Տրետուք գյուղի բնակիչները նախագահից պահանջում են արդարության վերականգնում

IMG_4320Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի մի խումբ գյուղացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելու հունիսի 8-ին Տրետուքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Գյուղացիները ցույց տվեցին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով փաստաթուղթը, որտեղ նշված է, որ համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Երանոսյանը հաղթել է ընտրություններում. նրա օգտին քվեարկել է շուրջ 170 ընտրողներից 80-ը, իսկ հակառակորդ թեկնածուի՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանի օգտին՝ 63-ը: 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բողոքի ակցիա իրականացնողները, սակայն, Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներին էին:

Բանն այն է, որ այսօր՝ հունիսի 10-ին, ընտրության արդյունքները Ալիկ Եղիազարյանի կողմից բողոքարկվել են, և վերահաշվարկի արդյունքում ընտրության պատկերը փոխվել է. Ալիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 89 ընտրող, Հովհաննես Երանոսյանի օգտին՝ 81:

Գյուղացիները վրդովված հայտարարում էին, որ մինչև նախագահականից իրենց պահանջը բավարարող պատասխան չստանան, չեն հեռանա: Իսկ պահանջը մեկն է՝ արդարության վերականգնում: Նրանց խոսքով՝ վերահաշվարկի ժամանակ վավեր են համարվել առանց գրչի նշագրման քվեաթերթիկներ, որի արդյունքում էլ պարտված թեկնածուն մի քանի ձայնով առաջ է անցել ու ճանաչվել հաղթող: Վերահաշվարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես ներկա է եղել: Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներն իրենց հերթին են դիմում գրել՝ վերահաշվարկի արդյունքները բեկանելու նպատակով:

Տրետուքցիները Անկախ-ին հայտնեցին, որ հակառակորդ թեկնածուն՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, սակայն որոշ լրատվամիջոցների հայտնել է, թե իբր հանրապետական է: Գյուղացիները տարակուսած են՝ միգուցե հենց նոր է ճամբարը փոխել: Մինչդեռ իրենց թեկնածուն՝ Հովհաննես Երանոսյանը, իսկապես հանրապետական է և համայնքի ղեկավարի նախորդ ընտրության ժամանակ նույնպես հանդես է եկել որպես հանրապետական՝ մի քանի ձայնով ընդամենը զիջելով Ալիկ Եղիազարյանին:

«Գործող գյուղապետը նաև հին գյուղապետի՝ 30 տարվա գահակալի եղբոր որդին է: Հո ժառանգական չի՞ էդ պաշտոնը»-ասում է գյուղացիներից մեկը:

«Ընտրությունների ավարտից առաջ իրենց մարդիկ եկան, լցվեցին ընտրատեղամաս և սկսեցին աղմուկ հանել, թե իրենց քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Որտեղի՞ց նման բան իմացան, եթե ընտրությունը չէր վերջացել,-ասում է մեկ ուրիշը,-սկսեցին շանտաժ անել, չէին թողնում, որ քվեատուփը  ընտրատեղամասից հանեն, ասում էին՝ մեր թեկնածուն ա հաղթել»:

Իսկ թե ինչու է գյուղի այս հատվածը իր ձայնը որոշել տալ ոչ թե գործող գյուղապետին, այլ Հովհաննես Երանոսյանին, գյուղացիները  բացատրեցին. «Հովհաննեսը մեր գյուղացին է, մեր կողքին է ապրում, մեզ լավ աչքով է նայում, մեզ ձեռնտու է: Ալիկը գյուղում չի ապրում, կինն ու երեխան Երևանում են, ինքն էլ շաբաթվա հինգ օրն այնտեղ է, շաբաթ կիրակի էլ կողքի գյուղում՝  իր հայրական տանը: Եթե ինքը գիշերը չպիտի քնի Տրետուքում, էս ժողովրդին պաշտպանի, ինչի՞ համար է ընտրվել: Գիշերը թուրքը սարից որ իջնի, մենք իրեն չենք գտնի»,-ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները:

Նրանք նաև նշում են, որ գյուղում ցանկացած խնդրի դեպքում Հովհաննես Երանոսյանը բոլորի կողքին է. «Ինչ խնդիր, որ լինում է, մեզ աջակցում է: Երեխա է ծնվում, մարդ է հիվանդանում, ինքը բոլորին հասնում է, տանում հիվանդանոց, իր տեխնիկան է տրամադրում գյուղացիներին: Գործող գյուղապետին ոչ ոք չի էլ տեսնում: Մենակ ընտրություններից մի ամիս առաջ կարող ա գա, ամեքին մի մեշոկ պեսոկ տա կամ չտա, մի ստից բանով օգնի, խափի կամ էլ ասի՝ արի գնանք, քո համար վարկ վերցնենք»,-ասում է երիտասարդներից մեկը:

Հովհաննես Երանոսյանի կողմնակիցները նաև նշում են, որ երբ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց հակառակորդ թեկնածուն մի քանի ձայնով՝ այն էլ կասկածելի, հաղթել է, իրենք նրան շնորհավորել են. «Հիմա էլ թող ինքը մեզ շնորհավորեր, խի՞ էսքան բանը սարքեց,-տարակուսում են նրանք:

Բողոքի դուրս ելած գյուղացիներից չորսին ընդունել էին նախագահական նստավայրում: Մոտ մեկ ժամ անց նրանք վերադարձան, քիչ անց գյուղացիներին մոտեցավ նաև նախագահի վերահսկողական ծառայության նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը: Նա ասաց, որ բանավոր լսել է գյուղի բնակիչների բողոքը և հայտնել իր վերադասին: Սակայն, նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմն իրավասու չէ վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ ԿԸՀ-ն սահմանված կարգով պետք է  քննարկի համայնքի բնակիչների դիմումը, որը նրանք այսօր ներկայացրել են:

Գյուղացիները, սակայն, մտադիր չէին հեռանալ նախագահի նստավայրի մոտից: Նրանք բորբոքված հայտարարեցին, որ հարցը փակված է, քանի որ այսօր իրենց Սևանում հայտնել են բողոքարկման արդյունքների մասին, ըստ որի համայնքի ղեկավարը Ալիկ Եղիազարյանն է, իսկ վերջինս էլ արդեն գյուղում հրավառություններ է անում և իր թիմակիցների հետ տոնում իր կեղծված հաղթանակը. «Մեր իրավունքները ոտնահարվել են, մենք էստեղից չենք գնա, մինչ մեր պահանջները չբավարարվեն»,-հայտարարեց գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր Սերգեյ Քոչարյանը, որն, ի դեպ, փախստական է և այդ գյուղում է հայտնվել Ադրբեջանից բռնագաղթվելու հետևանքով,-եթե Ալիկ Եղիազարյանը կրկին դառնա գյուղապետ, մենք՝ գյուղի փախստականներս, պահանջելու ենք, որ մեզ երրորդ երկիր ուղարկեն»:

Սերգեյ Քոչարյանի խոսքով՝ գյուղապետ Ալիկ Եղիազարյանն իր 3 հեկտար հողը «ռեկետով» վերցրել է, իրեն էլ ծեծի ենթարկել. «Ես հիմա մտածում եմ՝ էս պահին իմ ընտանիքի հետ ինչ ա կատարվում, ո՞վ ա գնացել, որ վախացնի: Բոլորին վախացում են, երեխեքին ասել ենք՝ տներից դուրս չգաք»:

Գյուղացիներն ասում են, որ գյուղը բաժանվել է երկու մասի, և եթե կրկին գյուղապետ դառնա Ալիկ Եղիազարյանը, ապա իրենց լուրջ խնդիրներ են սպասվում:

 

Անկախ

Tags: , ,