Իրան – Մեծ Բրիտանիա՝ երկուստեք դիվանագիտական խաղեր

iran ukԻրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ Ռավանչին Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններում դեսպանների վերադարձ կատարելու պլաններ օրակարգում դեռ չկա:

Ռավանչին ընդգծել է, որ ներկայումս Թեհրանի ու Լոնդոնի միջև հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, և օրակարգում չի նախատեսվում անդրադառնալ երկու երկրների  դեսպանների փոխանակման հարցին:

«Իրանում Շվեդիան այլևս չի ներկայացնում Մեծ Բրիտանիայի շահերը: Չնայած այն հանգամանքին, որ Լոնդոնում Իրանի դեսպանատունն արդեն իսկ վերականգնել է իր աշխատանքը, Թեհրանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը շատ ժամանակ է պահանջում ՝ աշխատանքը վերսկսելու համար»,- հավելել է Ռավանչին:

Ուշագրավ է, որ օրերս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել էր, որ հանգամանքները թույլ են տալիս խոսելու Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները վերսկսելու մասին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը ծրագրում է Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատանքները վերսկսել նույն մակարդակով, ինչպես մինչև 2011-ի նոյեմբերն էր:

Նախատեսվում է, որ Հեյգն այս ծրագրի մանրամասները կներկայացնի խորհրդարանում:

Այս ամենը կատարվում է Իրանի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման ժամանակահատվածում, քանի որ Արևմուտքն  ստիպված է դաշնակիցներ փնտրել Իրաքում թափ հավաքող սուննի զինյալների դեմ պայքարելու համար:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան Իրանում դեսպանությունը փակել էր 2011-ի վերջին, որից հետո Իրանի դիվանագետները վտարվել էին Մեծ Բրիտանիայից: Երկու պետություններն ավելի ուշ վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները, իսկ 2014-ի փետրվարին Իրանը մասամբ վերաբացել է Մեծ Բրիտանիայում իր դեսպանատունը, որպեսզի հյուպատոսական ծառայություններ մատուցի:

Վերջին ամիսներին երկու երկրների կապերը զգալիորեն բարելավվել են:

Թերևս, պատճառն Իրանում նոր առաջնորդի իշխանության գալն է, ինչպես նաև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ  միջազգային համաձայնության ձեռքբերումը:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,