Արցախյան նորաստեղծ բրենդը մասնակցելու է Համաեվրոպական կրթական ֆորումին

10003447_402522803225829_2040131663_nԴանիայի մայրաքաղաք Կոպենհագենում  հունիսի 20-28-ն անցկացվելիք «Համաեվրոպական կրթական բաց ֆորումին» (Euroscience open forum)  Արցախը  ևս ներկայացված կլինի «Woodpeckers»  նորաստեղծ բրենդի միջոցով:

«Woodpeckers»-ը սոցիալ-կրթական ծրագիր է, որտեղ երեխաների պատկերացումներով խաղալիքներ են պատրաստվում ՝ այսպիսով դարձնելով նրանց գործընթացի անմիջական մասնակից և ստեղծագործ ուղղորդիչներ: Իսկ խաղալիքների վաճառքից ստացված հասույթն ուղղվում է Արցախում սոցիալ-կրթական ծրագրերի իրականացմանը:

Նախաձեռնությունը լավ հարթակ է նաև Արցախի տարբեր շրջաններում ապրող տաղանդավոր մարդկանց համար, ովքեր  հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:

«Woodpeckers»-ը հրավեր է ստացել Դանիայից մասնակցելու ֆորումին՝ որպես նորարարական կրթական ծրագիր: Այնուհետև հրավերին հաջորդել են հարցազրույցի փուլերը, որոնք հաջողությամբ անցնելուց հետո համավերոպական ֆորումին նախագծի մասնակցությունը վերջնականապես հաստատվել է:

Այսպիսով, աշխարհի  շուրջ 70 երկրից ֆորումին ներկա բազմահազարանոց հանդիսատեսը կծանոթանա «Արտադրված է Արցախում» պիտակով փայտե խաղալիքների հետ:

Նորարարական  այս ծրագրի հեղինակ Աշոտ Մարգարյանը հույս հայտնեց, որ ֆորումի միջոցով Արցախն աշխարհին կներկայանա  ոչ թե որպես կոնֆլիկտային գոտի, այլ որպես կայացած  և խաղաղ պետություն, որտեղ ծնվում են  կրթության վերապատկերավորման նոր ուղիներ՝ ընդօրինակման արժանի ամբողջ աշխարհի համար:

«Woodpeckers»-ն ակնկալում է գործընկերներ ձեռք բերել ֆորումին ներկա, ինչպես հայկական Սփյուռքի, այնպես էլ եվրոպական   գործարարների շրջանակներից՝ հիմք դնելով  հետագա համագործակցությանը. «Մեր նպատակն Արցախում պատրաստվող ձեռքի աշխատանքները համաշխարհային շուկայում մեկ հզոր բրենդի անվան տակ ներկայացնելն է: Դրանով ցականանում ենք ստեղծել հարթակ բոլոր անհատ վարպետների համար, որպեսզի նրանք կարողանան  իրացնել իրենց արտադրանքը և ընդլայնել գործունեությունը: Կարևորում ենք նաև ծրագրի սոցիալ-կրթական բաղադրիչի տարածումն ու զարգացումը: Այս պահին բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ կան, որոնց վրա աշխատում ենք:»,- նշում է ծրագրի հեղինակը:

Tags: