Դատարանը բացահայտել է քննության զավեշտները. Ճանաչման են ներկայացվել կարտոֆիլները՝ տուժողը չի ճանաչել . Փաստինֆո

դատարանԴատարանը ճանաչել ու հռչակել է  ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (1 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 2-րդ  մասի 3–րդ կետով (7 դրվագ) մեղադրվող Ալեքսանդր Ցվերիանովի անմեղությունը և նրան արդարացրել:  Խոսքը  բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձի,  պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողության և դրա փորձի վերաբերյալ մեղադրանքի մասին է:  Ալեքսանդր  Ցվերիանովի  նկատմամբ որպես կալանավորում կիրառված խափանման միջոցը վերացվել է  և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դատական նիստերի դահլիճում: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Նշենք, որ նախկինում 5 անգամ դատապարտված, 37-ամյա  Ցվերիանովը սույն գործով արգելանքի տակ է գտնվել 2012թ.  նոյեմբերի 30–ից: Դատարանը  հանգել է  հետևության, որ նախաքննական մարմնի կողմից գործով իրականացվել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, դատավարական էական խախտումներով քննություն, որի հետևանքով բավարար ապացույցների բացակայության պայմաններում Ալեքսանդր  Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել:

Պաշտոնեական կեղծիք եւ անթույլատրելի ապացույցներ

Դատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել նաև արարքի իրավական որակման հետ կապված կոպիտ խախտում, այն է՝  բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակության հանցափորձը ՀՀ քրեական օրենսգրքի 34–177-րդ  հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետը որակել է որպես ավարտված հանցագործություն և Ա.Ցվերիանովին անհիմն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով: «Ճիշտ է, դատաքննության ավարտական փուլում, մեղադրանքի կողմը ամբաստանյալ Ա.Ցվերիանովին առաջադրված մեղադրանքը այդ դրվագով փոփոխել և բավարար ապացույցների բացակայության պայմաններում նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 34–177 հոդվածի 3-րդ  մասի 1.1 կետով՝  դատարանին չներկայացնելով նոր մեղադրանքը հիմնավորող և ոչ մի հավաստի ապացույց»,- նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:

Դատարանը վերհանել է զավեշտի հասնող խախտումներ: Այսպես, նախաքննական մարմնի որոշմամբ Անահիտ  Գրիգորյանը ճանաչվել է որպես թարգմանիչ և գործով ներգրավվել  30.11.2012թ. ,  սակայն Ցվերիանովին որոշումը հայտնվել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանվել են ավելի վաղ՝ 30.10.2012թ.: Թարգմանիչ ճանաչելու մասին նախաքննական մարմնի 30.11.2012թ.  արձանագրությամբ անհասկանալիորեն քննչական բաժին է հրավիրվել Լարիսա Վելիկյանը, ով   ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, հայոց և վրացերեն լեզվի մասնագետ է:

Դատարանի նախաձեռնությամբ որպես վկա հրավիրված թարգմանիչ Անահիտ Գրիգորյանի հարցաքննությամբ պարզվել է, ինչպես նշվում է դատավճռի վերլուծություններում,  որ վերջինս որպես թարգման ընդամենը մեկ անգամ է եղել Էրեբունու քննչական բաժնում, սակայն այդ ընթացքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովից ցուցմունքներ չեն վերցվել, քանի որ վերջինս եղել է ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում և այդ կապակցությամբ քննիչի կողմից համապատասխան տեղեկանք է կազմվել: Վկա Ա.Գրիգորյանը միաժամանակ դատարանին հայտնել է, որ 01.12.2012թ. Ալեքսանդր Ցվերիանովի որպես կասկածյալի հարցաքննության արձանագրության վերջում թարգմանչի գրառումները իր կողմից չէ կատարված և բացի նախորդ օրվա դեպքից, այլ անգամներ ինքը Էրեբունու քննչական բաժնում կամ որևէ այլ քննիչի մոտ չի եղել, այսինքն՝  կասկածյալ Ա.Ցվերիանովի հարցաքննությունն իրականացվել է թարգմանչի բացակայության պայմաններում, որը դատավարության լեզվին չտիրապետող կասկածյալ Ա.Ցվերիանովի իրավունքների էական խախտման փաստ է: Դատարանի նախաձեռնությամբ իրականացված դատաձեռագրաբանական փորձաքննության 29.11.2013թ. եզրակացությամբ չնայած փորձագետը հանգել է հետևության, որ հետազոտելի ձեռագիր գրառման և ստորագրության կարճ և պարզ կատարման, ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության պատճառով հնարավոր չէ պարզել ձեռագրի և ստորագրության պատկանելիությունը (այն Ա.Գրիգորյանի կողմից է կատարված, թե ոչ), սակայն ելնելով վկա Ա.Գրիգորյանի դատաքննական ցուցմունքից, դատարանի մոտ հիմնավոր համոզմունք է ձևավորվել, որ նախաքննական մարմնի կողմից թույլ է տրվել պաշտոնական կեղծիք:

Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված կասկածյալ Ա.Ցվերիանովի 01.12.2012թ. հարցաքննության արձանագրությունը դատարանը ճանաչել  է որպես անթույլատրելի ապացույց և հանել  ապացույցների շարքից:

Նույն հիմքով, դատարանն անթույլատրելի է ճանաչել  նաև նախաքննական մարմնի կողմից որպես ապացույց ներկայացված քննչական փորձարարություն կատարելու մասին 01.12.2012թ. արձանագրությունը, քանի որ թարգմանիչ Ա.Գրիգորյանն իրականում մասնակից չի եղել քննչական գործողությանը, սակայն որպես   «մասնակից»  ներառվել է արձանագրության մեջ: Քննչական փորձարարությանը թարգմանչի բացակայության մասին է հայտնել նաև պաշտպան Ա.Հոբոսյանը, ով դատարանում հայտարարել է, որ 2012թ.  դեկտեմբերի 1–ին նախաքննական մարմնի կողմից իր մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ողջ ընթացքում որևէ թարգման քննչական գործողությանը չի մասնակցել: «Այսինքն, դատարանն արձանագրում է, որ այս ապացույցը նույնպես նախաքննական մարմինը ձեռք է բերել քրեադատավարական օրենսդրության նորմերի կոպիտ խախտմամբ, ավելին պաշտոնեական կեղծիքի միջոցով, որը չի կարող դրվել ապացույցների շարքում»:

Նախաքննությունն իրականացվել է մեղադրական թեքումով

Թեև քրեական հետապնդում իրականացնող մարմինը  պարտավոր է ձեռնարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, սակայն նախաքննական մարմինը ամբաստանյալ Ա.Ցվերիանովի վերաբերյալ գործի նախաքննությունը կատարել է խիստ թերի և ոչ օբյեկտիվ, այն իրականացվել է բացառապես մեղադրական թեքումով և արհեստական ապացույցներ ձեռք բերելու արատավոր պրակտիկայով: 2013թվականի հունվարի 17–ին նախաքննական մարմինը կատարել է քննչական գործողություն, այն է՝ առարկաների ճանաչում  և տուժող Իզաբելլա Հարությունովային ճանաչման է ներկայացրել 1– 4 թվերով համարակալված էլեկտրական դռելի տուփեր, սակայն տուժող Ի.Հարությունովայի կողմից ճանաչվել է 2–րդ համարի տակ առկա 12 հատ պտուտակները (ինչ պտուտակների մասին է խոսքը, այդպես էլ անհասկանալի է, քանի որ տուժողին տուփեր են ճանաչման ներկայացվել, այլ ոչ թե պտուտակներ): Դատարանն արձանագրում է, որ որևէ առարկա ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը ճանաչողին նախապես հարցաքննում է այդ առարկայի նշանների, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ առարկան: Ընդ որում,  ճանաչման ենթակա առարկան ճանաչողին ներկայացվում է միատեսակ այլ առարկաների շարքում: Ճանաչողին առաջարկվում է մատնացույց անել առարկան, որը նա կարող է ճանաչել և բացատրել, թե ինքն ինչ հատկանիշներով ճանաչեց այդ առարկան:  Առարկաների ճանաչում կատարելու քննչական գործողության ընթացքում, նախաքննական մարմնի կողմից չեն պահպանվել Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները:

Նախաքննության ընթացքում նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն և կասկածյալ Ա.Ցվերիանովի մատնահետքերը համեմատվել են նախկինում կատարված և չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Համաձայն մատնադրոշմային փորձաքննության 09.01.2013թ.  եզրակացության, Ա.Ցվերիանովի մատնադրոշմները չեն համընկել նախկինում կատարված և չբացահայտված դեպքի վայրերից հայտնաբերված մատնահետքերի հետ: Գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության մեջ, նախաքննական մարմինը անտեսել է նաև այդ հանգամանքը, ինչպես նաև փորձ անգամ չի ձեռնարկել պարզելու, թե արդյոք մեկ անձը, կոնկրետ դեպքում ամբաստանյալ Ա.Ցվերիանովը ինչպես կարող էր միայնակ նկուղից ալյումինե մեծ թասեր, կաթսաներ, 70 հատ մուրաբայի բանկաներ կամ երկու պարկ կարտոֆիլ գողանալ:

Այսպիսով, դատարանի գնահատմամբ, դատաքննության ավելի քան մեկ տարվա ընթացքում, մեղադրանքի կողմը բացառապես և ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին մեղադրանքի ծավալում ներառված 16 դրվագ գողությունները ամբաստանյալ Ա.Ցվերիանովի կողմից կատարված լինելու վերաբերյալ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Tags: ,