«Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք». Ռուբեն Հակոբյան

d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a-472x265ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած միջադեպին: Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահի կողմից արված հայտարարությունը բավականին լուրջ հայտարարություն էր, որտեղ, անկախ հայտարարության տոնից ու ցինիզմից, կար հստակ վերաբերմունք պետության նկատմամբ և ոչ հարգալից վերաբերմունք Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի նկատմամբ:

«Չեմ զարմանա, եթե կարճ ժամական հետո Նազարբաևը հանդես գա և ասի, որ պետք է  այն տարածքը, որտեղ ես կամ, անցակետ լինի, և բացի այս պետությունների սահմաններից, որևէ այլ արտադրանք չմտնի Մաքսային միության տարածք: Նրա այդ քայլը արդարացված կլինի, քանի որ մենք մեզ կաշկանդել ենք»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նաև հիշեցրեց Նազարբաևի այն հայտարարությունը, որ միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը և առանձին դեպքերում ներկայացնելու է այդ երկիրը:

Ռուբեն Հակոբյանը չի կասկածում նաև, որ վաղ թե ուշ Նազարբաևը հանդես կգա առաջարկով, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մտնեն այդ կառույցի մեջ:

«Մենք այս երեք-չորս տարիների արտաքին քաղաքական դեգերումներից հետո, անկախ մեզանից, հայտնվեցինք այնտեղ, որտեղ մեզ տարան-մտցրեցին: Մեզ ասում են՝ ինչ պիտի անենք, իսկ մենք առաց նախաձեռնության ենք ներկայանում: Ես այսօր գիտեմ, որ Ղազախստանը 800 բացառություններ է ներկայացրել, Ղրղստանը, Բելառուսը՝ 200-400 բացառություն, նաև գիտեմ, որ դրանք քաղաքական և տնտեսական որոշակի համակարգ են իրենցից ներկայացնում: Ես չգիտեմ՝ Հայաստանը ներկայացրե՞լ է, կամ թույլ տալի՞ս են, որ Հայաստանը ինչ որ պայմաններ ներկայացնի: Եթե մենք այստեղ փորձում ենք հեքիաթնր հորինել, ապա Նազարբաևի նման մարդն ասում է՝ հեքիաթներին մի հավատացեք, դուք իմացեք, որ այստեղ գործելու են բոլորովին այլ խաղի կանոններ»:

Ռուբեն Հակոբյանը հորդորեց իշխանությանը հարցը լրջորեն քննարկել բոլոր քաղաքական ուժերի հետ. «Դուք շատ ավելի խելոք եք, ավելի լավն եք, բայց հավատացեք՝ սա լուրջ քննարկման հարց է, որովհետև, եթե վաղը, մյուս օրը մենք կանգնենք փաստի առաջ, կարևոր չէ՝  դուք եք մեղավոր եղել, մենք, թե քաղաքացիական հասարակությունը: Սա  լրջագույն մարտահրավեր է, և այս մարտահրավերին դիմակայելու համար իշխանությանը պետք է իմաստություն ու խելք, որը, ցավոք, այսօր չունի»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորին տեղեկացրեց, որ այսօր Հայաստանը բանակցում է բացառումների վերաբերյալ և ունի  900-1000 բացառումների ցուցակ:

 

Անկախ

Tags: , , ,