Ազգային ժողովը դակող մարմին չէ. պատգամավորները պահանջում են հետ տանել արտահերթ կարգով խորհրդարան բերված նախագծերը

Ազգային-ժողովԿառավարության նախաձեռնությամբ քիչ առաջ խորհրդարանն սկսեց արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հանրությանը հուզող մի շարք նախագծեր:

Սակայն, ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն իրենց դժգոհությունը հայտնեցին առ այն, որ կառավարությունը վերջին պահին խորհրդարան է բերել կարևոր նախագծեր, որոնք նախապես հանրային քննարկումների չեն ենթարկվել, մասնագիտական հանձնաժողովներում չեն քննարկվել, անգամ պատգամավորների սեղաններին դրված չեն:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքի համաձայն՝ նախագիծը մշակող մարմինը պետք է կազմակերպի նախգծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց ժամկետը չի կարող 15 օրից պակաս լինել:

«Դիմում եմ Ձեզ, որպեսզի կառավարությանն առաջարկեք՝ փոփոխության ենթարկել օրակարգը և հանել այն հարցերը, որոնք չեն բավարարում օրենքի պահանջին»,-առաջարկեց Մինասյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հիշեցրեց, որ խորհրդարանը նոր է ավարտել խիստ լարված գարնանային նստաշրջանը, և հիմա կառավարության կողմից Ազգային ժողով հայեցակարգային նախագծեր բերելը և սեղմ ժամկետներում քննարկելը ոտնձգություն է օրենսդիր մարմնի նկատմամբ: «Եվ սա արվել է մի մարդու կողմից, որը միշտ խոսում էր ԱԺ դերի բարձարցման մասին»,-ասաց Զուրաբյանը՝ ի նկատի ունենալով Հովիկ Աբրահամյանին::

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը նույնպես շեշտեց, որ օրենքի կատարողը առաջին հերթին խպետք է լինի երկրի օրենսդիր մարմինը, և իրավիճակը համարեց օրենքի խախտում: «Մենք տարիներ շարունակ բարձրաձայն, դու էլ միգուցե ոչ բարձրաձայն, դժգոհել ենք այս աշխատաոճի դեմ, սակայն սա շարունակվում է»,-նշեց նա:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ միացավ գործընկերներին. «Մեր դժգոհությունն այն է, որ օրակարգում ընդգրկված նախագծերի գերակշիռ մասը չեն անցել համապատասխան քննարկումներ հանձնաժողովներում: Թող նախապես ուղարկած լինեին, մենք էլ հիմա դեմ չէինք լինի: Բայց մտնում ենք լիագումար նիստ՝ առանց մասնագիտական հանձնաժողովներում համապատասխան քննարկման: Կամա թե ակամա Ազգային ժողովը դառնում է դակող մարմին»:

Արամ Մանուկյանը խոսեց օրենքների արդյունավետության, ճիշտ, լավ օրենքներ ընդունելու անհրաժեշտության մասին: «Մենք հիմա չունենք այդ հնարավորությունը: Մոտ տասը օրենքների նախագծերի ընդհանրապես ծանոթ չենք: Կարող ենք անորակ, բռակ օրենքին կողմ սեղմել: Կառավարությանն առաջարկեք, թող հետ կանչի դրանք»:

ՕԵԿ խմակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ այս խնդիրը տարիներ ի վեր առկախված է.  «Մենք քննադատում ենք կառավարությանը, երբ հրավիրում են արտահերթ նիստեր և բերում նախագծեր, որոնց մասին մենք ոչ միայն տեղյակ չենք, այլ դրանք լուրջ քննարկման կարիք ունեն: Մենք չպետք է թույլ տզնք, որ ԱԺ-ն շրջանցվի: Ձեռագիրը, փաստորեն, կրկնվում է: Արդար չէ»,-ասաց Բիշարյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չկիսեց գործընկերների բարձրացրած մտահոգությունը: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքն ունի համապատասխան մեկնություններ արտահերթի վերաբերյալ, և որ կանոնակարգ օրենքը որևէ հակասություն չի տեսնում արտահերթի և ներկայացված նախագծերի առումով: «Մենք ողջ գարնանային նստաշրջանն ավելի շատ քաղաքականացված անցկացրեցինք, իսկ օրենսդրական աշխատանքը հետ մնաց: Բացի այդ, որևէ մեկը չի ասում՝ օրենքները չքննարկենք, քննարկելու ենք»,-ասաց Սահակյանը:

ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ ասաց, որ ընդդիմախոսների ասածը այնքան էլ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում: «Օրենքների 70 տոկոսը ձեր կողմից քննարկվել է կամ կազմում է ձեր նախընտրական ծրագրերի մի մասը: Եթե ձեր հիշողությունը կորել է, կարող եմ հիշեցնել»:

Լևոն Զուրաբյանն առաջարկեց քսան րոպես ընդմիջում՝ ԱԺ նախագահի հետ քննարկելու իրենց կողմից բարձրացրած մտահոգությունը:

Խաչատուր Քոքոբելյանն էլ առաջ բերեց էլեկտրաէներգիայի հարցի շուրջ հանրայհին դժգոհության հարցը՝ նշելով, որ ԱԺ լսումները ցույց տվեցին, որ շատ բան հասկանալի չէ այդ ոլորտում: «Առաջարկում եմ, որ ԱԺ-ն ստեղծի ժամանակավոր հանձանժողով էներգետիկայի ոլորտի ուսումնասիրությունների հետ կապված: Սա զուտ անվտանգության խնդիր է»,-ասաց նա:

Խորհրդարանը քսան րոպես ընդմիջումից հետո վերսկսեց աշխատանքը, սակայն քիչ անց կրկին ստիպված եղավ ևս քսան րոպեով ընդմիջել՝ այս անգամ արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահանջով: Բանն այն է, որ երբ ընդմիջումն ավարտվեց, ՀՀԿ-ականների մի մասը դեռևս չէր եկել դահլիճ, սակայն Գալուստ Սահակյանը, մի քիչ սպասելուց հետո ստիպված եղավ վերսկսել աշխատանքը: Ոչ իշխանական ուժերը, նկատելով, որ քվորում ապահովելու համար հանրապետականը չունի անհրաժեշտ 66 ձայնը, սկսեց չքվեարկել, ինչի հետևանքով նախագծերը սկսեցին չանցնել՝  չհավաքելով բավարար ձայներ: Դրա համար էլ Վահրամ Բաղդասարյանը շտապեց 20 րոպե ընդմիջում վերցրել։

 

 

 Անկախ

 

 

Tags: