Մեկնարկում է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը

 Շահեն ՆազարենկոԱյսօր երեկոյան Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Բացման օրը համընկել է Ելն ի Վիրապեն տոնի հետ, որը խորհրդանշում է Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալը: Փառատոնի բացումը կմեկնարկի հենց Խոր Վիրապից: Անտեղից կամավորների կողմից պատրաստված 2000-ից ավելի խորհրդանշական մոմերը կտարվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա օրհնություն ստանալուց հետո կտեղափոխվեն Երևան: Մոմերը, որոնց կցված կլինեն կարճ աղթոքներ, բացման արարողության ժամանակ Կարապի լճի տարածքում գտնվող հանդիսականները կստանան որպես հուշանվեր:

 

Բացման արարողության ժամանակ կներկայացվի կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած «Մեծ Հեքիաթ» ստեղծագործությունը, որը գրվել է  հատուկ «Ֆրեսկո» փառատոնի համար

«Սա ավելի շատ քննարկման փառատոն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի կազմակերպիչներից մեկը` Շահեն Նազարենկոն: Նա պատմեց, որ փառատոնը ստացել է  մոտ 400 ֆիլմ, որից փառատոնի 17 օրերին ցուցադրելու են մոտ վեց տասնյակը: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 21 ֆիլմ, որից միայն մեկն է  հայկական արտադրության` Արա Երնջակյանի «Խավարում»-ը: Ամենաշատ ֆիլմերը ներկայացված են Ռուսաստանից: Ընտրված ֆիլմերը կցուցադրվեն ոչ միայն կինոդահլիճներում ու բացօթյա տարածությունում, այլև Հայաստանի գեղատեսիլ վայրերում` Ախթալայի և Օձունի եկեղեցիների մերձակայքում:

Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ ժյուրին չի գնահատելու մնացած փառատոնների կանոնների համաձայն`  ֆիլմերի ռեժիսորի, օպերատորի աշխատանքը, դերասանական խաղը. «Գնահատելու ենք լավագույն սեր պատգամով, լավագույն խաղաղություն քարոզող, լավագույն երկխոսություն, հանդուրժողականություն ձևավորող ֆիլմերը: Գլխավոր մրցանակը ձևակերպել ենք՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»: Խոսքը վնասված արժեքների մասին է»:

Փառատոնին կմասնակցեն բազմաթիվ օտարերկրացի կինոարտադրողներ: Նրանիցից մեկը` իտալացի ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը: «Փառատոնն առաջին հերթին ինձ գրավեց իր ինքնատիպությամբ: Քիչ կան փառատոներ, որտեղ շեշտը դրված է այն ֆիլմերի վրա, որոնք խաղաղություն, սեր, համերաշխություն են քարոզում»,- ասաց նա: Փառատոնում ներկայացված է Ջանլուկա Սոդարոյի «Աստված երկնքում է» 14 րոպեանոց ֆիլմը

Կլինի  նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված են միայն երկուսը

Մրցանակաբաշխությունը կանցկացվի  հունիսի 29-ին:

Անկախ

Tags: