Ադրբեջանը դժգոհ է Google maps-ից. Արցախն այդտեղ ներկայացված է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

2 (3)Ադրբեջանցիները վրդովվել են, որ Google որոնողական համակարգի Google maps քարտեզում Լեռնային Ղարաբաղը հայերենով նշվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս քայլն  ադրբեջանցիները որպես “սադրանք” են որակում։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայությունների կենտրոնին, հունիսի 18-ից Լեռնային Ղարաբաղը քարտեզին հայերենով նշված է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն”: Սեյսմոլոգիական ծառայությունը հայտարարում է, որ կենտրոնը իր պաշտոնական կայքերում, ինչպես նաև տարբեր երկրների սեյսմոլոգիական ծառայություններ օգտագործում են Google maps-ը։

“Միջազգային որոնողական համակարգի կողմից Ադրբեջանի Հանրապետության և նրա տարածքների հանդեպ նման սադրանքներն անհանգստություն են հարուցում։ Քարտեզի վրա նման սադրիչ փոփոխությունների իրականացման հարցը քննարկվում է կենտրոնում”,- տեղեկացրել են սեյսմոլոգիական ծառայությունից։

Նաև նշվում է, որ սա Google-ի կոսմից առաջին նման քայլը չէ։ “Նման բան տեղի էր ունեցել նաև ավելի վաղ, և միայն մեր համառության շնորհիվ հայերենով ադրբեջանական տարածքի անվանումը հանվեց քարտեզից։ Ցավոք, Google-ը պարբերաբար նման սադրանքների է դիմում”,-նշված է հայտարարության մեջ։

Tags: , ,