Բյուրեղավանի գիշերօթիկի չարաշահումներն օգտագործվեցին՝ PR ակցիայի համար, իսկ անպատժելիությունն ամրապնդվում է. Փաստինֆո

24.06.20Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, բավական խիստ տոնով տեսախցիկների առաջ նկատողություն արեց տնօրենին ու սպառնաց, որ խստորեն հետևելու է, որպեսզի մեղավորները պատժվեն: Դժվար էր չհավատալ, որ ամեն ինչ շատ լուրջ է:
Ինչպես գրում է «Փաստինֆո»-ն, արդեն անցել է շուրջ 2 ամիս, ու ոստիկանությունը հայտնում է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Այս անգամ արդեն դժվար է չհավատալ, որ վարչապետի այցը, վճռական տրամադրվածությունը, նույնիսիկ զայրույթը ոչ այլ ինչ են, քան ամենապարզունակ PR ակցիա:
Մի կողմ թողնելով հարցը, թե որքանով է բարոյական գիշերօթիկ դպրոցում հայտնված երեխաների միջոցով սեփական անձը գովազդելը՝ դիտարկենք մեկ այլ` դարձյալ  բարոյական հարթության հետ աղերսներ ունեցող հանգամանք:
Վարչապետի այցից դեռ 1 ամիս առաջ էլ հասարակությանը հայտնի էր, թե ինչ է կատարվում այդ կրթական հաստատությունում:
Դեռևս ապրիլի 4-ին գիշերօթիկի մի խումբ աշխատակիցներ, այլևս ի վիճակի չլինելով հանդուրժել իրենց աշխատավայրում տիրող բարքերը, մամուլում բաց նամակ էին տարածել` բարձրաձայներով երեխաների հանդեպ գործադրվող բռնությունների, ֆինանսական ապօրինությունների, ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Մարգարյանի՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու ու որոշ պաշտոնյաների հովանավորչությունից օգտվելու վերաբերյալ:
Ավելի ուշ, պետական մարմինների անտարբերությունից զայրացած, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դպրոցում տիրող ֆինանսական հանցագործությունների մասին հաղորդում ներկայացրեցին գլխավոր դատախազին:
Ի վերջո, Օմբուդսմենը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր հերթին ներկայացնելով դպրոցում տիրող անմխիթար վիճակը։ Ընդ որում, տարածված հայտարարության մեջ ոչ միայն խոսվում էր ֆինանսական չարաշահումների, այլ նաեւ՝ երեխաների նկատմամբ կիրառված բռնությունների մասին։
«Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում դաստիարակները, որպես պատժի միջոց, երեխաներին ստիպում են կանգնած վիճակում մասնակցել դասապրոցեսին:
Կիսաբաց դռնից հետևելով պարապմունքին՝ Օմբուդսմենի ներկայացուցիչներն ականատես են եղել, թե ինչպես է ուսուցիչը գրչով հարվածում աշակերտներից մեկի մատներին և անվայել արտահայտություններով դիմում նրան:
Երեխաները վախենում են տնօրինությունից և միմյանց հետ ունեցած ընդհարումների դեպքում չեն դիմում նրանց: Բայացահայտվել են նաև սննդի պահման պայմանների խախտումներ »,- նշվում է ՄԻՊ-ի՝ ապրիլի 29-ին տարածած հայտարարության մեջ:
Նույն օրը հայտնի դարձավ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ բայց միայն ֆինասնական չարաշահումների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով։  Իսկ երկու օր հետո էլ վարչապետն այցելեց դպրոց։
Իհարկե, ասել, թե պատկան կառույցները մինչ այդ ոչ մի բան չէին արել, ճիշտ չի լինի: Իհարկե, արել էին: Ինքը` աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր այցելել դպրոց: Այլ հարց է, որ այնտեղ ոչինչ չէր տեսել: Չէր տեսել, որ տնօրենը 30 մեռած հոգի է գրացնել ու նրանց փոխարեն աշխատավարձ է ստանում, իսկ աշխատակիցները ստիպված են մի քանի հոգու աշխատանք կատարել, չէր տեսել, որ երեխաները թերսնվում են, իսկ տնօրենի որդին պետական գումարով  դպրոցի համար գնված ավտոմեքենա է վարում, էլ չասենք, որ չէր տեսել, թե ինչ խոշտանգումների են ենթարկվում երեխաները:
Եվ դարձյալ հանուն ճշմարտության ասենք, որ վարչապետի այցի PR-ն ապահովվեց պատշաճ. Ֆիլարետ Բերիկյանը, իր վատ տեսողության համար, իհարկե շատ խիստ պատժվեց` մի ամբողջ նկատողություն ստացավ: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանն էլ պատժվեց` աշխատանքից ազատվելով:
Եվ վերջ: Այսքանով ամեն ինչ ավարտվեց: Իհարկե քրեական գործով նախաքննությունն ընթանում է, սա էլ՝ թերևս հասարակական կառույցների աչքին թոզ փչելու համար:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Tags: