«Արտագաղթն այսօր Հայաստանում պետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է, որը չտեսնելու տալ ուղղակի հնարավոր չէ», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արտագաղթի հոգեբանական պատճառներին, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
«Մենք քիչ ենք, ծերացող ազգ ենք, նույնիսկ մեկ մարդն ազգային հարստություն է և կորուստը շատ ցավալի է»,- ընդգծեց նա:
Հոգեբանը ընդգծեց, որ տեղաշարժը պատմության տարբեր փուլերում բնորոշ է եղել մարդկությանը, սակայն այսօր Հայաստանում դրա թիվը ահագնացող չափերի է հասնում:
«Կա երկու պատճառ, որն այսօր հայերին ստիպում է լքել հայրենիքը, մեկը` սոցիալ տնտեսական ծանր վիճակն է, երբ ընտանիքը քաղցած է և մարդը ուղղակի ստիպված է օրվա հաց վաստակելու համար հեռանալ: Կա նաև նույնանալու գործոնը: Եթե մյուսները գնում են, ուրեմն ինչ-որ լավ բան կա, ես էլ փորձեմ, մտածում է մարդը: Մյուսը, որր ես ավելի վտանգավոր եմ համարում, ապահով ընտանիքների հեռանալն է: Սա հիմնականում տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդն իրեն օտարված է զգում հայրենիքից, հարազատ էթնոսից», – ասաց տիկին Նալչաջյանը: Ըստ նրա` սա սպառնալիք է, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ անգամ ծայրահեղ պայմաններում մարդ ի վիճակի է հարմարվել 20 տարվա ընթացքում: Բացի այդ, կա անհատի խնդիրը. հարազատ միջավայրից հեռանալը հոգեկան ճեղվածք է առաջացնում մարդու ինքնագիտակցության մեջ: Այդպիսի մարդիկ սովորաբար ավելի ագրեսիվ են տրամադրված լինում հայրենիքի նկատմամբ:
Հոգեբանի խոսքով, երբ մարդիկ գոհ չեն լինում իշխանություններից, այդ դժգոհությունն անդրադառնում է ազգի վրա և նրանք որոշում են իրենց երկիրը լքել` մի շատ լավ երկիր գնալու հույսով. «Այսինքն` վատ տեղը թողնում են ու որոշում են գնալ մի շատ լավ տեղ, բայց այլ հարց է, թե այդ շատ լավ տեղը, հետո իրականում ինչպիսին է լինում»:
«Իմ դիտարկմամբ` որքան ժամանակը առաջ է գնում, այնքան մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր հեռնաում են երկրից խռովված, հիասթափված: Այսօր հավատի և վստահության դեֆիցիտ կա Հայաստանում», – հավելեց հոգեբանը:
Tags: արտագաղթ, Կարինե Նալչաջյան