Թուրքիա ներկրվող իրանական գազի գինը մնաց անփոփոխ

oil turkey-iranԹուրքիայի իշխանություններին  չի հաջողվել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Անկարա կատարած այցի ընթացքում լուծել Իրանից գնվող գազի գնի նվազեցման հարցը: Այդ ուղղությամբ  թուրքական իշխանություններն արդեն երկու տարի է, որ ջանքեր են գործադրում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունիսի 9-ին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա: Լրատվամիջոցները դա համարեցին պատմական այց, քանի որ վերջին 18 տարվա ընթացքում Իրանի նախագահի մակարդակով ոչ մի այց չէր կատարվել Թուրքիա:

Թուրքիան երկար էր սպասել այդ պահին, սակայն Անկարայի հույսերը չարդարացան:

Բնական գազի գնի նվազեցման հարցը քննարկումների օրակարգում էր, բայց այն մնաց չլուծված: Փաստորեն, բնական գազի սակագնի նվազեցման Թուրքիայի պահանջը չբավարավեց:

Անկարան պահանջում է, որ Թեհրանը վաճառվող բնական գազի սակագինը 32,5 տոկոսով զեղչի: Իսկ իրանական կողմը, որպես ընդառաջ քայլ, պատրաստ է միայն 10 տոկոս զեղչ կատարել: Նախատեսում է գնալ ընդամենը 10 տոկոսանոց զեղչի, այն էլ` 2020 թվականից:

Պարզաբանենք , որ Իրանից Թուրքիա տարեկան 10 մլրդ խորհանարդ մետր գազ արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է 1996-ին:

2013-ին Թուրքիան տարբեր երկրներից ներմուծել է շուրջ 38,42 մլրդ խորանարդ մետր գազ, 2012-ին` 43,09 մլրդ խորանարդ մետր:

Ներմուծվող գազի գինը պաշտոնապես չի հրապարակվում, սակայն  լրատվամիջոցները նշում են, որ իրանական գազի 1000 խորհանարդ մետրի համար  Թուրքիան վճարում է 490 դոլար:

Ուշագրավ է, որ ադրբեջանական գազի համար, որը մատակարարվում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով, Թուրքիան վճարում է 335 դոլար, իսկ ռուսական գազի համար՝ 425 դոլար:

Այսօր Թուրքիան Իրանի հետ տարեկան 10 մլրդ խորանարդ մետր գազի ներմուծման  պայմանագիր ունի, Ռուսաստանի հետ՝ 20 մլրդ խորանարդ մետրի, իսկ Ադրբեջանի հետ` 6,6 մլրդ խորանարդ մետրի:

Բացի նշված պայմանագրերից, Թուրքիան գազի պայմանագրեր է ստորագրել նաև Ալժիրի և Նիգերիայի հետ: Այս երկրներից տարեկան Թուրքիա է ներմուծվում, համապատասխանաբար, 4,4 և 1,2 մլրդ խորանարդ մետր գազ:

Հիշեցնենք, որ Թուրքիան զուգահեռ փորձում է դատական կարգով հասնել հարցի լուծմանը և պարտադրել Իրանին Թուրքիայի համար գազի համեմատաբար էժան գին սահմանել: Դատավճռի հրապարակումը սպասվում է մինչև տարեվերջ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , ,