«Ոչ թե Աֆրիկյանների շենքն է մտել փողոցի մեջ, այլ դրա դիմաց կառուցված նորակառույցը». Սարհատ Պետրոսյան

5375f59cf0012_mediumԵրևան քաղաքի ամենայուրօրինակ կառույցներից մեկի՝ Աֆրիկյանների 130-ամյա շենքի շուրջ լարվածությունը գնալով խորանում է: «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամներն ամեն կերպ փորձում են խոչընդոտել հունիսի 17-ին սկսված ապամոնտաժման աշխատանքները: Եվ դա նրանց հաջողվում է: Նույն օրը ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, և կառույցի մոտ էին ժամանել Մշակութի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ու կառույցի ապամոնտաժման ու տեղափոխման հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը, որը նաև «Հին Երևան» նախագծի հեղինակն է:

Վերջինս պնդել է, որ շենքն ապամոնտաժելու բոլոր թույլտվությունները կան, ուստի ապամոնտաժումը պետք է շարունակվի: Ակտիվիստերը, սակայն, ներկայացված փաստաթղթերը հիմնավոր չեն համարել՝ հիշեցնելով, որ Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որով արգելվում է մշակութային հուշարձանի քանդումը կամ տեղափոխումը, բացառությամբ հատուկ դեպքի, որը, համենայնդեպս, այս դեպքը չէ:

Այսօր կրկին վերսկսվել էին ապամոնտաժման աշխատանքները, սակայն մի քանի ժամ անց՝ դադարեցվել։ Ակտիվիստների ահազանգով դեպքի վայր հասած Կարո Այվազյանը հրահանգել էր դադարեցնել աշխատանքները, քանի դեռ Մշակույթի նախարարությունից չկա ապամոնտաժման աշխատանքները սկսելու ամբողջական թույլտվություն:

Սարհատ ՊետրոսյանԱֆրիկյանների շենքի քանդման դեմ ակտիվ պայքարող երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2012 թվականին մի հետազոտության ժամանակ իրեք պարզել էին, որ 2008 թվականի հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի կողմից վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…»:

«Այսինքն, դրանով ուժը կորցրած է համարվում ՀՀ կառավարության 7.10.2004թ.-ի N 1616-Ն հավելված 2-ում նշված տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը։ Սակայն այս հարցը բոլորը բաց են թողել, ու այսօր ցանկացած շենքի տեղափոխում, եթե չի բխում դրա անմիջական պահպանությունից, չպետք է տեղի ունենա»,-ասաց նա,-երկրորդ, եթե նույնիսկ ընդունենք, որ կարելի է անտեսել, ապա հիմնավորումներն այն մասին, որ շենքը տեղափոխում են, չեն դիմանում որևէ քննադատության։ Մեկ ասվում է, որ այն տեղափոխվում է «Հին Երևանի» տարածք, որն արդեն 10 տարի է՝ չի սկսվում, և չկա որևէ երաշխիք, որ դա տեղի կունենա։ Առկա են միայն ինչ որ անհատ ճարտարապետի հաավաստիացումներ։ Քննադատության չի դիմանում նաև փողոցի լայնացման հիմնավորումը, քանի որ իրականում ոչ թե Աֆրիկյանների շենքն է մտել փողոցի մեջ, այլ դրա դիմաց կառուցված նորակառույցը»։

Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի ապամոնտաժումը Հայաստանի կողմից ստանձնած եվրոպական պարտավորությունների խախտում է՝ շենքի պահպանության ակտիվիստները նամակով դիմել են Հայաստանում եվրոապական երկրների դեսպաններին ու եվրոպական կառույցների ներկայացուցիչներին՝ նրանց ուշադրությունը  հրավիրելու հարցի վրա:

Նամակում մասնավորապես նշված է, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել խորհրդարանի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան:

«Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն՝ շենքը ենթակա էր տեղափոխման: Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում: Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը՝ մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները: Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը: Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել»,-իրենց նամակում նշել են ակտիվիստները՝ կոչ անելով եվրոպական կառույցներին հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել:

Մինչդեռ «Հին Երևան» ծրագրի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանը պնդում է, որ ակտիվիստները խոչընդոտում են իրականացնել մի ծրագիր, որի նպատակն է մայրաքաղաքի սրտում վերականգնել Հին Երևանի մի կտոր:

Ակտիվիստները չեն հավատում ծրագրի իրականացմանը՝ նշելով, որ այն երկար տարիներ է՝ քննարկվում է, սակայն դրա իրականացման համար գործուն քայլեր չեն արվում:

 

Անկախ

Tags: , , ,