Տուգանքների ի՞նչ նվազեցումներ և խստացումներ են սպասվում վարորդներին

RA NA session took placeԱզգային ժողովում քննարկվում է «Վարչական իրավախախտումների մասին» նախագիծը, որով առաջարկվում է նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափը:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, այս նախագծով նախատեսվում է, որպեսզի այն վարորդները, որ չնչին արագություն են խախտում, պատժվեն ավելի քիչ, իսկ նրանք, ովքեր էականորեն գերազանցում են սահմանված արագությունը, պատժվեն ավելի շատ:

Արագությունը 1-10 կմ/ժամով գերազանցելու դեպքում առաջարկվում է սահմանել 1000 դրամ տուգանք՝ յուրաքանչյուր 1 կմ/ժամ-ի համար` ներկայիս 10.000 դրամի փոխարեն:

Թույլատրելի արագությունը 11-20 կմ/ժամով գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժամ արագության համար նախատեսվող տուգանքը բազմապատկել 1500 դրամի չափով: «Եթե, օրինակ, այսօր վարորդը 81 կմ/ժամ արագությամբ երթևեկելու դեպքում 30.000 դրամի չափով է տուգանվում, ապա ներկայացվող նախագծի պայմաններում կտուգանվի 16.500 ՀՀ դրամի չափով»,-ասաց Օսիկյանը:

Լուսացույցի արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկության արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու դեպքում գործող 10 հազար դրամի տուգանքը դարձնել 5000 դրամ: Նվազեցվող իրավախախտումներից է նաև վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնների խախտումը. ներկայումս մեքենան տուգանային հրապարակ է տարվում և տուգանքի չափը կազմում է 40 հազար դրամ, այժմ առաջարկվում է կրկնակի նվազեցնել տուգանքի չափը՝ դարձնելով այն 20 հազար դրամ:

Առաջարկվում է նաև վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելու կամ կայանելու համար երթեկելի մասին ոչ զուգահեռ կայանելու համար նախատեսված 10 հազար դրամ տուգանքի չափը նվազեցնել` դարձնելով 5000 դրամ, հետիոտնի համար նախատեսված անցման վրա տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար սահմանված 20 հազար դրամ տուգանքը` 15 հազար դրամ:

Տուգանքի չափը կնվազեցվի նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար, որը ներկայումս կազմում է 5000 դրամ: «Մենք առաջարկում ենք այն դարձնել 3000 դրամ: Իհարկե, խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ունեն վկայական, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ պահին այն նրանց մոտ չէ»,-նշեց Օսիկյանը:

Իսկ վարորդական իրավունքի վկայականի բացակայության դեպքում առաջարկվում է տուգանքը ներկայիս 5000 դրամից դարձնել 10 հազար դրամ: «Եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն են վարորդների ընդունել աշխատանքի առանց վարորդական իրավունքի վկայականի, պետք է խոշոր տուգանքի ենթարկվեն՝ 50-75 հազար դրամ»,-մանրամասնեց Օսիկյանը:

Տուգանքները խստացվել են նաև արագության էական գերազանցման դեպքում. «Եթե, օրինակ, մայրուղու վրա նախատեսված է 80 կմ/ժամ արագություն, և վարորդները գերազանցում են մինչև 170-180 կմ/ժամ, սահմանվում է ամենաբարձր տուգանքը` 500 հազար դրամ: 51-80 կմ/ժամով արագությունը գերազանցելու դեպքում` 200 հազար դրամ, իսկ 31-50 կմ/ժամով գերազանցելու դեպքում` 100 հազար դրամ»,- ասաց փոխոստիկանապետը:

Մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներին 3000 դրամի փոխարեն առաջարկվում է տուգանել 5000 դրամով:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ առաջարկեց խստացնել տուգանքը, երբ վարորդները մեքենաներից իրեր են դուրս նետում` մայրուղին վերածելով աղբանոցի: Նա բարձրացրեց նաև արագությունը սահմանափակող նշանների հարցը` նշելով, որ գրված է սահմանափակող նշան, բայց թե որտեղ է այն ավարտվում, հայտնի չէ:

 

Անկախ

Tags: , ,