Հարց է ծագում. ինչու՞ են ձգտում Ռուսաստանն ու Իրանը գործարկել Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան երկաթգիծը

Սերգեյ Շաքարյանց

“Մենք հասկանում ենք, որ Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան երկաթգծի գործարկումը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլ խիստ կարևոր ռազմավարական նշանակություն ունի գերտերությունների, մասնավորապես` Ռուսաստանի,  Իրանի համար”,-Ռուսաստան-Վրաստան-Աբխազիա-Հայաստան երկաթգծի վերագործարկման ներկա հնարավորությունների, հեռանկարների ու հետևանքների մասին այսօր լրագրողների հետ զրուցելիս նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետը նշեց, որ երկաթգծի գործարկման մասին հայտարարություններն արվում են հիմնականում Ռուսաստանի  ու Իրանի կողմից: Իսկ Վրաստանի իշխանությունները  անցյալ տարի էին շատ քննարկում այս հարցը, իսկ այս տարի դեռ հայտարարություններով հանդես չեն եկել: Ըստ Շաքարյանցի` Վրաստանը, հնարավոր է, սակայն չդիմանա Ռուսաստանի ու Իրանի ճնշմանը, քանի որ Վրաստանը տարածաշրջանում մնացել է միայնակ, վերջերս նաև կենցաղային հարցերի պատրվակով որոշ ուժեր սադրեցին վրաց-ադրբեջանական բախումները. սա իրականում կենցաղային խնդիր չէ, և ցույց է տալիս, որ Վրաստանը այլևս չի կարող ապավինել թուրք-ադրբեջանական ուժերին:

Սերգեյ Շաքարյանցը եզրակացրեց. “Եթե Ռուսաստանն ու Իրանը ճնշում գործադրեն Վրաստանի վրա, այս երկաթգծի գործարկումը օրերի հարց է: Հայաստանից Ռուսաստան և հակառակը երկաթգծերի միջոցով ապրանքաշրջանառությունն այդքան էլ մեծ չէ, սակայն հարց է ծագում. ինչու՞  են ձգտում Ռուսաստանն ու Իրանը գործարկել երկաթգիծը. նրանց պետք է շատ կայուն, հստակ աշխատող երկաթգիծ, որը բավական արագ կարող է տեղափոխել շատ մեծ քանակությամբ զրահատեխնիկա, իսկ թե ինչի համար, չեմ կարող ասել, բայց նա նշանակում է, որ նրանք իրենց հույսերը կտրել են Ադրբեջանից:

Ըստ բանախոսի` Ադրբեջանը հայտնվել է Ռուսաստանի ու Իրանի արանքում և չգիտի` ուր փախչի:  Մեծ տերությունները, հնարավոր է,  պատերազմական իրավիճակ են ապագայում կանխատեսում այս տարածաշրջանում. դա կարող է լինել Վրաստանում, Իրաքի Քուրդիստանի շրջանում, Արևմտյան Հայաստանում: Իսկ ընդհանուր առմամբ քաղաքագետը հույս ունի` այս երկաթգիծը կշահագործվի ու Հայաստանը կհայտնվի մեծ ռազմավարության մեծ բարձունքում:

Tags: , , , ,