ»,-ասաց նա:

ՀԽ անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը բարձրաձայնեց դատական համակարգում տիրող վատ վիճակի մասին` նշելով, որ պետք է ուժեղացնել Առաջին ատյանի դատարանը, իսկ Վերաքննիչի ու Վճռաբեկի գործառույթները միավորել:

Գագիկ Հարությունյանն ընդունեց, որ Առաջին ատյանի դատարանում կան լրջագույն խնդիրներ և մեծ խառնաշփոթ, և որ այդ առումով պետք է համակարգային փոփոխություններ իրականացվեն:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանի կարծիքով` պետք է ստեղծել կոլեկտիվ ստեղծագործության ծրագրային պետություն, որին հավանություն կտա ժողովուրդը, իսկ ծրագրերը չկատարելու դեպքում գործի պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը:

Կարինե Դանիելյանն էլ առաջ քաշեց էկոլոգիական իրավունքի հարցերը` նշելով, որ հավասարակշռված կայուն զարգացման գաղափարը պետք է ամրագրվի Սահմանադրության մեջ, հակառակ դեպքում հետևանքները կարող են չափազանց վատ լինել:

Հանրային խորհդրի կողմից բարձրացված հարցերի մեկն էլ վերաբերում էր Հանրային խորհրդի գոյությունը Սահմանադրության մեջ ամրագրելու անհրաժեշտությանը, քանի որ դա համահունչ է ժամանակակից աշխարհում առկա գործընթացներին, երբ հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտից տեղափոխվում է հանրային դաշտ: Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանն այդ գաղափարը համարեցին խիստ դրական և կարևոր Հայաստանում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Գագիկ Հարությունյանն, ամփոփելով իր միտքը, նշեց, որ իր համար երկրորդական նշանակություն ունի, թե Հայաստանում կառավարման որ ձևը կգործի, քանի որ դա ընդամենը մեխանիզմ է, այլ ոչ նպատակ. «Նպատակը պետք է լինի իրավական, սոցիալական և ժողովրդավար պետության կայացումը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի զարգացման համար»:

Ըստ ՍԴ նախագահի` այսօր աշխարհում տեղի են ունենում այնպիսի զարգացումներ, որոնք կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար: «Ընդհանրապես այսօր աշխարհում գոյություն ունի սահմանադրական դեֆիցիտ»,-նկատեց նա,-ուստի պետք է ամրացնել պետության իմունային համակարգը, որպեսզի կարևողանանք դիմակայել այդ մարտահրավերներին:

Վազգեն Մանուկյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ սահմանադրական այս փոփոխությունների վերաբերյալ քննարկումներն էապես տարբերվում են նախորդներից, քանի որ այս դեպքում չկա պատվեր կամ անձնական շահագրգռվածություն. «Ես չեմ տեսնում որևէ պատվեր վերևից, և դա հնարավորություն է տալիս կազմակերպելու պրոֆեսիոնալ, գիտական մոտեցումներով հագեցած անկեղծ քննարկումներ»,-ասաց նա` հույս հայտնելով, որ Հանրային խորհրդի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները հաշվի կառնվեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հետագա քննարկումներում:
Անկախ

Tags: , , ,