Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը. Սաշուր Քալաշյան

DSC09361“Մշակույթի ոլորտը այսօր ամենախոցելին է հանրապետությունում: Հաճախ ենք կորցնում հուշարձաններ կամ տեսնում, թե ինչպես են դրանք աղավաղվում: Խնդիրն այն է, որ իրողությունը կատարվում է և միայն դրանից հետո ենք տեղեկանում դեպքի մասին: Մեր երկրում նման հարցերը մեկ օրում կամ մեկ ժամում են որոշվում՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը”, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկելով Զվարթնոցի տաճարի և Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդիրները, հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը

“Բացասական եմ վերաբերում քանդել և ինչ-որ տեղ հավաքելու տարբերակին: Նման պրակտիկա չկա: Օրենքով էլ սահմանված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ երկրաշարժերի կամ բնական պայմանների պատճառով: Հուշարձանի տեղափոխումն, ըստ մեր օրենքի, անօրեն է”, – ասաց պարոն Քալաշյանը:

Այն հարցին, թե ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի՝ առանց հատուկ թույլտվության քանդման գործով դիմի իրավապահ մարմիններին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. “Եթե Մշակույթի նախարարությունը դեռևս թույլտվություն չի տվել, դա նշանակում է դեռ նախագիծ չկա, պետք է երաշխավորություն ունենա, որ պիտի ինչ-որ տեղ պահպանվի: Պատվիրատուն պիտի լուծի այդ հարցերը նախ: Ապօրինությունը մնում է ապօրինություն”:

Սաշուր Քալաշյանը ընդգծեց, որ հուշարձանների անմխիթար վիճակը ընդհանուր է Հայաստանի բոլոր քաղաքների համար:

Անդրադառնալով Զվարթնոցի տաճարում տեղի ունեցած միջադեպին` Սաշուր Քալաշյանն ասաց. «՜Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը: Եթե Զվարթնոցի պարագայում նշված լիներ, թե ինչ բնույթի միջոցառումներ են կարելի և ինչը ոչ, այսպիսի միջադեպի ականատես չէինք լինի: Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի, որ  խնջույքներն ու միջոցառումներն արգելվում են, իսկ խախտման դեպքում հսկողը տեղական ինքնակառավարման մարմինն է: Նմանատիպ միջոցառումները զբոսաշրջիկներին չպետք է խանգարեն տեսնելու հուշարձանը:  Օրենքը դա պետք է կարգավորի, միջոցառումը, գուցե, հարող տարածքում արվի, բայց ոչ բուն հուշարձանի տարածքում»:

 

Սաշուր Քալաշյանի հետ համաձայն է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նույնպես համակարծիք է, որ Երևանը կորցնում է իր դեմքը. “Արդեն կորցրել ենք Սևանի, Դվինի հյուրանոցները Երիտասարդական պալատը, սակայն դրանց փոխարեն նոր կառույցներ չեն շինվում, որպեսզի գոնե կորստի ցավը մի քիչ մեղմվեր: Գոնե մի հատված հին Երևանից պետք է պահպանել”:

Անկախ

Tags: ,