Սիրիայի պատերազմին վերջ կդնի երկխոսությունը

Հարություն Սելիմյան«Սուրիայի տագնապի առաջին օրերին` սիրիահայ համայնքապետերը, հայկական կազմակերպության և միության ներկայացուցիչները համախոհաբար շարունակեցին և կշարունակեն տեր կանգնել Սիրիայի հայ համայնքին: Նրանք հերթական ժողովներով  կծրագրեն, հարաբերական աշխատանք կծավալեն և ընձեռած հնարավորություններով կփորձեն հոգալ ժողովուրդի կարիքները», – Անկախի հետ զրույցում նշել է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

 

- Պարոն Սելիմյան,  Հալեպի վիճակը կարծես շարունակում է լարված մնալ: Ինչպե՞ս է սիրիահայերի ներկա դրությունը: Հատկապես ո՞ր շրջաններն են ռմբակոծվել մայիս-հունիս ամիսներին:

- Այո, Հալեպում վիճակը դեռ լարված է: Հունիսի հենց առաջին օրը Հալեպում, մասնավորապես Նոր Գյուղում վիճակը վատացած է: Ահաբեկիչ խմբավորումների կողմը ամեն տեսակի կործանարար հրթիռներ և հրասանդներ են պայթեցնում` վնասելով խաղաղ բնակչությանը:

 

                   Վերջերս Բաշար Ալ-Ասադը համընդհանուր ներման մասին է հայտարարել: Ի՞նչի մասին է խոսքը:

 

- Համընդհանուր ներման հայտարարությունը մի քայլ է, որը կապված է նախագահ Ասադի հայտարարած շղթայի հետ: Բ. Ասադի կողմը ըստ օրենսդրական թիվ 71-ի որոշման, որն ընդգրկում է բոլոր սիրիական արաբական Հանրապետությունը, ներառում է հանդուրժողականության, ազգային միասնության, գոյակցության պահանջները:

-  Հունիսի 3-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակելուց հետո, Բ. Ասադը հրամայել է Հալեպի կենտրոնական կալանավայրից ազատ արձակել 320 բանտարկյալների: Հիմա նրանք ազատության մե՞ջ են: Ինչո՞ւ է Ասադը որոշել նրանց ազատ արձակել:

- 320 բանտարկյալ ազատ են արձակվել: Տվյալ հրամանագիրը հեռու գտնվողներին հնարավորություն տալու արդարադատություն է: Նրանց վիճակը բնորոշվեց ըստ դրույթների, ըստ որոնց` նրանք սահմանափակ թվով են հանցագործություններ կատարել, հատկապես երբ խոսքը դավաճանության, լրտեսության և ահաբեկչական հանցագործությունների մասին է: Մինչդեռ լուրջ հանցագործությունները ընդգրկվում են անպատվության և անարգ արարքների ցուցակում, որը Սիրիայի հասարակության կողմից կմերժվի: Այդ արձակման որոշումը հնարավորություն է տալիս համայնքին վերադառնալ նոր ոգով, նպաստել շինության, ստեղծագործության, վստահության, ազգային միասնության կապերի ամրապնդմանը և ուժեղացնել ապահովությունն ու կայունությունը:

- Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը ծանր վիճակում Բեյրութի հիվանդանոցում է: Ո՞րն է իրական պատճառը:

- Մուալլեմը սրտի անհանգստության պատճառով է տեղափոխվել հիվանդանոց: Նա ենթարկվել է սրտի բաց վիրահատությանն ու երակների փոփոխության:

- Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը հնարավորություն են ընձեռել օգնություն հասցնել Հալեպի Հյուսիսային հատված, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության ներքո: Կազմակերպությունների բնակիչներին մատակարարել են պարեն, հիգիենայի և այլ անհրաժեշտ պարագաներ, և 30.000 հոգու համար նախատեսված օգնությունը բաժանվել է յոթ բեռնատարում: Արդյոք հասցված օգնությունը բավարարե՞լ է բոլորին: Չէ՞ որ Սիրիայի կառավարությունը հազվադեպ է թույլ տալիս օգնություն հասցնել ընդդիմության կողմից վերահսկղվող տարածքներ:

- Սիրիայի կառավարությունը ընդդիմության հետ համաձայնաբար ամենևին էլ չի անտեսում Հալեպի Հյուսիային տարածքի սիրիահայերին և կարմիր խաչի աջակցությամբ ապահովում է տարրական կարիքների պարագաներ: Սակայն խնդիրն այն է, որ ընդդիմության հետ հնարավոր չէ մարդկային լեզվով և տրամաբանությամբ խոսել: Պետք է ընդունենք, որ Հալեպի Հյուսիսային շրջանները զինյալ խմբավորումների վերահսկողության ներքո են: Բազմաթիվ անդամներ Սիրիայի կառավարության առաքած պարենն ու այլ օգնությունները կարմիր խաչի միջոցով Հալեպի Հյուսիսային տարածք ուղարկելու պարագայում ընդդիմությունը, իրար մեջ անհաշտ լինելով, չի արտոնի, որ օգնությունը հասնի նաև այլ թաղամաս:

- Վերջին ամիսներին քանի՞ հայ է մահացել:

- 2014 թվականի մարտի, ապրիլի և մայիսի 30-ին երեք զոհ և 20 վիրավոր է գրանցվել, մայիսի վերջին օրը չորս զոհ, 15 վիրավոր, իսկ հունիսի 1-ից 17-ը` երեք զոհ և 18 վիրավոր:

- Ասում են` ջրի խնդիր կա: Ինչպե՞ս է հայ համայնքը և, առհասարակ, Սիրիայի կառավարությունը պատրաստվում օգնել տուժածներին:

- Ջրի խնդիրները կարծես երբեք չեն վերջանում: Այն տարբեր շրջաններում տարբեր է: Շրջաններ կան, որտեղ հունիսի 1-ից ջուր չի եղել, իսկ այլ վայրերում միայն շարժիչի ուժգնությամբ կարելի է ջուր ստանալ:

- Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում պատերազմի հետևանքով տուժածներին աշխատատեղերով ապահովելու և սոցիալական այլ խնդիրներ լուծելու ուղղությամբ:

- Միություններն ու կազմակերպությունները ջանում են, որպեսզի կարողանան պարենային պաշարներով և նյութական հայթայթումներով կարիքավոր ընտանիքներին ապահովել:

- Որո՞նք են առկա դժվարությունները: Եվ ինչո՞ւ հնարավոր չէ դրանք հաղթահարել:

- Առկա դժվարություններից ամենաառաջինը անապահովությունն է, մահվան դեմ հանդիման գտնվելու վիճակը, ջրի և էլեկտրականության բացակայությունը: Հաղթահարելու միջոց չկա, որովհետև պետությունն ինքը պետք է միջամտի և լուծման միջոցներ հայթայթի անմեղ ժողովուրդի համար:

- Ի վերջո, ի՞նչը կարող է Սիրիայի պատերազմական գործողությունները կանգնացնել:  

- Երկխոսությունը: Երբ կողմերը համաձայնության կանգնեն:

Ելենա Չոբանյան

Tags: ,