Ստամբուլի հայտնի բուհերից Մարմարայի համալսարանում Աթաթուրքի սկզբունքներն ու հեղափոխության պատմությունը դասի ավարտական քննության մեջ Հայոց ցեղասպանության մասին ուշագրավ հարցեր են ընդգրկված եղել: Մասնավորապես ուսանողներին ուղղվել է հետևյալ հարցը՝ «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումների նպատակը ո՞րն է»: Իսկ առաջարկվող տարբերակները սրանք են եղել՝ ա) թուլացնել թուրքական պետությունը, բ)Թուրքիային հողի պահանջ ներկայացնել, գ) իրականացնել «4 T-ի պլանը» (ճանաչեցում, ճանաչում, փոխհատուցում, հող) դ) վնասել թուրքական իմիջին: Մեկ այլ հարցում էլ նշվում էր հետևյալը՝ «Ո՞ր պատմաբանն է պաշտպանում այն տեսակետը, թե հայերի նկատմամբ իրականացված տեղահանությունը նրանց բնաջնջելու նպատակ չէր հետապնդում, այդ պատճառով էլ այն չի որակվում որպես ցեղասպանություն»: Իբրև հարցի պատասխան բերված տարբերակներում նշված են եղել Բերնար Լևիսի, Թաներ Աքչամի, Հալիլ Բերքթայի և Վահագն Դադրյանի անունները: Քննական հարցերում օգտագործված են եղել «Ռուսաստանի հետ համաձայնության գալով բանակի և քաղաքացիների վրա հարձակված հայեր», «1915 թվականի տեղահանության օրենքի նպատակը ներքին անվտանգության ապահովումն ու հայրենիքի պաշտպանության ուժեղացումն էր» թուրքական ժխտողականության համար դասական արտահայտությունները:
Հարցի շուրջ «Ակօս»-ին իրենց դիտարկումներն են հայտնել Ստամբուլի համալսարանի դասախոսներից Գյուվեն Գյուրքան Օզթանը և Քլարքի համալսարանից Ումիթ Քուրթը: Մասնավորապես Օզթանը նշել, որ այս դասընթացը 1980-ականներից պարտադիր դարձավ երկրի բուհական կրթական համակարգում, ինչի պատճառներից մեկը հենց Հայկական հարցն էր: Այս դասաժամին պատերազմական շրջանին վերաբերող դասերի ժամանակ ուսանողներին ներկայացվում են հիմնականում հետևյալ թեմաները՝ Հայկական հարցը մինչև Առաջին աշխարհամարտը, Հայկական հարցը Առաջին համաշխարհայինի տարիներին, Հայկական հարցը ազատագրական պատերազմի ժամանակ և Գյումրիի համաձայանգիրը: Ումիթ Քուրթը իր հերթին մտահոգություն է հայտնել, թե վերոնշյալ համալսարանում սովորող հայազգի ուսանողները ինչ զգացողութուններ են ունեցել բախվելով նմաօրինակ հարցերի և ինչպես են պատասխաններ գտել քննությունը հաղթահարելու համար:
Tags: Հայոց ցեղասպանության ժխտում, Մարմարայի համալսարան
