Ի՞նչ կլինի հետո, եթե Իրան-«Վեցնյակ» բանակցությունները դրական հանգուցալուծում ունենան

իրան-վեցնյակԻրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև իրանական միջուկային խնդրի հետ կապված բանակցությունները շարունակվում են, և թվում է՝ հանգուցալուծումն արդեն տեսանելի է:

Հետաքրքիր է, թե հարցի դրական հանգուցալուծումն ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Եթե Իրանը մասամբ հրաժարվի միջուկային զենքի արտադրությունից, ապա դա կնպաստի, որ տարածաշրջանը խաղաղվի: Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի, ինչպես նաև «կհանդարտվի» Իսրայելը: Վերջինս թերահավատ է բանակցությունների դրական ավարտի հարցում:
Եթե Իրանի միջուկային հարցի շուրջ գերտերությունները համաձայնության գան, ապա կսկսվի տնտեսական բում՝ խորացված առևտուր Իրանի և Արևմուտքի միջև: Իրանը գազ կվաճառի Արևմուտքին՝ դառնալով աշխարհի էներգետիկ շուկայի հզոր երկրներից մեկը: Իրանի միջոցով էներգակիրները կարող են անցնել Կասպյան տարածաշրջանի արևելյան հատվածից մինչև Թուրքիա:
Իրանի միջուկային ծրագրի հարցի լուծումը և Արևմուտքի ու Իրանի միջև լավ հարաբերությունների ձևավորումը կնպաստեն, որ Իրանը, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, կարողանա ամրապնդել անվտանգությունն աֆղանական տարածաշրջանում: Այդ է պատճառը, որ իրանական խնդիրը պետք է լուծվի մինչև Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, որպեսզի Իրանը դրական դերակատարություն ունենա, ոչ թե բացասական: Դա կնպաստի, որ տարածաշրջանում վերանա լարվածությունը:
Իրանի ատոմային զենքի շուրջ հակամարտության կարգավորումը դրականորեն կանդրադառնա սիրիական և աֆղանական հակամարտությունների լուծման վրա:
Մերձավոր Արևելքին խաղաղություն ու բարգավաճում է սպասում, քանի որ իրանական խնդիրը, որը 10 տարի եղել է տարածաշրջանի առանցքային խնդիրը, լուծվելու է:
Երբ Իրանը դուրս գա շրջափակումից, մեծածավալ գազ ու նավթ վաճառելով Արևմուտքին ու Ասիային, կդառնա հզոր մրցակից և՛ Ռուսաստանի, և՛ Ամերիկայի, և՛ Ղազախստանի, և՛ Ադրբեջանի համար:
Իրանը կմտնի մեծ խաղի մեջ, և դա դրական է. Մերձավոր Արևելքում տնտեսական մրցակցություն կլինի, ոչ թե պատերազմի վտանգ:
Իրանի միջուկային ծրագրի հարցի դրական հանգուցալուծումից շահելու են Իրանի հարևան երկրներից հատկապես Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: Կբացվեն առևտրի մեծ հնարավորություններ: Հնարավոր է՝ այս երկրները դառնան տարանցիկ:
Հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները պետք է այլ հարթության վրա լուծվեն, նման հակամարտությունների հանգուցալուծման համար կարևոր է, որ համաշխարհային գերտերություններն ընդհանուր համաձայնության գան:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, այժմ Իրանին բավարարում է ստատուս-քվոն: Իրանի պաշտոնատար անձինք, իրենց ելույթներում անդրադառնալով ղարաբաղյան հարցին, բազմիցս նշել են, որ, այդ հարցի հետ կապված` Թեհրանը հատուկ ծրագիր ունի: Իրանն այդ ծրագիրը կսկսի գործի դնել, եթե առաջանա ստատուս-քվոյի փոփոխության իրական վտանգ: Իսկ վտանգ իսկապես կա, որովհետև բացի հայկական զինուժից, Թեհրանի համար որևէ այլ երկրի զինուժի ներկայությունն իր երկրի սահմանակից տարածքներում ուղղակիորեն անթույլատրելի է:
Ինչևէ, կարևորն այն է, որ իրանական միջուկային ծրագրի խնդիրը կարգավորվի և նպաստի տարածաշրջանում բոլոր հակամարտությունների հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Վիեննայում ավարտվեց Իրան-«Վեցնյակ» բանակցությունների 4-րդ փուլը: Բանակցություններն ընդհանուր առմամբ անցել են անհաջող, քանի որ կողմերը միջուկային խնդրի շուրջ չեն կարողացել շոշափելի առաջընթաց գրանցել: Նախորդ տարվա վերջին կնքված միջանկյալ համաձայնագիրը մեծ հույս էր ներշնչում, որ ի վերջո հնարավոր կլինի չեզոքացնել տարածաշրջանում տարիներ շարունակ առաջացած լարված մթնոլորտը: Կարճ ասած՝ կողմերի միջև առայժմ ոչ մի համաձայնություն չկա: Այդուհանդերձ, պետք է նշել, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը կկայանա հունիսին, իսկ մինչ հուլիսի 20-ը նախատեսվում է ստորագրել վերջնական համաձայնագիր:

Արմինե ԲԵԳԼԱՐՅԱՆ

Անկախ

Tags: , ,